‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ իմպիչմենտի ենթարկել Սերժ Սարգսյանին’

4096

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նոր իրավիճակ են ստեղծել: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես, թղթի վրա գրված ելույթով  ազդարարեց Բարգավաճ Հայաստանի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ պետական ահաբեկչական գրոհի մեկնարկը, հասարակության մի փոքրիկ հատված ուրախությունից ձեռքերն էր շփում: Եթե հասարակ քաղաքացիների պարագայում դա դեռ կարելի էր պայմանավորել մոլորվածությամբ ու տեղեկատվական մանիպուլյացիայի ենթարկված լինելու հանգամանքով, ապա մի շարք «քաղաքական  ու քաղաքացիական գործիչների» պարագայում` սա ավելի քան զարմանալի էր թվում: Նախաձեռնված էր մի գործընթաց, որը Սերժ Սարգսյանի իշխանության համար մեծ վտանգ էր ներկայացնում, բայց մարդիկ, ովքեր քրտնաթոր «պայքարում էին և են» Սերժ Սարգսյանի դեմ, նույն այդ գործընթացում շորերը պատռելով «երկրպագում էին» Սերժ Սարգսյանին ու իր թիմին (սա մոտավորապես նույնն է, եթե, օրինակ ԻՊ-ը մեկին բռնի գլխատի կամ այրի, ԻՊ-ին թողած՝ ասես՝ հա, բայց, գիտե՞ք, էդ լրագրողը, էդ օդաչուն…): Ու մինչ օրս էլ չեն թաքցնում իրենց էքստազը: Երեք տարի շարունակ Կոնգրեսի ու Բարգավաճի նկատմամբ բոլոր հնարավոր հարձակումներն ու մաղձաթափությունն օգուտ չէին տալիս. գործընթացը գնում էր առաջ: Այս շրջանակները ոչ մի խնդիր չունեին՝ թող Սերժ Սարգսյանը մնա իշխանության, ցմահ մնա իշխանության, թող հաղթի տգիտությունը, խավարը, հետադիմությունը,  Հայաստանն էլ կործանվի, միայն թե գործընթացը տապալվի, որպեսզի իրենց քաղաքական գոյության ու իմաստի տեսական հնարավորություններ գոնե մնան: Վերջում օգնության եկավ իրենց բնական դաշնակից Սերժ Սարգսյանը, և արդեն ցնծությունը թաքցնելու կարիք չկա:

Հիմա, երբ վերջինիս կողմից կազմակերպված պետական ահաբեկչության հետևանքով ԲՀԿ-ն էապես պասիվացրել է իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչի մասին հայտարարեց երեկ՝ Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանն ու իր դաշնակիցները՝ «ընդդիմության ընդդիմությունը», գրոհում են Կոնգրեսի վրա: Ու որպես վիրտուոզ, Կոնգրեսին մատ անող «հանճարեղ» ծրագիր, հղացել են Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությունը: Այն, որ դա իշխանական միջանցքներում ծնված ծրագիր է, հավելյալ ապացույցի կարիք չունի այն պարզ պատճառով, որ երեկ խորհրդարանում դրա պաշտպանությամբ զբաղված էր` ոչ այնքան դրա նախաձեռնող  Նիկոլ Փաշինյանը (նա, իշխանության վերջին օրերի ահաբեկչությունը թողած, զբաղված էր ընդդիմության դեմ պայքարով), այլ հենց իշխանությունները: Փաշինյանը բերել էր նախագիծը, իսկ Էդուարդ Շարմազանովը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը և մնացածները կշտամբում էին Կոնգրեսին՝ դրան չմիանալու համար՝ ընթացքում աչքով-ունքով անելով իրար: Սրան զուգահեռ՝ նույն վարչախմբի ու «ընդդիմության ընդդիմության» կողմից ընթանում էր ընդդիմության հրապարակային դատաստանի բեմադրություն: Երկրի բոլոր դժբախտությունների համար մեղադրվում էր Կոնգրեսը: Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները թալանում, հարստահարում են երկիրը, ահաբեկում են քաղաքական հակառակորդներին, անմեղ մարդկանց նետում են բանտերը՝ Կոնգրեսն է մեղավոր, Սերժ Սարգսյանը բոլոր հնարավոր միջոցներով խայտառակ է արել Հայաստանը՝ Կոնգրեսն է մեղավոր: Ամեն ինչի մեջ մեղավոր է Կոնգրեսը: Դե, իշխանությունն էլ է մեղավոր, հա՛, բայց մենք գիտենք, որ իշխանությունը վատն է, էնպես որ` էկեք նրանց հանգիստ թողնենք:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իշխանության դեմ պայքարող ուժի դեմ պայքարելը (եթե նույնիսկ, ըստ քեզ, այդ ուժը սխալ մարտավարություն ունի) բանականության կանոնների չի ենթարկվում, ու նմանների տեղը համապատասխան պալատն է, որտեղ նրան պետք է թելին կապած մի աղյուս տալ ձեռքն ու ասել՝ առ էս շանը, ման տուր: Աշխարհի որևէ երկրում, բացի բռնապետություններից,  նման բան չեք տեսնի. նման գործելաոճ որդեգրած այդ անձը կամ ուժը նույն րոպեին կդառնար հասարակության համընդհանուր քամահրանքի առարկա: Որովհետև միայն այն հանգամանքը, որ այդ ուժը հայտարարում է իշխանությանը դեմ լինելու մասին, արդեն իշխանությանը թուլացնում է: Չխոսած՝ իշխանության դեմ ամենօրյա գործունեության մասին: Զորօրինակ, Կոնգրեսը երբեք որևէ քաղաքական ուժի, որն իրեն հայտարարել է ընդդիմություն, չի հարվածել, նույնիսկ եթե հիմնավորված կասկածներ է ունեցել նրանց ազնվության վերաբերյալ: Միայն արձագանքել է, երբ այդ ուժերը սկսել են հարվածել Կոնգրեսին:

Կոնգրեսի դեմ այս գրոհը դեռ բավարար չէ, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, մի ավելի խիզախ գրոհ է ձեռնարկել: Այս անգամ արդեն գիտության, տվյալ պարագայում՝ քաղաքագիտության, հասարակագիտության, մարդաբանության, հոգեբանության և ընդհանրապես՝ պատմական ու բնության օրինաչափությունների դեմ: Նա հայտարարել է, որ պետք է վերացնել սուպերլիդերների ինստիտուտը: Հիմնավորումն էլ հանճարեղ է՝ որովհետև նախորդ լիդերները ձախողվել են: Նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել, որ անհրաժեշտ է վերացնել բոլոր կանանց, որովհետև եղել են տղամարդիկ, որոնք ամուսնալուծվել են մի քանի անգամ:

Կարծում եմ, չարժե նույնիսկ աքսիոմատիկ հիմնավորումներ բերել, որ պատմության զարգացման ընթացքում էլ, հիմա էլ առանց լիդերների, ովքեր որևէ գաղափարի շուրջ համախմբում են խմբեր, հասարակություններ, ոչինչ չի լինում, իսկ լիդերի սուպերն ու չսուպերը որն է՝ հասու չէ մեզ նման հասարակ մահկանացուների ուղեղներին:

Ընդհանրապես՝ լիդերությունը վերացնելու, դրա բացասականության մասին խոսողները մատնում են լիդեր լինելու, համարվելու իրենց՝ միաժամանակ տենչանքն ու անկարողությունը, և դրա միակ ճանապարհ տեսնում մնացածների վերանալը, ոչ թե իրենց քրտնաջան աշխատանքն ու իրենց շուրջը մարդկանց համախմբելու ջանքերը, այլ մյուս լիդերների ձախողումը, տապալումը, անհաջողության մատնվելը. Օրուելն ու մի շարք այլ դասականներ ձեզ կպատմեն դրա մասին: Իսկ, Աստված չանի, հաջողության հասնելու պարագայում` վերածվում սուպելիդերից էլ անդին ֆյուրերի:

Գալով վարչախմբի ռազմավարությանը՝ անհրաժեշտ է արձանագրել, որ իրերի ընթացքը (ռեժիմի վերջին ժամանակավոր հաջողությանը չխաբվեք) և երկրի՝ գնալով վատացող իրավիճակը ստիպելու են Սերժ Սարգսյանին ու իր ռեժիմին` է՛լ ավելի բացել  քարտերը՝ հասարակությանը մոլորեցնելու, իր դեմ բողոքի ալիքները կանխելու համար: Ու այդ ընթացքում օգտագործվելու են բոլորը, ովքեր իշխանական դաշտում են գործում, բայց այս կամ այն կերպ հակաիշխանականի «համբավ» ունեն: Սերժ Սարգսյանն ունակ չէ պետության համար անելու գեթ մեկ լավ բան, դրա համար պարբերաբար պետք է պախարակի իր իշխանության համար վտանգ ներկայացնող ուժին, տվյալ պարագայում՝ Կոնգրեսին: Դրա արժեքը մեծանում է, երբ այն իրականացվում է «ընդդիմության ընդդիմության» կողմից:

Եվ վերջապես՝ «ընդդիմության ընդդիմություն» տարածված բնորոշման մասին: Այս երևույթը քաղաքագիտական առումով աբսուրդ է, որովհետև քաղաքական համակարգում կամ գործընթացում նման բան լինել չի կարող: Կա՛մ դու իշխանություն ես, կա՛մ նրա դեմ ես: Բովանդակային առումով և այսօրվա Հայաստանում, սակայն, այն ունի իմաստ: Ընդդիմության ընդդիմությունը Հայաստանում իշխանությունն է, էնպես որ ժամանակն է այդ «ուժերին» ու անձանց տալ ավելի պարզ որակում՝ իշխանականներ: Նրանց գործունեության մոտիվն էական չէ, կարևոր է այն, որ իրենք գործում են իշխանական դիրքերից, ինչպես գործում էին Կոնգրես-ԲՀԿ համագործակցության ողջ ընթացքում: Ինչպես գործում էին Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը և բազում այլք 1998-2008թթ.:

Նախորդ հոդվածը‘Կարծիք. Սենց որ գնա, Սահմանադրության մեջ առանձին գլուխ պիտի լինի՝ Ընդդիմությունը… ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի դատախազությունը պատասխանել է Գեւորգ Կոստանյանի դիմումին’