‘Խմբագրական. Ստեղծագործենք մեր անկախությունը’

1577

Անկախության հռչակումը խնդրի միայն ձեւական, արտաքին կողմն է: Ինքն անկախությունը գործընթաց է՝ անկախացում, այլ ոչ թե միաժամանակյա գործողություն: Գործընթաց, որի նպատակն է Հայաստանի քաղաքացու քաղաքական, իրավական, տնտեսական ազատությունը՝ այնքանով, որքանով այդ ազատությունը հնարավոր է ներկա աշխարհակարգի պայմաններում եւ առհասարակ՝ ա՛յս աշխարհում (լիակատար ազատություն քաղաքական որեւէ գործընթաց պարգեւել մարդուն, իհարկե, չի կարող):

Մեր անկախացման իրավական հիմքը անկախության հանրաքվեն է, այսինքն՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Դա նշանակում է, որ մեր անկախությունը հիմնված է մարդու ազատ ընտրության, ինքնորոշման իրավունքի վրա: Մյուս կողմից՝ ինքնորոշումը, որպես Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում, մեր անկախ պետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ հանուն անկախության շարժման ակունքում նույնպես պայքարն է Արցախի ինքնորոշման համար: Սրանք անկախ Հայաստանի՝ արտաքին աշխարհին ուղղված ուղերձներն են՝ ազատ կամարտահայտման հիման վրա հռչակված անկախություն եւ Արցախի ինքնորոշում:

Բայց նույնն է մեր ներքին հիմնարար խնդիրը: Հայաստանի անկախության հիմքերի եւ Արցախի ինքնորոշման սկզբունքի դեմ գործում է նա, ով կեղծում է ընտրությունների արդյունքները, բռնանում է Հայաստանի քաղաքացու կամքի վրա Հայաստանում: Մեծ մտավոր ունակություններ պետք չեն՝ հասկանալու համար, որ այդ բոլոր խնդիրները գտնվում են նույն հարթության մեջ: Ընտրակեղծիքներով վերարտադրվող իշխանությունը ժխտում է Հայաստանի պետականության, անկախության հիմքերը: Եթե մեկը տեսության մեջ կամ գործնականորեն չի ընդունում քաղաքացու ազատ ընտրության իրավունքը, ուրեմն նա անխուսափելիորեն, անշեղորեն հակադրվում է նաեւ Հայաստանի անկախության եւ Արցախի ինքնորոշման իրավական հիմքերին, որովհետեւ պարզ է, որ դրանք նույնպես հիմնված են ազատ ընտրության իրավունքի վրա: Ուրեմն՝ երբ ասում ենք՝ անկախացման գործընթաց, դրա առաջնային եւ դեռ չլուծված խնդիրը մնում է Հայաստանի քաղաքացու ազատ ընտրության՝ սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք հաստատումը: Առանց դրա՝ վաղ է խոսել անկախության նույնիսկ առաջին փուլի կայացման մասին, որովհետեւ մեր պետությունը հիմնված է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթի վրա: Այսինքն՝ քանի դեռ ՀՀ քաղաքացու ինքիշխանությունը միայն հռչակագրային է, բայց ոչ իրական, մենք դեռ անկախանում ենք, բայց ո՛չ անկախ ենք:

Ավելին. Հայաստանը շարունակում է մնալ եթե ոչ գաղութային, ապա կիսագաղութային պետություն: Պատահական չէ, որ անկախության 22-րդ տարեդարձի շեմին մեր երկրի առջեւ ծառանում են հենց անկախության հետ կապված լուրջ, ցայսօր աննախադեպ մարտահրավերներ, որոնք հետեւանք են արտաքին քաղաքական աննախադեպ տապալումների, իսկ ավելի խորքային առումով՝ հետեւանք են իշխանությունը կեղծիքներով եւ բռնությամբ զավթելու: Բռնությամբ ճնշված, գնդակահարված, ձերբակալված, կամ էլ ընտրությունների օրը ստիպողաբար կաշառված եւ նախիրի պես ընտրատարածք քշված քաղաքացուն ներկայացնող երկրի ղեկավարը արտաքին ուժերի հետ խոսակցության մեջ չունի ո՛չ մի ամուր ներքին հենարան, ո՛չ մի ամուր փաստարկ, եւ ինքն է հայտնվում ճիշտ նույն այն վիճակում, որում նրա կողմից ստորացված ՀՀ քաղաքացին է: Ուրեմն՝ կրկին գալիս ենք այն համոզման, որ Հայաստանի անկախացման հիմնական խնդիրը երկրի ներսում է, որ գործընթացի արտաքին մասը պետք է լցվի ներքին բովանդակությամբ, այլապես անկախությունը կմնա սոսկ ձեւ:

 

Փախստականները եւ մնացականները

 

Բա՞րդ են արդյոք այսօր մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Անշուշտ, բարդ են, բայց ոչ երբեք՝ անլուծելի կամ եզակի: Ազգային սնապարծության յուրահատուկ դրսեւորում է կարծել, թե Հայաստանի խնդիրները բացառիկ են, վիճակը հուսահատական է եւ անելանելի: Աշխարհի երկրների ճիշտ կեսը, եթե ոչ ավելին, կա՛մ մեզնից վատթարագույն, կա՛մ էլ մեզ նման վիճակում է: Իսկ մյուս կեսը եւս խնդիրներ ունի, որոնք իրենց տեսակետից լուրջ են, շատ լուրջ, գուցե նույնիսկ օրհասական: Առհասարակ ՝զարմանալի է կարծել, թե որեւէ պատմական փուլում, որեւէ ազգի կամ երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող են հեշտ եւ արագ լուծելի լինել: Կամ եթե վերցնենք հենց միայն անհատի կյանքի փորձը. ե՞րբ են խնդիրները լինում հեշտ: Պատմությունը քնքույշ մայրիկ չէ, ոչ էլ բարեգործական կազմակերպություն. այն ազգերի առաջ դնում է խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ հանուն այդ ազգերի պատմական գոյության իրավունքի ապացուցման (իսկ պատմական գոյությունը նշանակում է պետական գոյություն՝ պետությունից զուրկ ազգն, ըստ էության, պատմության սուբյեկտ չէ, այլ ուրիշ ազգերի պատմության օբյեկտ): Միայն մակաբույծներն են կարծում, թե պետք է առանց որեւէ ջանքի վայելեն ազգային կամ անհատական հաջողություններ, եւ միայն նեւրոտիկներն են ամեն լուրջ խնդրից խուճապի մատնվում ու հյուսում վախճանաբանական պատումներ մոտալուտ կործանման մասին: Հասուն անհատները եւ հասուն ազգերը գործում են: Հայաստանից եւ նրա խնդիրներից փախուստը ելք չէ նույնիսկ անհատական մակարդակով: Ոչ մի տեղ չես փախչի ինքդ քեզնից: Խնդրից փախչողը խնդիրը տանում է իր հետ: Ուրեմն՝ անկախ Հայաստանին պետք են ինքնավստահ, չվհատվող, սթափ բանականությամբ, երկարատեւ գործի համար լարված կամքով քաղաքացիներ, ուրախ հայեր, այլ ոչ թե մի ծայրահեղությունից մյուսը վայրկենապես ընկնող, բայղուշացող, օրիորդաց դպրոցի սաների պես ամեն ինչից նեղացող ու ուշաթափվող նեւրոտիկներ ու հոգով փախստականներ: Ստեղծագործող մարդու համար հետաքրքիր է ապրել Հայաստանում, որովհետեւ այստեղ է իրական ստեղծագործելու, կերտելու բանը: Այստե՛ղ եւ այսօ՛ր պետք է ստեղծագործենք մեր անկախ պետությունը: 

Նախորդ հոդվածը‘Անկախության հանրաքվե-22. Անկախությանն «ԱՅՈ» ասելով, մենք, մենք ու մերոնք ենք դառնում’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանը’