‘Խմբագրական. Սերժի պասիվության և ակտիվության ցիկլերը’

2003

Երբ ապագա պատմաբանները փորձեն ներկայացնել Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, նրանք զգալի դժվարությունների առջեւ կկանգնեն: Պատմաբանի գործը, մեծ հաշվով, շատ չի տարբերվում քաղաքական մեկնաբանի կամ վերլուծաբանի գործից՝ երկուսն էլ պետք է ներկայացնեն հասարակական իրականությունը որոշակի օրինաչափությունների, բացատրելի դրդապատճառների եւ հիմնարար միտումների լույսի ներքո, որպեսզի իրար հետեւող իրադարձությունների շղթան պարզ ժամանակագրությունից վերածվի սյուժե ունեցող պատման: Ապագա պատմաբանների եւ ներկայի վերլուծաբանների կարեւոր դժվարություններից է լինելու գտնել Սերժի կառավարման տարիների ընթացքում որեւէ ներքին իրադարձություն, քայլերի հերթականություն, որը կարելի է վերագրել երկիրը կառավարող խմբի եւ դրա առաջնորդի նախաձեռնությանը: Եթե ուշադիր նայեք, ըստ էության այդպիսի բան չկա: Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությունը հավասար է զրոյի՝ չկա որեւէ հետեւողական, ծրագրավորված գործողության հետք քաղաքական, իրավական, տնտեսական կամ որեւէ այլ ոլորտում: Կան, իհարկե, ներիշխանական ինտրիգներ, ընդդիմադիր ելույթների ճնշում, ժամանակ առ ժամանակ ակտիվացող ներքին բարեփոխումների մասին ճոռոմ խոսակցություններ, բայց իրական որեւէ քայլ եւ առավել եւս` քայլերի հերթականություն գտնելն անհնարինության աստիճան դժվար է: Չկան նույնիսկ ձեւական բարեփոխումներ նշված ոլորտներից որեւէ մեկում, չնայած զավեշտալին այն է, որ բարեփոխումներից խոսելը Սերժ Սարգսյանի քարոզչության սիրելի թեմաներից է: Այնպիսի տպավորություն է` կարծես ժամանակը կանգ է առել Հայաստանում: Չհաշված մեծածախ քաղաքական շուկայում կատարված տպավորիչ գնումները՝ գործիչների, խմբագիրների, «փորձագետների» ու վերլուծաբանների շրջանում, Սերժ Սարգսյանի վարչակարգը միայն արձագանքել է ներքին իրադարձություններին, որոնց նախաձեռնողն ինքը չի եղել երբեք: Նախաձեռնողը եղել է կամ քաղաքական ընդդիմությունը եւ հասարակության ակտիվ հատվածը, կամ` պարզապես հանգամանքները: Կողքից դիտողը կարող է նույնիսկ մտածել, որ Սերժ Սարգսյանը յուրացրել է «չգործունեության» արեւելյան ինչ-որ ուսմունք, ասենք՝ բուդիզմ, եւ պարտաճանաչ հետեւում է դրան:

Դրսում հերոս, ներսում զրո

Սրան հակառակ, արդեն հինգ տարի երկիրը կառավարող ոչընտիրի նախաձեռնողականության միակ դրսեւորումներն արտաքին ոլորտում են: Ի նպաստ ապագա պատմաբանների` կարող ենք հուշել, որ սա, թերեւս, այնքան էլ պատահական չէ, քանի որ Սերժի իշխանության աղբյուրները փաստորեն դրսում են. նա ընտրվել եւ մնացել է իր դիրքում ոչ այնքան Հայաստանի հասարակության կողմից, որքան դրսի ուժերի հովանավորության շնորհիվ: Սերժի կառավարման առաջին ժամկետի միակ իրադարձությունը, որը կարելի է գոնե ձեւականորեն վերագրել Հայաստանի իշխանության նախաձեռնությանը՝ հայ-թուրքական գործընթացն էր: Եթե կա որեւէ այլ քաղաքական քայլ, որը հնարավոր է համարել Սերժի նախաձեռություն, այլ ոչ թե արձագանք ուրիշի քայլերին, ապա խնդրում ենք հիշեցնել դրա մասին: Սերժի երկրորդ ժամկետի նմանատիպ նախաձեռնությունը, կարծես, պետք է դառնա Եվրաասոցացման պայմանագիրը, թեեւ այս խնդրում էլ բարդ է ասել, թե դա լիովին Սերժի նախաձեռնությունն է, բայց գոնե ձեւականորեն ենթադրվում է, որ ՀՀ իշխանությունը սա պետք է ներկայացնի մեր հանրությանը` որպես քաղաքական կարեւոր նախաձեռնություն եւ շրջադարձային քայլ: Իշխանության վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» մամուլն ու գործիչներն արդեն սկսել են նմանատիպ ներկայացումը. որոշ առավել անկախները հասցրել են կանխատեսել նույնիսկ Սերժի ապագա «տրիումֆն» այս քայլի արդյունքում:

Երկու ժամկետ՝ երկու նախաձեռնություն

Եվ այսպես, երկու ժամկետ՝ երկու քաղաքական նախաձեռնություն: Իրավիճակները բավականին նման են. ձմռանը Սերժն ընտրվում է նախագահ, իսկ ամառվանից ակնարկվում է նախաձեռնողական արտաքին գործընթացի սկիզբ: Երկու դեպքում էլ, եթե հարցին մոտենանք զուտ վերացական` խոսքը դրական, առաջադիմական նախաձեռնությունների մասին է: Իրոք, ո՞վ կարող է դեմ լինել, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի կամ Եվրոպային Հայաստանի ինտեգրումը խորանա: Հարցը, սակայն, այն է, որ քաղաքականության մեջ չկան եւ չեն կարող լինել վերացական լավ ու վատ, առաջադիմական եւ հետադիմական քայլեր, այլ կան եւ կարող են լինել միայն կոնկրետ իրավիճակով պայմանավորված կոնկրետ խնդիրներ եւ լուծումներ: Մեր հասարակությունն այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ չի կարող մարսել եւ շարունակում է առաջնորդվել վերացականություններով, որոնք քաղաքականության մեջ անընդունելի են եւ վտանգավոր: Չի կարող որեւէ մեկը, եթե նա մնում է քաղաքական մտածողության մեջ, ընդհանրապես կողմ կամ դեմ լինել որեւէ բանի՝ քաղաքական կողմ ու դեմը միշտ պայմանավորված է այս պահի կոնկրետ դասավորվածությամբ, միտումներով, գործոններով, առհասարակ՝ իրավիճակով: Հայ-թուրքական գործընթացը պետք է մեզ լավ օրինակ ծառայեր այդ առումով: Վերհիշենք մի քանի կարեւոր դրվագ:

«Ճիշտ» բաների «սխալ» ավարտի օրենքը

Երբ հայ-թուրքականը սկսվեց, բոլոր «լավ» եւ առաջադեմ մտածող մարդիկ շտապեցին կողմ արտահայտվել դրան: Բայց խնդիրներ կային: Ինչպես եւ այսօր` մինչեւ վերջին պահը հասարակությունից գաղտնի էր պահվում գործընթացի բովանդակությունը: Այսինքն՝ հայտարարված էր գործընթաց, նույնիսկ դրա կողմնակիցներ կային, բայց թե կոնկրետ ինչ էին բանակցում եւ ինչ էին պատրաստվում ստորագրել կողմերը` հայտնի չէր նույնիսկ ընդհանուր առմամբ: Բայց եթե հայտնի չէ կոնկրետ բովանդակությունը, պարզ չէ, թե ինչին պետք է կողմ կամ դեմ լինեն մարդիկ: Հետագայում, ինչպես հիշում ենք, գործեց, այսպես կոչված, գիշերային դիվանագիտությունը, եւ Հայաստանն արթնացավ` ստորագրած լինելով մի փաստաթուղթ, որում, ինչպես պարզվեց, հայկական կողմը համաձայնել էր ցեղասպանության հարցի շուրջ հանձնաժողովի ստեղծմանը եւ մի երկու այլ «հետաքրքիր» պահերի: Որքան էլ լավ եւ առաջադեմ քայլ համարվեր սահմանի բացումը, փաստաթղթի բովանդակությունն առավել քան մտահոգիչ դուրս եկավ, եւ նախօրոք կողմ արտահայտվել շտապողները պետք է որ անհարմար դրության մեջ ընկած լինեին, եթե, իհարկե, պատասխանատվության նվազագույն զգացում ունեցած լինեին: Բայց սա, իհարկե, ավարտը չէր: Եթե գոնե հայկական կողմի այս զիջման դիմաց սահմանն իրոք բացվե՜ր… Ո՛չ, պարզվեց` թուրքական կողմն այժմ էլ պահանջում է Ղարաբաղի հարցի լուծում սահմանի բացման հետ` մեկ փաթեթում: Իհարկե, այս կյանքում եւ աշխարհում ամեն ինչ «ջոգած» եւ «խորացած» տղերքը շտապեցին հանդես գալ վերլուծություններով, որ դա ընդամենը խաղ է, ներքին լսարանի համար է, իսկ իրականում թուրքերը սահմանը կբացեն, որովհետեւ ամբողջ աշխարհն է մեզ հետ, գնահատում է մեր «նախագի» նախաձեռնողականությունը: Բայց, ինչպես գիտենք այժմ, ոչ մի նման բան տեղի չունեցավ. պարզվեց` թուրքերն ամենայն լրջությամբ էին պահանջում Ղարաբաղի հարցի լուծում: Փայլուն, առաջադիմական գործընթացը տապալվեց: Բայց ունեցավ հետեւանքներ՝ հայ-թուրքական խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի խորացավ ու բարդացավ, հայկական կողմն առաջին անգամ պաշտոնապես համաձայնեց ցեղասպանության հարցի քննարկմանը, Ղարաբաղի խնդիրն էլ կապվեց հայ-թուրքականի հետ: Բայց սա էլ դեռ վերջը չէ: Պատմությունն ունեցավ իր հետգրությունը. Հայաստանում ռուսական բազայի ժամկետի մասին պայմանագիրը՝ Ռուսաստանից առանց դրա էլ ուժեղ մեր կախվածության ավելի խորացմամբ: Այս ամենը կարող էր լինել դասագրքային օրինակ առ այն, որ «բարի» ու «առաջադիմական» ցանկությունները, եթե հիմնված չեն կոնկրետ իրավիճակում ուժերի կշռույթի հաշվարկի վրա, կարող են ոչ միայն ձախողվել, այլեւ բերել ճիշտ հակառակ արդյունքի, քան սկզբնապես նախատեսվում էր: Բայց ավա՜ղ, շատ բանի հույս կարելի է ունենալ, բայց միայն ոչ նրա, որ մեր հասարակության ակտիվ հատվածը երբեւէ կփորձի սովորել մտածել կոնկրետ, այլ ոչ թե պիոներականով՝ «բոլոր լավ բաների կողմ լինելով»:

Պատմությունը կրկնվում է «քյալերի» համար

 Կարծես, պատմությունը կրկնվելու միտումներ ունի: Այսօր էլ ունենք Սերժի նախաձեռնած բարի եւ առաջադեմ արտաքին գործընթաց, այսօր էլ հայտնի չէ դրա կոնկրետ բովանդակությունը (համաձայնագրի տեքստը հասարակությունից գաղտնի է պահվում, չնայած` ի՞նչը կարող էր լինել ավելի դեմոկրատական, քան դեմոկրատական Եվրոպա մտնելու տեքստի դեմոկրատական ներկայացումն ու քննարկումը), բայց կան արդեն գործընթացի թունդ կողմնակիցներ, որոնց մի մասը պարզ գործակալներ են, մի մասն էլ` պիոներիկ «քյալեր», որոնք վառվռուն աչքերով միշտ պատրաստ են կողմ լինել բոլոր «ճիշտ» ու «լավ» բաների: Տեսնենք, թե ինչպիսին կլինի շարունակությունը: Հուսանք, որ արդյունքը չի լինի ռուսական բազայի ժամկետի երկարաձգումը մինչեւ Մահդիի գալուստ կամ նման մի անհամություն: 

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանի «բարձր հովանու ներքո» իրականացվող բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված’
Հաջորդ հոդվածը‘Բուսաբանական այգում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել’