‘Խմբագրական. «Սերժին մերժին»: Բոլո՛րը ‘

2947

Ավելի քան 15 տարի Ղարաբաղը մշտապես համարվել է Հայաստանում իշխող, ծնունդով ղարաբաղցի պաշտոնյաների այն բաստիոնը, որը, որպես կենսական հարց դիտարկելով ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հավատացած էր, թե հենց ծագումով ղարաբաղցիները կարող են ի շահ մեզ լուծել այդ խնդիրը, և եթե դա այդպես է, ապա մյուս հարցերը մանր են ու ոչ կարևոր: Սակայն այժմ ամեն ինչ կարծես փոխվել է: Ընդ որում, ինչպես երևում է՝ անդառնալի: Համենայնդեպս, «Հայաստանի և Ղարաբաղի վիճակից» դժգոհողների թիվը Ղարաբաղում զգալիորեն ու նկատելի ընդլայնվել է՝ դուրս գալով արդեն այնտեղ մշտապես առկա, բայց հատուկենտ դժգոհողների ցանկից:

Եթե մինչ այժմ Ղարաբաղում հատուկենտ մարդիկ էին (որոնք, մյուս կողմից՝ քաղաքական գործընթացներում այդ կամ այն կերպ ներգրավված էին կամ որոշակի շահեր ունեին) դժգոհում վարվող քաղաքականությունից, ապա հիմա այդ քաղաքականությունից, Սերժ Սարգսյանի ելույթներից, հարցազրույցներից, հանդիպումներից ու այցերից, արտահայտած մտքերից դժգոհ ցիտատներ են բերում նաև քաղաքականությամբ մինչ այժմ ոչ այնքան ակտիվորեն հետաքրքրված քաղաքացիները, որոնք, պարզում է, վերջին շրջանում լավ էլ հետևում են լրահոսին և գիտեն, թե որը որից հետո է:

Ղարաբաղում անցկացրած երկու շաբաթն ինձ անակնկալի բերեց: Եթե նախկինում իմ բոլոր փաստակներին որպես հակափաստարկ ասում էին, թե «տենց բան չկա», «Սերժը գիտի՝ ինչ է անում», «էդ սաղ ձեր ընդդիմությունն ա մեղավոր», իսկ հետո էլ՝ մի որոշ ժամանակ անց էլ, միակ «հակափաստարկը» լինում էր՝ «բա չէ, ձեր Լևոնը յանի ի՞նչ ա անում», ապա այժմ մարդիկ չեն էլ սպասում, որ դու սկսես խոսակցությունն ու որևէ ոլորտում առկա տխուր իրավիճակը ներկայացնես: Զրույցը սկսում են հենց իրենք՝ խանութում աշխատողները, պետծառայողները, նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչները: Ու պարզվում է՝ իրենք արդեն բոլորից լավ գիտեն, որ երկրի վիճակը (իսկ երկիր որ ասում են՝ հասկանում են, նախ՝ Հայաստանը, ու ինքնաբերաբար՝ նաև Լեռնային Ղարաբաղը) լավ չէ: Թվեր են բերում, անօրինականությունների ու անարդարության տասնյակ օրինակներ են մատնանշում, թալանն արդեն աչք է ծակում, ու բաստիոնն արդեն նույնիսկ իր համար կենսական Ղարաբաղի հարցից դուրս՝ այլ ոլորտներում էլ է սկսել լրջագույն մարտահրավերներ տեսնել:

Եւ ի դեպ, Սերժ Սարգսյանն այդ հարցում գերազանցել է բոլորին, ու հենց նրա վարքի շնորհիվ է, որ Ղարաբաղի բնակչության աչքերը քիչ-քիչ բացվում են: Բաստիոնը կար, քանի դեռ բաստիոնի զգալի մասը վստահ էր, որ սրանք ինչ էլ անեն, ինչ էլ չանեն, բայց Ղարաբաղը չեն ուրանա, ու Ղարաբաղին չեն դավաճանի: Ու քանի դեռ նրանք վստահ էին, թե ամեն ինչ հենց այդպես էլ կա ու կլինի, Հայաստանում (ինչու չէ՝ նաև Ղարաբաղում) թալանը, անարդարությունը, կոռուպցիան, կեղծված ընտրությունները, արտագաղթը, սոցիալական մյուս խնդիրները նրանց չէին հետաքրքրում: Կար լռության ու լոյալության գուցե ոչ այնքան հիմնավորված ու տրամաբանական, բայց հստակ արդարացում: Բայց այժմ, երբ նրանք տեսան, որ բոլոր արդարացումները սպառել են իրենց, բաստիոնը դադարել է բաստիոն լինել: Ու խոսքն ամենևին էլ տեղի իշխանական փոքրաթիվ վերնախավի մասին չէ: Խոսքը, ինչպես արդեն նշեցինք, քաղաքացիների մասին է, որոնք իրենք են արդեն ասում. «գնում է (նկատի ունեն Սերժ Սարգսյանին-հեղ.) մի տեղ մի բան է ասում, հետո գալիս՝ լիովին այլ բան է ասում», «ամբողջ օրը դրսում նվաստանում է՝ մեզ էլ հետը նվաստացնելով», «սենց որ գնաց, սրա վերջն ի՞նչ պիտի լինի՝ դատարկ երկիր, իսկ դատարկ երկիրն էլ ամենից հեշտ կտան Ադրբեջանին», «երկիրը թալանում են այնպես, ասես խոսքը ոչ թե իրենց հայրենիքի կամ պետության մասին է, այլ մի խոպան տեղի, որտեղից ամենը արագ-արագ թալանում են, որովհետև երևի գիտեն, որ դրանից պիտի ազատվեն»:

Այսպիսով, ստացվում է մի ապշեցուցիչ իրողություն: Սերժին մերժել են բոլորը: Սկզբում՝ ՀՀ քաղաքացիները, հետո, կամաց-կամաց՝ մյուս՝ այն չինովնիկական խավը, որը հույս ուներ, թե նրա օրոք, ոնց էլ լինի՝ լավ կապրեն՝ նրան աջակցելու դիմաց, հետո՝ գործարար աշխարհը, ազատամարտիկները, թոշակառուները, երիտասարդները, աշխատող ու աշխատավարձ չստացող խավը, թալանվող խավը, անարդարության զոհ դարձած խավը, արտագաղթողները, և հիմա արդեն Ղարաբաղի քաղաքացիների մի զգալի մասը:

Ու հիմա պարզ չէ՝ Սերժն իրեն ո՞ւմ նախագահն է համարում, եթե նրան բոլորը, անխտի՛ր բոլորը մերժել են: Կամ համարո՞ւմ է դեռ իրեն արդյոք այդպիսին: Չէ՞ որ ինքը մեզանից լավ գիտի, թե իրեն ի՛նչ ու քանի՛ հարկանի բառերով են հիշատակում ոչ միայն Հայաստանում, այլև՝ արդեն Ղարաբաղում:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց ‘
Հաջորդ հոդվածը‘Զախարյան. «Ռոսնեֆտը» կորցրել է «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրությունը ‘