‘Խմբագրական. Սողացեք, Յուրա՛, սողացեք, թեեւ Սարգսյանը ոսկուց չէ ‘

3168

Յուրա, դեռ որքա՞ն պետք է ձեզ

ստորացնեն` լիարժեք  փչացման համար

«Ոսկե հորթի» մոտիվներով

 

Սերժ Սարգսյանը բացառիկ անձնավորություն է: Նա բոլորին իր դեմ հանելու  յուրօրինակ ունակությամբ է օժտված: Ըստ որում, այս պարագայում նա ոչ յուրային է նայում, ոչ` քաղաքական հակառակորդ: Անխոս, եթե վերլուծելու լինենք, թե ինչպես եւ ինչի համար է Սարգսյանն այդ բանն անում, ապա կտեսնենք, որ նորից գալիս ենք այն նույն պատճառին, ինչի մասին խոսում էինք նախորդ նյութում. Սերժ Սարգսյանն ընդհանրապես Հայաստանի համար խնդիր է ոչ միայն այն պատճառով, որ ինքը ոչ լեգիտիմ ճանապարհով է հասել իշխանության ու կառավարում է` խախտելով տասնյակ կամ գուցե` հարյուրավոր օրենքներ, այլ` նաեւ այն պատճառով, որ ինքը պատկերացում էլ չունի, թե ինչ ասել է լինել նախագահ, ինչ պետք է անի ու ասի նախագահը, եւ ամենակարեւորը` ինչ ՉՊԵՏՔ է անի ու ասի նախագահը:

Նա, ըստ էության, չունի սեփական խոսքի ու մտքի կառավարման ոչ մի ֆունկցիա (Գալուստ Սահակյանը էս թեմայով կասեր` ոչ մի գործառույթ), Սերժ Սարգսյանը սեփական ոչ միայն խոսքի, այլեւ արդեն հասկանում ենք, որ նաեւ մտքի տերը չէ: Ցանկացած բառ (ընդ որում` ե՛ւ կոնտեքստից դուրս, ե՛ւ նույնիսկ` այդ պահին առկա իրավիճակին հակառակ) կարող է դուրս թռչել նրա բերանից` ցանկացած իրավիճակում եւ ցանկացած մեկի կամ ցանկացած իրադարձության մասին:

Դիցուք. ամենեւին պարտադիր չէ լեգիտիմ նախագահ լինել` հասկանալու համար, որ չի կարելի Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո զվարթ տոնով հայտարարել, թե Թուրքիային էլ հրավիրել ենք, եւ նա կարող է օգնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Լեգիտիմ լինել այս դեպքում պարտադիր չէ, իսկ ահա բանական լինելը պարտադիր է խստագույնս եւ ամեն դեպքում:

Հիմա դառնանք նման օրինակներով լեցուն ներքաղաքական զարգացումներին: Օրինակները շատ են, բայց ամենաթարմ դեպքը դիտարկենք: Երեկ Սերժ Սարգսյանը սպորտի եւ երիտասարդության նախարարությունում խորհրդակցություն էր անցկացնում: Նախարարությունում, որտեղ նախարար է Յուրի Վարդանյանը, էն հայտնի Յուրի Վարդանյանը, ով ժամանակին սպորտային լեգենդ էր, հետո ընդդիմադիր էր, հետո հանկարծ դարձավ Սերժ Սարգսյանի քաղաքական երկրպագուն եւ նշանակվեց նախարար, սկսեց սպորտն էլ Սարգսյանի հրահանգով ծառայեցնել վերջինիս քաղաքական նպատակներին, եւ վերջապես նույն Վարդանյանը, ում որդին վերջերս ձերբակալվեց թմրանյութերի տեղափոխման համար:

Ու ահա այս չարաբաստիկ (Յու.Վարդանյանի համար հազիվ թե, Տիգրան Սարգսյանի լեզվով ասած` բարեբաստիկ լիներ) հանդիպման ժամանակ Սարգսյանը հրապարակավ ստորացրեց ու նվաստացրեց Վարդանյանին: Նվաստացրեց ամենաուղիղ, ամենատգեղ ձեւով:

«Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում »,- ասել է Սարգսյանը:

Ի՞նչ է ասում:

Նվաստացում համար 1

Սարգսյանն ուղիղ ասում է, թե այնպես չէ, որ Վարդանյանը նախարար նշանակվելու համար այլ արժանիքներ ուներ, քան իր սպորտային անունը:

Նվաստացում 2

Սարգսյանն ասում է, թե այդ մարդուն նախարար է նշանակել, որ նրան ի ցույց դնեն բակերում, դպրոցներում:

Հասկանում եք, չէ՞. մարդն ուղիղ ասում է, որ Վարդանյանին ընկալում է ընդամենը որպես մի ցուցանմուշ կամ մի դժվար հանդիպող, Կարմիր գրքում գրանցված կենդանի, որին պետք է վերցնել ու շրջել փողոցներով, դպրոցներով, որին պետք է Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ:

Եւ այս ամենը Սերժ Սարգսյանն ասում է հրապարակավ, տեսախցիկների դիմաց, ու հետո այս նվաստացումն օրերով ցուցադրում են հեռուստաընկերությունները:

Զարմանալին, անխոս, այստեղ Վարդանյանի պահվածքն է, որ հենց այդ պահին ոտքի չկանգնեց ու չհեռացավ կամ մի ծպտուն անգամ չհանեց, կամ` գոնե այդքանից հետո ոչ մի հայտարարություն չի տարածում: Ոչ մի բառ: Այնինչ, ինքնասիրություն ունեցող ցանկացած պաշտոնյա նման հրապարակավ նվաստացումից հետո առնվազն պետք է հրաժարական տար: Մեկ օր արդեն անցել է, Վարդանյանից դեռ ոչ մի արձագանք չկա: Բայց դեռ ուշ չէ: Եթե Յուրի Վարդանյանը գոնե իր`«սպորտային լեգենդի» երբեմնի անունը հարգում է, ապա պարտավոր է հրաժարականի դիմում ներկայացնել: Պարտավոր է արձագանքել` ցույց տալու համար, որ ամեն դեպքում ինքն այդ հրապարակավ նվաստացումը կուլ չի տվել: Հակառակ դեպքում` կստացվի, որ ինքն էլ վերջնականապես համալրել է բաբուխանյանների ու գեղամյանների շարքերը եւ առաջնորդվում է «սողալ ու միայն սողալ» տրամաբանությամբ:

Հ.Գ. Ժամանակին, շատ վաղուց` մեծերը հպարտությամբ պատմում էին Վարդանյան սպորտսմենի մասին: Ափսոս էր լեգենդը:

 

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն իրականացրել է ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Ուժեղ քամի Տաշիր քաղաքում’