‘Խմբագրական. Սերժ Գեղամյանը եւ ՀՀԿ-ն’

2491

Մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել հունիսի 20-ին Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ-ի միջոցառման՝ նիստի թե քեֆի մասին, որի ընթացքում կարճ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ՝ Սերժը գանգատվել է, թե՝ վաղը սկսելու են ինձանից պաշտպանել Հանրապետականին, Անդրանիկ Մարգարյանին եւ այլն, ինչպես որ Ղարաբաղն են ինձանից պաշտպանում, նաեւ շեշտել է, որ իշխող ուժը մեկ թիմ է, եւ նրա ներկայացուցիչները չպետք է մեկը մյուսի սխալով ուրախանան, այն էլ՝ հրապարակային: Նա նաեւ խոսել է քննադատների մասին եւ ասել, որ նրանք էլ են մեր ժողովրդի մաս, ու բերել է Գեղամյանի օրինակը, որը ժամանակին իրեն քննադատել է, իսկ այժմ իրենք միասին ճանապարհ են անցնում: Համաձայն «Հրապարակ» օրաթերթի՝ Գեղամյանին նվիրված հատվածը ձեւակերպվել է այսպես. «Երբ Գեղամյանը ժամանակին քննադատում էր ինձ, դա անում էր ուրիշներին դուր գալու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ ես պաշտպանության վատ նախարար էի, և ես դրան նորմալ էի վերաբերվում: Հակառակ դեպքում հիմա չէինք կարողանա նրա հետ միասին ճանապարհ գնալ»:

Կարծում եմ՝ մամուլի հաղորդած այս տեղեկություններին կարելի է վստահել, քանի որ դրանք տեղավորվում են ընթացիկ գործընթացների տրամաբանության մեջ, իսկ մամուլում հայտնված տեղեկություններն էլ ծաղկաձորյան հավաքի այն հատվածն են, որը հենց սերժենք էլ ուզեցել են հրապարակված համարել:

Ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել բողոքել Հանրապետականին կամ էլ Անդրանիկ Մարգարյանին իրենից պաշտպանողների դեմ, եւ ի՞նչ կապ ունի այստեղ Գեղամյանը: Փորձենք հասկանալ:

Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը խոսում է իշխող ուժի ներսում թիմային համերաշխության անհրաժեշտության մասին: Օրինակ, ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին՝ որպես ՀՀ նոր վարչապետ՝  նա ասում էր. «Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության … հետ: … Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»: Այն, որ իշխող ուժում կան ներթիմային հակասություններ, իհարկե, ոչ միայն մեծ գաղտնիք չէ, այլեւ, մեծ հաշվով՝ նորմալ է, այնքանով, որքանով որեւէ խոշոր քաղաքական ուժի մեջ չեն կարող չլինել ներքին հակասություններ: Բայց այն, որ Սերժ Սարգսյանը մի քանի ամսվա մեջ արդեն առնվազն երկրորդ անգամ շեշտում է այդ խնդիրը՝ ուշադրության արժանի է եւ չի կարող բացատրվել միայն «նորմալ է, որ հակասություններ կան» դրույթով:

Հասկանալու համար խնդիրը՝ պետք է այն դիտարկենք այս պահին զարգացող քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ: Իսկ այդ տրամաբանությունը հուշում է, որ այսօր ՀՀԿ-ի գինը Սերժ Սարգսյանի համար կրկին բարձրացել է: Երբ Սերժն ուզուրպացրեց իշխանությունը ՀՀ-ում, նա ուներ չորս խորհրդարանական ուժերի աջակցությունը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ: Իհարկե, այն ժամանակ էլ ամեն բան անամպ չէր կոալիցիայում, բայց, համենայն դեպս, Սերժի հեղինակությունն ու ուժը հերիքում էին, որ չորսն էլ մնան իր դաշտում:

Այսօր Սերժ Սարգսյանը կորցրել է բոլորին՝ բացի ՀՀԿ-ից: Թե ինչու այդպես ստացվեց՝ առանձին եւ երկար վերլուծության թեմա է. տվյալ դեպքում բավական է արձանագրել փաստը եւ շեշտել միայն, որ, համենայն դեպս, դա, բնականաբար, չի կարող վկայել Սերժի դիրքերի ուժեղացման կամ էլ նրա խոհեմ քաղաքականության մասին: Մարդը, որն իր շուրջ կարողացել է համախմբել քաղաքական դաշտի բոլոր հնոտիներն ու բեկորները, բայց, միաժամանակ, կորցրել է գրեթե բոլոր խոշոր ուժերի աջակցությունը, չի կարող հմուտ եւ հեռատես գործիչ համարվել:

ԱԺ-ի վերջին նիստերն արդեն ի ցույց են դնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը: Մեծամասնությունը խորհրդարանում կախված է մազից, ավելի ստույգ՝ մի քանի պատգամավորից: Իշխող ուժը ներկայացնող այդ մի քանի պատգամավորը կարող են իքս պահի բառացիորեն հեղափոխել քաղաքական իրավիճակը երկրում, որի արդյունքում Սերժն ինքը կհայտնվի իր կողմից այդքան սիրված քաղաքական հնոտիների շարքում: Բնական է, որ դա հասկանում են բոլորը: ՀՀԿ-ի ներսում թիմային անորոշությունն ուժեղանում է նաեւ այն պատճառով, որ պարզ չէ, թե թիմն այս պահին ինչ հեռանկարային խնդրի շուրջ պետք է համախմբվի: Բոլորն էլ տեսնում են, որ սահմանադրական բարեփոխումներին զարկ տալու Սերժի ծրագիրն առնվազն հետաձգվում է, հետեւաբար՝ անհասկանալի է մնում, թե ո՛ւմ եւ ինչի՛ համար պետք է աշխատի թիմը հեռանկարային առումով: Իսկ ՀՀԿ-ն այն ուժը չէ, որը, զգալով շեֆի թուլությունը, շարունակի 100 տոկոսանոց հավատարմություն ցուցաբերել: Բնական ու հասկանալի է այսքանից հետո, թե ինչո՛ւ է Սերժ Սարգսյանը կարեւորում կանխել նրանց, ովքեր կփորձեն իրենից պաշտպանել Հանրապետականը, ինչո՛ւ է շեշտում ներթիմային հարցերը, ինչո՛ւ է ուզում դուր գալ ՀՀԿ-ին: ՀՀԿ-ի կամ նրա մի հատվածի ընդամենը մեկ «սխալ» շարժում, եւ Սերժն իր սիրելի Գեղամյանի հետ միասին կարող է հայտնվել հուշեր գրողի կարգավիճակում: Իհարկե, նույնիսկ ՀՀԿ-ի աջակցությամբ՝ Սերժի ապագան շատ հստակ ու որոշակի չէ, բայց գոնե ձգելու հույս դեռ կա:

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հարաբերությունները երբեք չեն եղել ռոմանտիկ ու վարդագույն: Նրանց ամուսնությունը հաշվարկով ամուսնություն էր ի սկզբանե: Բայց ավելի հետաքրքիր է այն, որ Սերժը երբեք էլ չի եղել ազնիվ գործընկեր Հանրապետականի համար, որքան էլ նա այսօր խոսի բարի եւ իմաստուն առաջնորդի դիրքերից: Իշխանության ուզուրպացիայի հենց սկզբից՝ 2008-ին, Սերժը չէր խորշում հովանավորել տեղեկատվական-քարոզչական արշավներ ՀՀԿ-ի դեմ (երջանկահիշատակ «Ազատամտություն» թերթի ականջը կանչի): Ավելի ուշ՝ Հայաստանում համացանցի զարգացմանը զուգահեռ, Հանրապետականին՝ ընդհանրապես, եւ նրա առանձին գործիչներին՝ մասնավորապես, փչացնելը Հանրապետականի՛ իսկ նախագահի հովանավորյալ ԶԼՄ-ներով՝ մի ամբողջ համակարգի վերածվեց: Այդ «սուրբ» գործին լծված են տասնյակ «անկախ» լրատվամիջոցներ, որոնց «դրբի տակով», Սերժի լռելյայն համաձայնությամբ կամ ուղիղ պատվերով, անցել են ՀՀԿ շատ ու շատ աչքի ընկնող դեմքեր՝ Հովիկ Աբրահամյանից մինչեւ Տարոն Մարգարյան, Սամվել Ալեքսանյանից մինչեւ Գալուստ Սահակյան: Այնպես որ, ցանկության դեպքում՝ ՀՀԿ-ին Սերժից պաշտպանել, իհարկե, կարելի է: Այլ բան է, որ դա մեր գործը չէ, որովհետեւ եթե մարդիկ պատրաստ են հանդուրժել այդպիսի ստորացուցիչ իրավիճակ եւ շարունակել անձնուրաց ծառայել շեֆին, ապա դա իրենց խնդիրն է, այլ ոչ թե մեր:

Այս իմաստով պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հիշատակում է Գեղամյանին: Գեղամյանը Սերժ Սարգսյանի յուրահատուկ իդեալն է եւ նրա քաղաքականության կարեւոր առանձնահատկությունները հասկանալու բանալին: Գեղամյանի անունը վաղուց քաղաքական հայհոյանք է դարձել, բայց Սերժի համար նա արժանի գործընկեր է: Ո՞վ է Գեղամյանը: Թեեւ բոլորը դա գիտեն, բայց արժե հիշեցնել մի երկու կարեւոր կետ:

2003-ին Գեղամյանը նախագահի ընդդիմադիր թեկնածու էր, որն ամենից արմատական եւ, կարելի է ասել՝ նիհիլիստական կերպով էր քննադատում իշխանությանը: Նրա ժխտողական, նույնիսկ՝ ընդդիմադիր հայացքների տեր մարդու համար իրականում անդուր, գռեհիկ, բայց, ուշադիր լինելու դեպքում՝ նաեւ անբովանդակ քննադատության ֆոնին՝ նույնիսկ Ս. Դեմիրճյանը թվում էր ավելի չափավոր: Բայց սրանք խոսքեր էին, իսկ գործնականում Գեղամյանի դերն ընտրություններում այն էր, որ երկրորդ փուլում նա հրաժարվեց պաշտպանել ընդդիմադիր հիմնական թեկնածուին, որով եւ մեծապես նպաստեց իշխանության հաղթանակին: 2008-ին արդեն իր թափը զգալիորեն կորցրած Գեղամյանը, որպես նախագահի թեկնածու, թեեւ շարունակում էր ընդդիմություն խաղալ, բայց այլեւս միայն երկրորդական դեր էր խաղում՝ օժանդակելով Հայաստանի անկախության առաջին տարիները վարկաբեկելու իշխանական քարոզչությանը: Սովորաբար՝ նման մարդկանցից խորշում են նույնիսկ նրանց օգտագործողները: Բայց Սերժն այդպիսին չէ: Պետք է արժանին մատուցել նրան՝ նա տեր է կանգնում իրեն կեղտոտ ծառայություններ մատուցողներին: Ուշագրավ է, որ Սերժը դա անում է իրեն ոչ թե տակից, ոչ թե ուրիշի դավաճանելով, այլ բաց եւ հրապարակայնորեն հավատարիմ թիմի հաշվին: Դժվար է պատկերացնել ավելի մեծ ստորացում Աշոտ Նավասարդյանի հիմնադրած, Վազգեն Սարգսյանի կողմից ղեկավարված, այլախոհական ԱՄԿ ժառանգորդներից մեկը հանդիսացող ՀՀԿ-ի համար, քան Գեղամյանի եւ նմանների պատգամավոր դառնալն այդ կուսակցության ցուցակով: Իհարկե, ՀՀԿ-ն դրանով չէր, որ պիտի փչանար առաջին անգամ, բայց նույնիսկ ցինիզմի հասցված քաղաքական պրագմատիզմը սահման ունի:

Եվ ահա, ՀՀԿ քեֆ-նիստին Սերժը, որպես դրական օրինակ, հիշատակում է հենց Գեղամյանին: Նա ասում է, թե՝ Գեղամյանն ինձ քննադատում էր, որպեսզի այլոց դուր գար, իսկ ես դա թեթեւ էի տանում, դրա համար էլ այսօր միասին ենք: Սերժն, իհարկե, այստեղ կեղծում է: Նա ամենեւին էլ հանուն հանդուրժողականության եւ լայնախոհության չէ, որ հանդուրժում է գեղամյանատիպ քննադատությունը: Նա գիտի, որ իրեն քննադատելը կարող է դուր գալ, հասարակական շահույթներ բերել քննադատողին: Եվ ահա, նա պատրաստ է հասարակության բացասական տրամադրությունն իր նկատմամբ եւս օգտագործել իր օգտին` հովանավորելով գեղամյաններին: Սա, տվյալ դեպքում, չեմ գրում մեղադրելու կամ արադարացնելու, այլ փաստն արձանագրելու համար. մեծ հաշվով՝ հասարակությունն ինքն էլ է մեղավոր, երբ թույլ է տալիս, որ իրեն խաբեն այս բավականին պարզունակ հնարով՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ բազում անգամներ:

Ուզուրպացնելով իշխանությունը՝ Սերժը գեղամյանականությունը վերածեց համակարգի: Այժմ արդեն ոչ թե մեկ, այլ տարբեր տրամաչափի մի ամբողջ խումբ գեղամյաններ, տարբեր ոլորտներում, կատարելագործված տեխնոլոգիաներով ծառայություններ են մատուցում իշխանությանը: Նրանք քննադատում են «դուր գալու համար», բայց, միաժամանակ, չեն մոռանում անձնուրաց պայքարել բոլոր այն ուժերի դեմ, որոնք իրական վտանգ են Սերժի իշխանության համար` շարունակելով Գեղամյանի երրորդ` «չեզոք» գիծը, եւ երկու ճակատներով «պայքարը»:

Սերժի իրական թիմը հե՛նց Գեղամյանն ու գեղամյաններն են, այլ ոչ թե որեւէ խոշոր քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀՀԿ-ն: Հե՛նց գեղամյանների հետ է Սերժն ազնիվ գործընկերություն անում, որի պատճառով էլ, կորցնելով բոլորին, կարողանում է համախմբել մարդկային եւ քաղաքական «գեղամյան» տիպը: Ավելին, Սերժն ինքը յուրահատուկ գեղամյան է եւ գեղամյանականություն է անում իր պաշտոնական քաղաքական թիմի նկատմամբ` կեղծելով իր խոսքը, անկեղծություն խաղալով, բայց թիկունքից հարվածելով: Սերժն ինքն է սիրում ընդդիմություն խաղալ, նույնիսկ ժամանակ առ ժամանակ հեղափոխական ճառեր օգտագործել, քննադատական խոսքը նմանակել, շահարկել հասարակական դժգոհությունը …. իշխանության դեմ, իշխող ուժի դեմ: Բայց սա մի ռազմավարություն է, որը, ժամանակավոր քաղաքական շահույթներ բերելով հանդերձ, ի վերջո՝ հանգեցնելու է Սերժի քաղաքական ձախողմանը, որի սահմանին նա արդեն մոտեցել է:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ֆիննախ. 2014 թ. կուտակային կենսաթոշակները վերադարձնելու աղբյուրներ չկան, փողերն ուղղվել են Ղրիմին ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները Տիգրան Սարգսյանին ուղարկում են Ա՞ՄՆ. Հրապարակ’