‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ճակատամարտից առաջ. զորավար՝ առանց բանակի՞’

2333

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 6–ի ելույթում կարելի է առանձնացնել ուշադրության արժանի երկու մեծ հատված՝ մեկը ՀՀԿ թիմին ուղղված մոբիլիզացիոն կոչ կարող ենք կոչել, մյուսը վերաբերում է սահմանադրական  փոփոխություններին: Սկսենք առաջինից՝ ՀՀԿ-ին հասցեագրված Սերժի ուղերձից: Նախ՝ մի քանի ընդարձակ մեջբերում նրանց համար, ովքեր հասկանալի պաճառներով հավես չեն արել ելույթն ամբողջությամբ կարդալ կամ լսել:

«Հարգելի գործընկերներ, մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան, և ինչպես ընդունված է քաղաքականության մեջ՝ մենք սկսում ենք քաղաքական նոր սեզոն: …

Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: ….

….ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է….:

Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան:….

Մեր խորհրդի, խորհրդարանական մեր խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է ամեն օր աշխատանքի գա այն մտադրությամբ, որ պետք է, անպայման, օգնի կառավարությանը, որ իր հնարավորությունների սահմաններում պարտավոր է օժանդակել կառավարության գործունեությանը, նպաստել որևէ ծրագրի իրականացմանը, հանդես գա որևէ նոր լավ նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում, մենք լավ արդյունքներ ունենալ չենք կարող: Եվ ինչպես պայմանավորվել ենք, պարո՛ն վարչապետ, կառավարությունն էլ իր հերթին շատ ուշադիր պետք է լինի մեր պատգամավորների, խորհրդի անդամների առաջարկությունների նկատմամբ: Մենք պետք է աշխատենք միասին, որովհետև այլ ճանապարհ չկա:….

Մենք խորհրդով հաստատել ենք պատգամավորների ցուցակը, այնուհետև խորհրդարանական ընտրություններում ստացել ենք մեծամասնություն, որից հետո այդ մեծամասնությունն ընտրել է կառավարություն և, ինչպես տեսնում եք, մենք բոլորս փոխշաղկապված ենք:»

Տեսնում ենք, որ այս հատվածն, իր ամբողջության մեջ իրոք ոչ այլ ինչ է, քան թիմակիցների մոբիլիզացիայի կոչ: Ուղերձի մոբիլիզացիոն բնույթը հավելյալ շեշտվում է հեղինակի կողմից օգտագործված ռազմական փոխաբերություններով՝ ՀՀԿ թիմի անդամները խորհրդարանում համեմատվում են խրամատում գտնվող զինվորների հետ, որոնք պարտավոր են պահել դիրքերը եւ «կրակել»: Սարգսյանը հիմնավորում է այս կոչն «իրավիճակով, որ այսօր ստեղծվել է», բայց չի բացատրում , թե դա ի՛նչ իրավիճակ է եւ ինչո՛վ է տարբերվում նախկինից՝ ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ հավաքվածներին առանց այդ էլ պարզ է, թե ինչի մասին է խոսքը:

Տոտալ մոբիլիզացիայի կոչ

Բնական է, որ խորհրդարանական առօրյա աշխատանքը, օրենսդիր գործունեությունը, որոնց հղում է Սերժ Սարգսյանը, չեն կարող իրական հիմք հանդիսանալ ռազմական բառապաշարից փոխառված ճարտասանությամբ մոբիլիզացիոն այն կոչերին, որոնք ուղղում է Հանրապետականի առաջնորդն իր թիմակիցներին: ՀՀԿ խմբակցությունը տարիներ շարունակ հոյակապ «յոլա է գնացել» առանց «անձնական խնդիրները» մի կողմ դնելու եւ առանց ԱԺ-ն՝ ռազմաճակատի, իսկ քվեարկությունն ու ելույթը՝ «կրակոցի» հետ նույնացնելու: Իրական խնդիրն, ուրեմն, քաղաքական է, քաղաքական «այսօրվա իրավիճակն է» եւ «քաղաքական նոր սեզոնը»: Ինչպես երեւում է Սերժի ելույթի հիմնական ուղերձից, նա այդ իրավիճակը գնահատում է որպես վճռական ճակատամարտի շրջան, եւ համապատասխան դիմում է անում իր «զինվորներին»՝ լինել զգոն, անձնազոհ եւ միասնական: Այլ հարց է, իհարկե, թե ՀՀԿ-ի պես յուրահատուկ, բազմաշերտ կառույցի «զինվորներին», «սերժանտներին» եւ «սպաներին» այս տիպի կոչերն իրականում մոբիլիզացնելո՞ւ են, թե՞ հակառակը՝ ստիպելու են լինել զգույշ, շրջահայաց եւ ցանկացած պահի ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու մասին մտորելու:

Բացի իրավիճակի ընդհանուր գնահատականից՝ որպես «ճակատամարտային», Սերժ Սարգսյանը իր խոսքում փաստացի քողազերծում է նաեւ որոշ մարտավարական պահեր, որոնք անհանգստացնում են իրեն՝ որպես մարտնչող բանակներից մեկի «զորավարի»:

Միջնաբերդը վտանգված է

Նախ՝ շեշտելով, որ ԱԺ աշխատաքներին բացակայելն անթույլատրելի է եւ նույնանում է խրամատը լքելուն, եւ կոչ անելով մասնակցել բոլոր նիստերին՝ քվեարկելով այնպես, որ «մեր ծրագրերն իրականան», Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախորդ «քաղաքական սեզոնների»՝ «այս իրավիճակում» ինքը լուրջ քաղաքական խնդիր ունի նաեւ ԱԺ-ում: Խորհրդարանում իշխանամետ մեծամասնություն ունենալն այլեւս խնդրահարույց է եւ իրավիճակի զարգացման դեպքում կարող է մազից կախված համարվել: Բայց նույնիսկ առանց զարգացման էլ Սերժին անհրաժեշտ որոշումներն ԱԺ-ում անցկացնելու համար պետք է արդեն ՀՀԿ տոտալ մոբիլիզացիա: Սերժի գլխավորած իշխող խումբն, այսպիսով, նմանվում է մի պետության, որը նախկին ճակատամարտերի ընթացքում կորցրել է իր զինուժի եւ ռեսուրսների զգալի մասը եւ այժմ ստիպված է արդեն վերջին ուժերը հավաքագրելու նպատակ հետապնդող տոտալ մոբիլիզացիա հայտարարել:

Ընդ որում՝ խոսքը տվյալ դեպքում նաեւ լուրջ տարածքային կորուստների մասին է, քանի որ մոբիլիզացիան հայտարարվում է այնպիսի՛ տարածքի պաշտպանության համար, որը նախկինում գտնվել է մոբիլիզացիա հայտարարող կողմի անվիճելի վերահսկողության տակ՝ ճակատից հեռու խորը թիկունքում: Այժմ ճակատի գիծը տեղափոխվել է նաեւ այդ՝ նախկինում ապահով միջնաբերդ: Պարզ է, որ երբ ՀՀԿ ցուցակի մեջ Սարգսյանն ընդգրկում էր խոշոր բիզնեսմենների կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ե՛ւ նա, ե՛ւ «ցուցակիստներն» ու մյուս հանրապետականները շատ լավ գիտեին, որ այդ մարդիկ ԱԺ նիստերին ամենօրյա ռեժիմով չեն պատրաստվում մասնակցել, ոչ էլ խորհրդարանը դառնալու է նրանց գործունեության հիմնական վայրը: Այժմ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ առաջվա ապահով ժամանակներն անցել են, եւ պետք է կռիվ տալ՝ հանուն ընդհանուր շահերի: Բայց արդյո՞ք ՀՀԿ-ում բոլորը համաձայն են, որ առաջիկա կռվին ակտիվ մասնակցելը ոչ միայն Սերժի, այլեւ հենց անձամբ իրե՛նց շահն է: Ինչպես ցույց է տալիս Սերժի ելույթի հետագա ընթացքը, նա լուրջ կասկածներ ունի այս առթիվ: Այդ լուրջ կասկածների ցուցիչը միասնականության կոչերն են, որոնք նա շեշտում է իր խոսքում:

Скованные одной цепью? (Մեկ շթղայով շղթայվա՞ծ)

Նախ՝ նա կոչ է անում ՀՀԿ խմբակցությանն ու ՀՀԿ խորհրդի անդամներին ամեն ինչում աջակցել կառավարությանը, եւ հակառակը՝ կառավարությունը պետք է ուշադիր լինի հանրապետականների պահանջների նկատմամբ: Միասնական լինելուց բացի՝ այլ ճանապարհ չկա, շեշտում է Սարգսյանը, այլապես «մենք լավ արդյունքի չենք հասնի»: Կուսակցության եւ այդ կուսակցությունը ներկայացնող կառավարության միասնությունն, իհարկե, ինքնին բնական է եւ նորմալ, բայց այն, որ ելույթի հեղինակը ստիպված է դրա մասին հավելյալ հիշեցնել, շեշտել՝ վճռական ձեւով, բացատրել, ցուցիչ է նրա, որ իրականում այդ միասնությունը խնդրահարույց է: Ավելին, Սերժը նույնիսկ ճիշտ է համարում հիշեցնել, որ ներկա կառավարությունը ներկայացնում է խորհրդարանական մեծամասնությունը, որ «հաղթելով» ընտրություններում՝ ՀՀԿ-ն ձեւավորել է իր կառավարությունը, եւ որ «մենք բոլորս շաղկապված ենք»: Սա արդեն ոչ թե վկայություն է նրա, որ իրականում թիմի ներսում լուրջ հակադրություններ կան, եւ ոչ բոլորն են համարում ներկա կառավարությունն իրենցը, այլ ինչ-որ տեղ կարելի է հոգու ճիչ համարել ներթիմային միասնականության անհրաժեշտության մասին: Շաղկապվածության մասին հիշեցնելով՝ Սարգսյանն ուզում է ասել, թե չմտածեք, որ եթե ես կործանվեմ, դուք մնալու եք, իմացեք, որ ինձ պաշտպանելով՝ ձե՛զ էլ եք պաշտպանում: Մոտ ապագան գուցե ցույց տա, թե որքանով համոզիչ էր այս «ճիչը» հանրապետական «ծանրամարտիկների» համար, եւ արդյո՞ք հանրապետականներն իրոք մեկ շթղայով են կապված[1]:

Իր խոսքի վերջին հատվածում Սերժն անդրադառնում է նաեւ սահմանադրական փոփոխությունների թեմային՝ որպես առաջիկա «կռվի» կարեւոր ռազմադաշտերից մեկին, սակայն այդ հատվածին կուզենայինք առանձին նյութով անդրադառնալ, դրա համար այս պահին դա բաց ենք թողնում՝ ամփոփելով տվյալ հոդվածի ասելիքը:

Եզրակացություն

Հստակ երեւում է, ուրեմն, հետեւյալը.

ա. Սերժ Սարգսյանն առաջիկա քաղաքական զարգացումները գնահատում է որպես վճռական ճակատամարտ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ թե՛ իր թիմակիցների, թե՛ մրցակիցների համար: Նա պահը գնահատում է եզակի եւ իր զինակիցների խիստ մոբիլիզացիայի կոչ է անում, ինչը երբեւէ չի արել նախկինում:

բ. Նա իր դիրքերը վտանգված է համարում խորհրդարանում՝ իր իշխանության միջնաբերդերից մեկում: ԱԺ-ն խորը թիկունքից վերածվել է ճակատային գծի հատվածներից մեկի, եւ առանց բոլոր առկա ուժերի կենտրոնացման եւ հավաքագրման՝ Սերժը վստահ չէ այդ նոր գիծը պահելու հեռանկարում:

գ. Սերժը լուրջ մարտահրավեր է համարում իր իսկ թիմի ներսում առկա ներքին հակասությունները, որոնց վտանգավորությունը նա այնքան բարձր է գնահատում, որ ստիպված է մի քանի անգամ վճռականորեն շեշտել ինքնին պարզ թվացող բաները՝ թիմի միասնական շահը, խմբակցության եւ կառավարության կապը, կործանման վտանգը հակասությունների չհաղթահարման դեպքում եւ այլն:

դ. Սերժի մարտական ելույթի իրական արդյունքներն իր թիմում կարող են երկակի լինել: Եթե, մի կողմից՝ ելույթն ուղղված էր ուժերի մոբիլիզացիային, ապա, մյուս կողմից՝ թիմի անդամներին հստակ ցույց տվեց Սերժի անհանգստությունն ու իրավիճակի լրջությունը: Եթե գործ ունենայինք անձնական, քաղաքական կամ գաղափարական հավատարմության շուրջ կառուցված թիմի հետ, ապա միասնության կոչն անշուշտ պետք է դրական, իրապես մոբիլիզացնող արդյունք ունենար: Բայց քանի որ խոսքը այս պահի շահի եւ զուտ ուժի շուրջ հավաքած խմբի մասին է, ապա միասնության կոչը կարող է նաեւ հակառակ արդյունքի բերել: Սերժ Սարգսյանը բացում է քարտերը եւ ի լուր իր զինակիցների՝ հայտնում է, որ իրավիճակը լուրջ է եւ վճռական: Նա կոչ է անում զոհաբերությունների: Տոտալ մոբիլիզացիան նշանակում է, որ մոտ է վճռական ճակատամարտը, իսկ որեւէ վճռական ճակատամարտի ելք անկանխատեսելի է՝ ըստ սահմանման, քանի որ եթե բանը հասնում է վճռականին, նշանակում է՝ կողմերի ուժերը քիչ թե շատ հավասար են, այլապես՝ առավել ուժեղ կողմի մեկ-երկու հարված  բավական պետք է լինեին դիմադրությունը ջախջախելու՝ առանց բոլոր առկա ուժերը կենտրոնացնելու անհրաժեշտության: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ում ընդգրկված տարասեռ ուժերն ու անհատները այս իրավիճակում պետք է սկսեն մտածել այլընտրանքային, պահուստային տարբերակների մասին՝ հաշվի առնելով պարտության հնարավորությունը:

ե. Սերժի ելույթին հաջորդող քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀԿ ղեկավարի գնահատականը ճիշտ էր: Տեր-Պետրոսյանի եւ Ծառուկյանի հանդիպումը, որի մասին տարածված հայտարարությունում շեշտվում է կողմերի բացասական վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաեւ գործընթացները հրապարակ տեղափոխելու նպատակը, կարելի է նաեւ պատասխան համարել Սերժի ազդարարած մոբիլիզացիայի՝ այս անգամ որպես մրցակից ճամբարի վճռական նպատակների վերահաստատում: Բայց սա էլ արդեն առանձին թեմա է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 


[1] https://www.youtube.com/watch?v=C7IGVCR6bo4

Նախորդ հոդվածը‘Հունաստանի խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև’
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանություն` ոստիկանի մասնակցությամբ’