‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի «խորամանկ պլանի» սկիզբը’

29499

Ինչպես առիթ ենք ունեցել նշելու՝ նոր սահմանադրության ընդունմամբ Սերժ Սարգսյանի «խորամանկ պլանը» դեռ չի իրականանում, այլ ընդամենը սկսվում է: Ճիշտ է, սահմանադրության ընդունումն այդ պլանի կարեւոր մասն է, որի իրականացման համար ՀՀԿ առաջնորդը երկու տարվա մեջ մեծ ջանքեր թափեց: Բայց սահմանադրությունը ոչ թե բուն նպատակն է, այլ ընդամենը միջոցը, եւ ոչ թե ավարտը, այլ ընդամենը՝ սկիզբը: Բուն նպատակներն են՝ ա. Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարաձգումը 2018-ից անդին, բ. նորացված իշխող վերնախավի ձեւավորումը (նաեւ՝ դրան կից «նոր»՝ իշխանության հարց դնելու անզոր «պետական» ընդդիմության), գ. իշխող վերնախավի կայունության ապահովումը՝ հասարակության ազդեցությունը նվազագույնի հասցնելու միջոցով: Այս կետերը հնարավոր չէ իրականացնել միայն թղթի փոփոխությամբ, եւ ոչ էլ հնարավոր է այդ նպատակներին հասնել կարճ ժամանակում: Ներկայիս քաղաքական համակարգը թե՛ իր իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածով հարմարեցված է խաղի հին կանոններին, եւ թղթի փոփոխությունից հետո դեռ պետք է փոխել ուժերի փաստացի դասավորությունը: Պատահական չէ, որ «խորամանկ պլանի» որոշ ջատագովներ իրենց խոսքում ակնարկում էին, թե վերջնական նպատակին հասնելու համար պետք է սպասել մի քանի տարի: Քանի որ այժմ խնդիր է դրված՝ թղթային փոփոխություններից հետո, փոխել նաեւ ուժերի փաստացի դասավորությունը, ապա Հայաստանին, ցավոք, սպասվում է քաղաքական անկայունության բավականին տեւական շրջան: Դա չի նշանակում, որ անկայունության դրսեւորումներն ուղեկցելու են մեզ ամեն օր, բայց նշանակում է, որ ներքուստ լարված իրավիճակը ժամանակ առ ժամանակ ունենալու է նաեւ սուր արտաքին դրսեւորումներ:

Փորձենք իրավիճակն այս պահին պատկերացնել Սերժ Սարգսյանի տեսակետից եւ հասկանալ, թե ի՛նչ խնդիրներ ունի լուծելու՝ իր «մուրազին» հասնելու համար: Իհարկե, կարող ենք տվյալ դեպքում միայն ընդհանուր սխեմա գծել՝ մանրամասները եւ իրականանալ-չիրականանալու հարցը ոչ ոք չի կարող հաստատապես կանխատեսել: Համենայն դեպս նշենք, որ շատ են շտապում նրանք, ովքեր այսօրվանից իսկ իրենց պատկերացնում են 2017-ի խորհրդարանական ընտրությունների «գոռ» մարտերում՝ մարդը չգիտի, թե իր հետ վաղն ինչ է լինելու, էլ ո՛ւր մնաց երկու տարուց: Անշուշտ, պատրաստվել պետք է նախապես, բայց հաշվի առնելով անպայման, որ 17-ի ու 15-ի արանքում կա 16-ը: Սա վերաբերում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր այլազան խմբերին:

Դրժած խոստումներ

Պատահական չէ, որ ինքը՝ Սարգսյանն, իր վերջին ասուլիսի ժամանակ նախընտրեց անորոշ թողնել իր ապագա քաղաքական կարգավիճակի հարցը՝ վերջնական պատասխանը թողնելով 17-ի ընտրությունների շրջանին: Ի տարբերություն չափից ավելի շտապողների, ՀՀԿ առաջնորդը գիտի, որ դեռ շատ ջուր պիտի հոսի մինչ այդ: ՀՀԿ առաջնորդի կարգավիճակը կախված է լինելու ուժերի այն դասավորությունից, որը կլինի 2017-ի դրությամբ: Շատերը զարմացան, թե ինչո՛ւ Սերժ Սարգսյանը, որն աներկբա խոստացել էր, թե նոր համակարգի պայմաններում չեն լինելու ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, այժմ փաստացի դրժեց իր խոստումը եւ հարցի պատասխանը թողեց անորոշ: Մինչդեռ խնդիրը բավականին պարզ է: Ո՛չ նախագահ, ո՛չ էլ վարչապետ չդառնալու իր խոստումը Սարգսյանը տվել էր շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում՝ 2014-ի գարնանը, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Թե՛ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, թե՛ Սերժ Սարգսյանի այն ժամանակվա խոստումը մասն էին նույն մարտավարության՝ համոզել այն ժամանակվա ընդդիմադիր ձեւաչափին («Եռյակին») եւ ի մասնավորի՝ ԲՀԿ-ին, համաձայնել սահմանադրական փոփոխությունների նախագծին, որի դիմաց էլ ՀՀԿ առաջնորդը պատրաստ էր զոհաբերել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլեւ իր ապագա «վարչապետացումը» (ժպիտով հիշում եմ, ի դեպ, թե ինչպե՛ս էին այն ժամանակ մեր «անկախ» վերլուծաբանները փորձում բացատրել Տիգրան Սարգսյանի հրաժարականը ինչով ասես՝ «գլոբալից» մինչեւ «լոկալ», եւ «գեոպոլիտիկից» մինչեւ «գեոպոտիկա», միայն թե չխոստովանեին, որ դա ՀՀԿ առաջնորդի թուլացման պահն էր, որը, ցավոք, հետագայում բաց թողնվեց): Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնը չզբաղեցնելուն, ապա որեւէ բաց հասանելի աղբյուրում Սերժի կողմից նման խոստում չի հնչել: Նրա փոխարեն՝ ժամանակին դա ասել է Դավիթ Հարությունյանը, որը նույնիսկ Սերժի պաշտոնական խոսնակը չէ, ինչը նրա խոսքի արժեքը գրեթե զրոյի է վերածում: Ինչեւէ, նո՛ր քաղաքական պայմաններում Սերժ Սարգսյանն արդեն իրեն պարտավորված չի զգում ինչ-որ բան խոստանալ իր ապագա կարգավիճակի առումով եւ հարցը թողնում է իր ազատ ընտրության: Կարելի է ենթադրել, որ իդեալական տարբերակում նա կուզենար ընդհանրապես չերեւալ՝ ղեկավարելով որպես կուսակցության առաջնորդ, բայց դրա համար նրան պետք է փաստացի շատ ուժեղ դիրք, ինչի երաշխիքն այժմ չունի: Սա մեր ենթադրությունն է, որը չենք պնդում:

Սերժը եւ «խմբապետները»

Մինչեւ 17 թվական եւ իր հետագա կարգավիճակի որոշակիացում, Սերժ Սարգսյանը պետք է փորձի այս կամ այն կերպ լուծել հետեւյալ խնդիրները՝ ա. առկա կամ հնարավոր ցանկացած քիչ թե շատ լուրջ քաղաքական ընդդիմության վերջնական չեզոքացում, որպեսզի, բացի բացահայտ լուսանցքային ուժերից, որեւէ մեկն ի  զորու չլինի խնդիրներ առաջացնել 17-ի ընտրություններին: Որքան էլ թվա, որ ընդդիմությունն այս պահին թույլ է, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ 1. Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է 17 թվի ընտրություններին շատ լուրջ հաջողություն՝ նախորդ թվերը գերազանցող արդյունք: Իր ասուլիսի ժամանակ նա ակնարկեց սրա մասին, երբ ասաց. «Այն, որ օրինակներ են բերում, ասում են՝ մեր երկրի պատմության մեջ չի եղել, որ համամասնական ընտրակարգով մի կուսակցություն 50-ից ավելի ձայն տանել և այլն և այլն, բայց դա եղել է այլ պայմաններում՝ այն պայմաններում, երբ մեծամասնական պատգամավորները, որպեսզի իրենք շահեին, ավելի շատ ձայներ տանեին, պայմանավորվածություն էին ձեռք բերում տարբեր կուսակցությունների հետ: Եվ ես չեմ բացառում, որ, միգուցե, եթե ոչ 2017 թվականին, ապա հաջորդող խորհրդարանական ընտրություններում, ինչու՞ չէ, մի կուսակցություն կարող է հանգիստ տանել»: Այստեղ փաստացի խնդիր է դրված իշխող ուժի համար՝ 50 տոկոսից ավելի ձայն տանել, բայց ինքը՝ խնդիր դնողը, դեռ վստահ չէ, որ դա կհաջողվի հենց մոտակա ընտրություններին: Նույն խոսքի շարունակության մեջ նա չի բացառում նաեւ դաշինքով այդքան ձայն հավաքելու տարբերակը:

2. Նույն հանրաքվեի արդյունքները, եթե հաշվի առնենք թեկուզ միայն պաշտոնական թվերը՝ ցույց տվեցին, որ նոր սահմանադրությանը դեմ է արտահայտվել 400.000 մարդ, եւ պարզ է բոլորին, եւ նախ՝ ՀՀԿ առաջնորդին, որ դրանք ոչ թե կառավարման ձեւին (որն ընտրողների մեծ մասի համար վերացական խնդիր է), այլ իշխանությանը «Ոչ» ասածների թիվն է: Իհարկե, միամիտ կլինեն նրանք, ովքեր կարծում են, որ այս բոլոր ձայներն ինքնին անցնելու են ընդդիմադիր այս կամ այն ուժին կամ նույնիսկ՝ ընդդիմությանն ամբողջովին, բայց նաեւ պարզ է, որ ընդհանրական, այլ ոչ թե զուտ նեղ խմբային կամ անձնական նպատակներ դնող եւ կազմակերպված ցանկացած ուժ կարող է այս ձայների զգալի մասն օգտագործել ընտրությունների ժամանակ: Իսկ դա խնդրահարույց է դարձնում 50 տոկոսից ավելի ձայն տանելու ՀՀԿ առաջնորդի ծրագիրը: Հետեւաբար, նա պետք է մոտակա տարվա մեջ ամեն բան անի՝ չեզոքացնելու համար այդ մարտահրավերը:

Այս խնդրի լուծման համար Սարգսյանի զինանոցում եղած զենքերն այնքան էլ շատ չեն եւ կանխատեսելի են: Նա կարող է փորձել ուժային տարբերակով լուծել խնդիրը՝ քրեական գործեր, հետապնդումներ, իրավական խոչընդոտներ եւ այլն, իսկ մյուս կողմից էլ՝ դիմել ստվերային պայմանավորվածության, առեւտրի միջոցին: Իհարկե, ե՛ւ քաղաքական պատճառաբանությամբ, ե՛ւ ելնելով ՀՀԿ առաջնորդի գործելաոճից, նա կփորձի ավելի շատ օգտագործել երկրորդ տարբերակը: Բայց կարծում եմ, որ ը՛ստ անհրաժեշտության, ը՛ստ հանգամանքների եւ ը՛ստ հնարավորության՝ կարող է փորձել նաեւ առաջինը կամ դրա սպառնալիքը: Կարեւոր նրբությունն այն է, որ այս անգամ, Սերժին պետք է լինելու ոչ այնքան պոկել այս կամ այն խմբին կամ գործչին ընդդիմադիր այս կամ այն ուժից, այլ հակառակը՝ «պայմանավորվելով» պահել եւ պայմանավորվածի միջոցով վերահսկել տվյալ ուժը: Իսկ թե որքանով կհաջողի ՀՀԿ առաջնորդն այս խնդրի իրականացման ճանապարհին, կերեւա առաջիկա տարվա մեջ:

Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի ընդդիմադիր դաշտում պահվի խմբակայնության անհրաժեշտ աստիճանը, որպեսզի ամեն ուժ առանձին-առանձին «հոխորտա» եւ «խրոխտանա» 17-ին ընդառաջ, եւ որպեսզի դաշտում գերակայեն այնպիսի անձեր եւ խմբեր, որոնց շուրջը մարդկանց պառակտման հնարավորությունն ավելի մեծ է, քան միավորման: Իրենց գեղում առաջին ու վերջին տղա նման «խմբապետների» հետ կարելի է հարց լուծել նույնիսկ առանց պայմանավորվելու եւ հավելյալ այլ ջանքերի:

Երկրորդ եւ երրորդ ճակատը

բ. Սերժին անհրաժեշտ է խնդիր լուծել նաեւ իշխանական ճամբարում: Թերեւս, այս «ճակատում» նա շատ ակտիվ քայլերի չդիմի՝ մինչեւ պարզ չդառնա առաջին խնդրի լուծման տարբերակը: Բայց այն, որ այստեղ եւս կան չհետաձգվող հարցեր, վկայում է այն հանգամանքը, որ Սերժը, նախ, իր ոչ պաշտոնական խոսնակի դերը ստանձնած Դավիթ Հարությունյանի միջոցով, ապա անձամբ՝ չբացառեց իր վարչապետ դառնալը նույնիսկ նոր սահմանադրության չանցկացման դեպքում՝ բլեֆի զգալի աստիճան պարունակող ուղերձ, որն ուղղված էր, նախ, իշխող խմբին: Ինչեւէ, այս կետի վրա այս պահին չենք ուզում ծանրանալ՝ հետագայում ավելի պարզ կդառնան այս «ճակատի» մարտավարական մոտակա առաջադրանքները: Համենայն դեպս, ռազմավարական նպատակն այստեղ պետք է լինի իշխող վերնախավի այնպիսի զտումը եւ նորովի ձեւավորումը, որպեսզի նվազագույնի հասցվի քիչ թե շատ ինքնավար անհատների եւ կենտրոնների դերը: Բայց թե ե՛րբ հնարավոր կլինի այս հարցը օրակարգային դարձնել, կախված կլինի մյուս «ճակատներից»:

գ. Վերջապես պետք է հաշվի առնենք արտաքին հանգամանքները, որոնք, կարծես, միտում ունեն ավելի ու ավելի ազդեցիկ դառնալու: Ցավոք, Սերժ Սարգսյանն անխուսափելի ներքին անկայունացումների հետ կապված իր երկարաժամկետ ծրագիրը որոշել է իրականացնել ա՛յն ժամանակ, երբ Հայաստանի շուրջը ծավալվում է անկանխատեսելի հետեւանքներով միջազգային եւ տարածաշրջանայյին գործընթաց: Սրա մասին եւս առիթ ունեցել ենք խոսելու: Ճիշտ է, ինքը՝ ՀՀԿ առաջնորդը, վերջին ասուլիսի ժամանակ պնդեց, թե սահմանադրության փոփոխությունը հենց անվտանգության հարցերից է բխում եւ թելադրված է միջազգային փոփոխությամբ, բայց պետք է պնդենք, որ սա այլ բան չէր, քան երկրի առաջին դեմքի կարգավիճակին հավակնող անձին անվայել, գրեթե կրկեսային անլրջություն եւ հարցի ծաղրածուացում (ծաղրածուի ոճն ընդհանրապես բնորոշ է Սերժի կառավարման ժամանակաշրջանին): Բոլորին էլ պարզ է, որ սահմանադրության փոփոխությունը որեւէ կապ չունի միջազգային իրավիճակի փոփոխության հետ, եւ որ փոփոխության նման հիմնավորումը վերջին պահին եւ ձեռի հետ հորինվել է նախագահականում, այդ թվում՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի խնդրի շուրջ՝ փաստացի կապկելով առաջին նախագահի խոսքը (այսինքն՝ մի կողմից նմանակելով առաջին նախագահին, մյուս կողմից՝ հարցը զրկելով բովանդակությունից): Փաստացի՝ ՀՀԿ առաջնորդն իրեն ավելի բարձր չի պահել, քան ընդդիմադիր այն գործիչները, որոնք Տեր-Պետրոսյանի խոսքը փորձեցին ներկայացնել որպես ընդամենը Ոչ-ի քարոզարշավին ի նպաստ ասած հերթական, եւս մեկ փաստարկ: Երկու դեպքում էլ գործ ունենք ներկա հայաստանյան քաղաքական դաշտին բնորոշ մանկամիտ անլրջության հետ: Ինչեւէ, քանի որ սա այս պահին անփոփոխելի իրողություն է, ավելորդ բարոյախոսությամբ չզբաղվենք: Միայն թե պետք է հաշվի առնենք, որ շարունակաբար անկայունացող արտաքին միջավայրը կարող է մի պահի վճռականորեն խառնել բոլոր ներքին խաղացողների ծրագրերը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Բենզեմա. «Հարգում եմ ֆեդերացիայի որոշումը»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է սպանվել. ՊՆ’