‘Խմբագրական. Սերժի «հեղափոխությունը» և հասարակության ընտրությունը’

7510

Սերժ Սարգսյանը մեծ հեղափոխական է… Այո՛, քաղաքական գործչի տոհմական դիպլոմ ունեցող, համատեղությամբ Հայաստանի թիվ մեկ ազնիվ հարկատու և նույնպես մեծ քաղաքական գործիչ, գրագիտության ռահվիրա՝ Ալեքսանդր Ազատովիչ Սարգսյանի եղբայրը, ազնիվ հարկատուների և Օքսֆորդի պրոֆեսորների կուսակցության առաջնորդ, ազատ և անկախ մամուլի հովանավոր Սերժ Ազատին նաև հեղափոխական է: Կատակը մի կողմ, ՀՀԿ խորհդի նիստում այդ կուսակցության ղեկավարի հայտնի ճառն՝ ուղղված Ծառուկյան Գագիկի դեմ (բայց իրականում, խորքային իմաստով, ամենևին էլ ոչ միայն Ծառուկյանի դեմ, որի մասին դեռ կխոսենք) ազդարարեց հեղափոխության սկիզբը Հայաստանում, ընդ որում, ոչ թե մեկ, այլ առնվազն երկու իմաստով հեղափոխության:

Անիմաստ եմ համարում այս պահին անդրադառնալ ելույթի բովանդակությանը՝ բառացի ասվածին: Բոլորին էլ պարզ է, որ եթե որևէ մեկը լուրջ ընդունի և բառացի ընկալի Սարգսյանի ասածները, ապա այդ մարդը կա՛մ պետք է ծիծաղից, կա՛մ էլ զայրութից մեռնի տեղում: Էլ չասած՝ դրան հետևած Հանրապետական ջահելների, և մի երկու առավել «անվախ» ահելների բոցաշունչ մեկնաբանությունները: Այդ ամենը հնարավոր է մեկնաբանել միայն ծաղրի ժանրով:

Քիչ թե շատ պարզ է նաև ելույթի բուն քաղաքական իմաստը՝ «պատերազմի» հայտարարություն ընդդիմադիր Եռյակին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Սարգսյանը պարզապես ստիպում է ընդդիմությանը դիմել հեղափոխական քայլերի: Բայց նախքան այդ խնդրի հետ կապված կոնկրետ երանգներից խոսելը, պարտավոր ենք հասկանալ ելույթի ոչ միայն կոնկրետ օրվա, այլև ավելի ընդհանուր քաղաքական իմաստը: Բացի այն, որ Սարգսյանը հեղափոխական իրավիճակ է սադրում ընդդիմության կողմից, չի բացառվում, որ նա նաև ինքն է հայտարարում յուրահատուկ «հեղափոխություն» վերևից: Դրա իմաստը՛ պետք է հասկանանք առաջին հերթին:

«Բարի» արքան ընդդեմ «չար» իշխանների

Ո՞րն է «հեղափոխություն վերևից» ծրագրի իմաստը: Արտաքուստ իր ելույթն ուղղելով բացառապես անձմաբ Ծառուկյանի դեմ՝ Սերժն իրականում նախաձեռնում է շատ ավելի լայն գործընթաց: Նա արշավ է սկսում ամբողջ խոշոր բիզնեսի և ամբողջ քաղաքական դաշտի դեմ: Դրա նպատակն ակնհայտ է՝ երկրում վերջնականապես հաստատել տնտեսական և քաղաքական բացարձակ մենատիրություն: Պետք է ասել, որ ցայսօր Հայաստանում նման համակարգ չի եղել: Որքան էլ մեր փաստացի հասարակարգը հեռու էր օրինականությունից կամ ժողովրդավարությունից, բայց միշտ էլ Հայաստանում եղել են համեմատաբար ինքնավար տնտեսական և քաղաքական խմբեր (պարզ է, որ լուրջ քաղաքականությունն առանց տնտեսական հիմքի վարել հնարավոր չէ): Պատահական չէ, որ իշխանական քարոզչությունը խոսում է «ֆեոդալիզմից»: Նրանք, իհարկե, բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է իրականում «ֆեոդալիզմը», բայց դրանով ուզում են ասել, թե «թագավորի» իշխանությունը բացարձակ չէ, այլ սահմանափակված է տեղական «իշխանների» կողմից: Ի դեպ, եվրոպական ֆեոդալիզմից երկու տարբեր համակարգեր զարգացան՝ անգլիական պարլամենտարիզմը, որը զարգացել և կայացել է ոչ միայն անգլիական բուրժուազիայի պայքարից, այլև անգլիական ազնվականության՝ ֆեոդալիների ազատություններից, և ֆրանսիական աբսոլյոտիզմը, որը կայացավ «թագավորի» կողմից ազնվականությանը ճնշելուց հետո: Արդյունքում ֆրանսիացիները ստիպված եղան տապալել աբսոլյոտիզմն արյունոտ հեղափոխությունների շարքի միջոցով, իսկ Անգլիան զարգացավ ավելի էվոլյուցիոն ճանապարհով, և վերածվեց առաջին համաշխարհային գերտերության:

«Հեղափոխություն վերևից» ծրագրի սխեման, ուրեմն, պարզ է՝ «բարի» թագավորը ելնում է ընդդեմ «չար» իշխաննի/իշխանների: Այս գործողության տեսական հիմնավորումը Հայաստանում վաղուց ի վեր տրվել է այսպես կոչված «միշիկական մամուլի» ֆլագմանների կողմից:

«Օլիգարխիայից» դեպի տիրանիա

Հասարակության մի մասը սկզբում ոգևորվում և ողջունում է «արքայի» գործողությունները, որովհետև վերջինս խոսում է արդարության, օրինականության դիրքերից: Բայց «արքայի» նպատակը բնականաբար օրենքն ու արդարություն չեն, այլ իշխանական և տնտեսական մենաշնորհի, միակենտրոնության վերջնական հաստատումը: Օրինակները բազմաթիվ են: Այդ սցենարն իրականացվեց Ստալինի կողմից 1936-39 թթ.-ին ՍՍՀՄ-ում՝ լիովին ոչնչացնելով սովետի իշխող վերնախավը, և տեղը բերելով իրեն ամեն ինչով պարտական երիտասարդներին: 37-ին ոչնչացվեց սովետական «օլիգարխիան», և շատերն այն ժամանակ էլ անկեղծորեն ողջունում էին, բայց արդյունքն եղավ Ստալինի քաղաքական մենատիրության բացարձակացումը: Ուշագրավ է, որ ստալինյան «հեղափոխությունը» նույնպես սկսվեց սահմանադրական փոփոխություննեին զուգընթաց, որոնք ՍՍՀՄ-ում՝ զուտ իրավականորեն, հաստատեցին ավելի «դեմոկրատական» կարգեր, քան՝ նախկինում: Նման սցենար իրականացրեց Չինաստանում Մաո Ձե Դունը 60-ականներին՝ «մշակութային հեղափոխություն» անվան տակ: Նույն քաղաքական համակարգն է Ալիևյան Ադրբեջանում, որտեղ նույնպես «օլիգարխիա», այսինքն, համեմատաբար բազմակենտրոնություն չկա: Ինչո՞ւ այդպես:

Օլիգարխիայից կա անցում երկու ուղղությամբ. կամ դեպի է՛լ ավելի բազմակենտրոն համակարագ՝ պայմանական կոչենք դա դեմոկրատիա, կամ՝ դեպի է՛լ ավելի կոնտրոնացված՝ բռնապետություն: Առաջին հայացքից վերևից իրականացվող այդքան առաջադեմ թվացող հեղափոխություններն ընթանում են հենց երկրորդ ուղով՝  օլիգարխիայից դեպի տիրանիա: Վկա բերված օրինակները: Սա՛ է իրական ընտրության հարցն այսօր, իսկ մնացածը քնարական զեղումներ են: Այս սցենարի հնարավորության մասին շատ-շատ է գրվել ընդդիմադիր մամուլում, որտեղ շատ ավելի մանրամասն և տարբեր կողմերից է բացվել թեման, այնպես, որ հիմա միայն հիշեցման կարգով և ընդհանուր գծերով ենք ներկայացնում:

Հասարակության ընտրությունը

Հարվածն, ուրեմն, ուղղված է ոչ միայն Ծառուկյանի և ԲՀԿ-ի, այլ քիչ թե շատ ինքնավար և այլընտրանքայինի հայտ ներկայացրած ցանկացած տնտեսական և քաղաքական ուժի դեմ՝ ներկայում և ավանսով՝ ապագայում: Հարցը վերաբերում է ողջ հասարակությանը: Ծառուկյանը որպես թիրախ ընտրվել է այն պատճառով, որ բացի տնտեսականից ունի նաև քաղաքական կապիտալ: Եթե ՀՀԿ առաջնորդը հաջողության հասնի ազդարարված «պատերազմում», ապա հաջորդ հարվածով նա առանց մեծ դժվարության կոչնչացնի այլ խոշոր բիզնեսմեններին, որոնք չունեն քաղաքական կառույցներ և քաղաքական դաշնակիցներ: Ոչնչացնելով քիչ թե շատ անկախ կապիտալները՝ Սերժը կարող է դեռ շատ երկար չունենալ որևէ քաղաքական խնդիր: Պետք չէ երևակայությանը զոռ տալ՝ պատկերացնելու համար նոր իրավիճակը: Բավական է հայացք գցել հետսովետական մեր հարևաններից շատերի, թեկուզ նույն Ադրբեջանի վրա՝ հասկանալու համար այսօր իրականացվող քայլերի իմաստը: Հենց այս հեռանկարից ելնելով՝ հասարակությունը պետք է կողմնորոշվի, և ամեն անհատ կամ խումբ, ճշտելով իր համար իր շահը, իրեն ձեռ տվող տարբերակը, հեռու մնալով հուզա-քնարական, «բանասիրական» զեղումներից՝ կատարի իր ընտրությունը:

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. Միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Եռյակի առաջնորդների հանդիպումը ‘