‘Խմբագրական. Սովետասե՞ր է արդյոք հայ հասարակությունը’

2153

Վերջերս ականջի ծայրով լսեցի մի հետազտության մասին, որի արդյունքներով՝ Հայաստանի բնակիչներն աչքի էին ընկել հետսովետական տարածքում ամենուժեղ  (կամ ուժեղներից մեկը) կարոտախտով՝ Սովետական Միության հանդեպ: Իհարկե, առանց հետազոտությունների էլ կարելի է կռահել այդ կարոտախտի ուժեղ չափի մասին. բավական է խոսել տաքսիստների, հարեւանների, բարեկամների հետ՝ համոզվելու համար «սովետի վախտվա»՝ արդեն բանահյուսության վերածված «առավելությունների» մասին: Կարոտախտի փաստն ակներեւ է, բայց ռիսկ անեմ պնդել, որ ակներեւությամբ հանդերձ կամ հենց ակներեւության իսկ շնորհիվ՝ դրանից հեռուն գնացող եզրակացություններ անելը սխալ է: Ընդհանրապես՝ քանակական որեւէ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները չեն կարող լուրջ հետեւությունների հիմք լինել. դրանց արդյունքն ընդամենը թվեր են, որոնք ոչինչ են առանց վերլուծման եւ  մեկնաբանման: Ձեւակերպեմ տեսակետս այսպես. սովետական կարգերի նկատմամբ հայաստանցիների հայտնի կարոտախտը մակերեսային եւ առանձնապես ոչ մի բան չնշանակող երեւույթ է, եթե այն մեկնաբանենք բառացի: Ակներեւ թվացող այդ փաստից ո՛չ ուրախացողները հիմքեր ունեն ուրախանալու, ոչ էլ տխրողները՝ տխրելու: Ի՞նչն է խնդիրը:

            Ի միջի այլոց՝ հիշենք (իսկ եթե սխալվեմ, թող ավելի տարեցներն ինձ ուղղեն), որ հենց բուն սովետական շրջանում Սովետական Հայաստանի բնակիչներն աչքի չէին ընկնում «սովետականությամբ»: Համենայն դեպս՝ սովետական գաղափարախոսությանը լրջորեն հավատացողների կամ սովետական պաշտոնական ճարտասանությունը լուրջ ընդունողների թիվը Հայաստանում, թերեւս, նվազագույնն էր ողջ ԽՍՀՄ տարածքում, իսկ կոնտակտները արտերկրի հետ եւ համապատասխան ազդեցությունը առավելագույններից էին՝ շնորհիվ հզոր սփյուռքի առկայության: Եվ ի դեպ, ինչպես վերջերս հիշեցրեց ծանոթներիցս մեկը, «երկիրը երկիր չի» արտահայտությունը կար դեռ այն ժամանակ: Այլ կերպ ասած՝ ներկայիս կարոտախտը սովետական կարգերի նկատմամբ՝ չի կարող բացատրվել հենց սովետական շրջանի իրողություններով:

            Հետսովետական շրջանում լուրջ իրական կարոտախտ կարող ենք վերագրել միայն նոմենկլատուրային վերնախավին, այդ թվում՝ նոմեկլատուրային մտավորականության զգալի մասին: Սրանք այն մարդիկ են, որոնք կորցրին իրենց արտոնյալ դիրքերը: Քանի որ նրանք որոշակի ազդեցություն էին պահպանում հասարակության մեջ, ապա ժամանակի ընթացքում կարողացան տարածել իրենց ռեւանշիստական պատկերացումների մի մասը: Բայց այս խավը մեծամասնություն չի եղել, եւ այսօր էլ նրա ազդեցությունը հազիվ թե վճռորոշ կարող ենք համարել:

            Այսպես կոչված՝ հասարակ ժողովրդի մեջ սովետասեր կարոտախտի բուն պատճառը ոչ թե անցյալում է, այլ ներկայում. ոչ թե անցյալի նկատմամբ չեղած սերն է, այլ դժգոհությունը ներկայից, որն էլ յուրահատուկ հոգեբանական արտահայտություն է ստանում դեպի անցյալ ուղղված առասպելախառն ուտոպիայի կառուցմամբ: Ամբողջ խնդիրն արդարության պահանջն ու փնտրտուքն է, որը մեր հասարակության անդամները չգտնելով ներկայում՝ փորձում են վերագրել անցյալին, որն էլ, իր հերթին, երբեք արդար չի եղել նրանց իսկ աչքերում, երբ այդ անցյալն ինքն է ներկա եղել: Ուրեմն, սովետասեր կարոտախտը շատ արագ կչքվի, կմոռացվի՝ այն պահից, երբ հայաստանցին արդարության իր պատկերացումը կարողանա տեղադրել ներկայում կամ էլ շոշափելի ապագայում: Այլ կերպ ասած, երբ նա տեսնի եւ զգա, որ երկիրը, որում նա ապրում է, զարգացման միտման մեջ է: Միտման պահը կարեւոր է, որովհետեւ պետք չէ մտածել, թե մարդիկ այնքան հիմար են, որ կարծում են, թե մեկ օրում Հայաստանը կարող է դառնալ դրախտ՝ երկրի վրա: Մարդկանց հոգեբանական ընկճվածության պատճառն այն է, որ նրանք չեն զգում առաջ շարժվելու միտումը, այլ ոչ թե այն, որ իրենք հենց այս պահին չեն ապրում Շվեյցարիայի պես երկրում:

            Մեր հասարակությունը բազմիցս ապացուցել է, որ ունի օրինականության եւ արդարության գիտակցություն, պահանջ եւ կամք: Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի զանգվածային հրապարակային շարժումներով, որոնք ձեւավորվել են օրինակարգ իշխանության պահանջով: Դա, ինքնին, առանց հավելյալ փաստարկների՝ կարող է հերքել սովետական կարոտախտի էութենական բնույթի մասին պատկերացումը մեր հասարակության մեջ: Եթե սովետական կարոտախտը կրեր էութենական բնույթ, այսինքն, այսպես ասած՝ «նշանակեր» ինքն իրեն, այլ ոչ թե լիներ յուրահատուկ այլաբանություն, ներկայից դժգոհության ցուցիչ, ապա նման կարոտախտով տառապող հասարակության մեջ զանգվածային քաղաքացիական շարժումները՝ հանուն օրինականության՝ չէին կարող լինել քաղաքական մշակույթի ամենակայուն եւ էական մասը:

            Իհարկե, կարող են առարկել՝ իսկ ինչո՞ւ սովետական կարոտախտը նույն դերն ու նույն շեշտված բնույթը չունի այլ հետսովետական հասարակություններում, որտեղ նույնպես առկա է քաղաքացիական համեմատաբար բարձր գիտակցություն եւ զանգվածային հրապարակային քաղաքականության ավանդույթ՝ Ուկրաինա, Վրաստան, Մերձբալթիկա: Նախ՝ կարոտախտն առկա է նաեւ այդ երկրներում: Պարզապես՝ այնտեղ սովետականի նկատմամբ վերաբերմունքն այլ երանգներ եւ շեշտադրումներ ունի (օրինակ, Ուկրիանայում կամ Մերձբալթիկայում սովետասեր կարոտախտը տարածված է էթնիկ ռուս կամ ռուսալեզու բնակչության մեջ): Թվարկված երկրների «տիտղոսային» ազգերի ազգային-ազատագրական պայքարը պատմականորեն ուղղված է եղել հիմնականում Ռուսաստանի դեմ, ի տարբերություն մեր ազգային պայքարի, որն ուղղված է եղել Օսմանյան կայսրության դեմ: Պատմական փաստերը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց փոխել դրանք հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով էլ սովետական կարոտախտը նշյալ երկրներում լուրջ սահմանափակումներ ունի եւ չի կարող այն թափն ու այն դերը ստանալ, ինչ մեզանում: Սրանից չի բխում մեր հասարակության «ռուսասիրությունը», այլ միայն այն, որ շեշտված հակառուսականությունը չի կարող մեզանում մոբիլիզացնող դեր կատարել: Իսկ մեր հասարակության թվացյալ ռուսասիրությունը նույնքան մակերեսային եւ ոչ էութենական բնույթ է կրում, որքան սովետական կարոտախտը:

            Այսպիսով՝ կարող ենք հերթական անգամ փաստել, որ մեր հասարակությանը, նախեւառաջ, հետաքրքրում են ներքին օրակարգերը, եւ որ այդ ներքին օրակարգերի առումով մեր հասարակության գերակշիռ մասը բավականաչափ հասուն գիտակցության կրող է, այսինքն՝ պահանջատերն է օրինականության, արդարության եւ առաջադիմության, այլ կերպ ասած՝ տարերայնորեն կրողն է եվրոպական կոչված արժեքների, որոնք, սակայն, նրա համար կարեւոր են որպես ներքին իրականություն, այլ ոչ թե որպես աշխարհաքաղաքական պայքարի «ֆասադ»: Դա ունի այն հետեւանքը, որ մեր հասարակությունը հաճախ մնում է միայնակ իր պայքարի մեջ՝ հանուն օրինականության եւ ընդդեմ հետսովետական բռնապետության՝ առանց նույն եվրոպական տերությունների աջակցության, բայց դա ոչ թե վհատվելու կամ փախչելու, այլ վերնախավերի ավելի մեծ պատասխանատվության եւ լրջության առիթ պետք է լինի:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը’