‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը մնացել է միշիկյան քարոզչամեքենայի հույսին’

3751

 

Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների ձեռնարկումը հետաձգում է մինչև 3 ամսով: Որպեսզի մարզերի քաղաքացիներն էլ կարողանան «մասնակցել քննարկումներին»:

Անցել է ամսից ավելի՝ Սահմանադրական բարեփոխումների հարցը մեռած է: Ոչ «քննարկում» կա, ոչ ոչ էլ ինչ-որ մի այլ բան: Ավելի ճիշտ՝ կա քննարկման իմիտացիա, շոու: Ամեն օր իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե ինչպես է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այս կամ այն մարզում քաղաքացիների հետ հանդիպումներ անցկացնում եւ քննարկում այդ փոփոխությունները: Բայց դա էլ, ինչպես նշեցինք, ոչ թե քննարկում է՝ որպես այդպիսին, այլ կազմակերպված շոու ծրագիր. Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներն էին ու «պատահական» այցերը այս կամ այն գերատեսչություն՝ դրանից բխող բոլոր հարցերով ու ելութներով: Հետեւաբար՝ իրական քննարկում չկա, այն պարզ պատճառով, որ հետաձգման իրական պատճառը ոչ թե վերը նշվածն էր, այլ միայն ու միայն ոչ իշխանական ուժերի կոշտ հակազդեցությունը, որը Սերժ Սարգսյանի համար անհաղթահարելի խոչընդոտ է:

Ոչ իշխանական ուժերի՝ աշնանային ակտիվացման որոշումը և դրա՝ աստիճանաբար ձևավորվող սպասումը վարչախմբին ինչ-որ չափով կաթվածահար են արել:  Ընդհանրապես՝ Քառյակը բոլոր հարցերում, որտեղ գործել է համաձայնեցված, հաջողության է հասել և արձանագրել, որ ներքաղաքական պայքարում կա ուժերի բալանսի փոփոխություն՝ ի վնաս վարչախմբի: Երկրի գլխին պատուհաս դարձած Տիգրան Սարգսյանի հրաժարականը, կուտակայինի հարցում վարչախմբի համար մաքսիմալ խոչընդոտների ստեղծումը, խորհրդարանական մեծամասնությանը հոգեմաշ անելը, իշխանական հանցավոր նախաձեռնությունների մերկացումը Սերժ Սարգսյանին հոգեբանական կոլապսի առաջ են կանգնեցրել: Այս հաջողությունները նշում ենք ո՛չ այնքան որպես արվածի գովեստ, այլ արձանագրում, որ առաջիկայում է՛լ ավելի մեծ հաջողությունների համար լավ հիմքեր են դրված, և իշխանության դեմ հաղթանակի հավանականությունը էապես մեծացել է:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա համար Քառյակը դարձել է գիշերային մղձավանջի պես մի բան, և նրա առաջնային նպատակը մոտակա ամիսներին (բացի Հայաստանը, ժողովրդին ու հատկապես նրա գործարար հատվածին կեղեքելուց, կեղեքածը դուրս ու ապահով վայրեր տանելուց,  Հայաստանի (մի քիչ էլ՝ իր) համար նոր վարկեր կպցնելուց) լինելու է Քառյակի տորպեդահարումը և նրա՝ որպես իշխանությանը սպառնացող միակ ռեալ վտանգի չեզոքացումը: Առաջիկա ամիսներին և հատկապես՝ սեպտեմբերին, ինչի ասես, որ ականատես չի լինի հասարակությունը: Սերժ Սարգսյանը դաշտ է նետելու իր ողջ գործիքակազմը՝ մեդիա-մանիպուլյացիաներից, ֆինանսական ու վարչական ահաբեկումներից մինչև նորընծա «ընդդիմադիրներ»: Բայց Սերժ Սարգսյանի ամբողջ պրոբլեմն այն է, որ ցայտնոտային իրավիճակում արված բոլոր քայլերը, վերջին հաշվով, շուռ են գալու հենց իր դեմ: Ոչ իշխանական ուժերն այս հարցում ունեն երկու կարևոր առաքելությունը. նախ՝ գործընթացը պահել հրապարակային դաշտում, բարձրաձայնել բոլոր ապօրինությունները, ահաբեկումները, իշխանության  ձեռնարկած բոլոր հանցավոր գործարքները: Եվ երկրորդ՝ անել առավելագույնը, որ աշնանային հրապարակային քաղաքական գործընթացներին ներգրավվեն առավելագույն թվով քաղաքացիներ: Սրա դիմաց Սերժ Սարգսյանն անզոր է:

Անզոր է նաև այն պատճառով, որ իր «թիմը» խարխլված ու հուսահատ վիճակում է: Թիմի յուրաքանչյուր անդամ արդեն դուրս է թիմային մտածողությունից ու շահագրգռությունից և անձնական հարցեր է լուծում: Հովիկ Աբրահամյանը ներքուստ ժպտում է Սերժ Սարգսյանի ձախողումների վրա և տարված է նախագահական անուրջներով (թող տարվի), Գալուստ Սահակյանը գոհ է հնարավորինս երկար թիկնապահներով ման գալու բախտից, Վլադիմիր Գասպարյանը զբաղված է անձնական փիառով՝ բռնելով ամենայն բան, ինչ շարժվում է: Գորիկ Հակոբյանը երջանիկ է, որ դեռ մի որոշ ժամանակ էլ կմնա ԱԱԾ ղեկին (ջհանդամ, թե դիվերսանտները Հայաստանը դարձրել են Սերոբի բոստանը, ով չի ալարում՝ մտնում է): Բոլորն իրենց հարցերով են զբաղված: Խորհրդարանական երերացող մեծամասնության անդամները թաղում ու հարսանիք են ման գալիս, որ առիթ բռնեն ու չգնան ԱԺ:

Սերժ Սարգսյանը մնացել է իր և միշիկյան քարոզչամեքենայի հույսին: Բայց դե դրանով չես դիմագրավի հասարակության ու քաղաքական ուժերի համատեղ բողոքին:

Նախորդ հոդվածը‘«Երևանի շենքերի 40%-ը չի դիմանա 7-բալանոց երկրաշարժին»’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնությունը կոչ է անում վարորդներին բողոքարկել տուգանքները’