‘Խմբագրական. Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները’

2808

Հայաստանը 2014 թվական է մուտք գործել առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների է՛լ ավելի ցայտուն ու սրված դրսևորումներով, դրանց լուծման հարցում իշխանությունների ունակության և ցանկության կատարյալ բացակայությամբ, ինչպես նաև դրա հասարակական խորը գիտակցությամբ, սակայն նաև իշխանությունների դեմ պայքարի նոր ալիքի ծավալման տեսանելի հույսով:

Սերժ Սարգսյանի իշխանության հետ հույս չի կապում ոչ ոք, նույնիսկ իշխանական միջին և բարձր օղակներում հանգրվանածները: Բացառություն են կազմում նրա, նրա ընտանիքի և մերձավոր շրջապատի մեկ-երկու տասնյակ պետական կոռումպացված պաշտոնյաներ, «բիզնեսմեններ» և քրեական տարրեր: Ռեժիմի անհեռանկարայնությունն ու վնասարարությունը զգում են հասարակական գրեթե բոլոր խավերը՝ գործարար միջավայրը, պետական բյուրոկրատիան, զինվորականությունը, իրավապահ համակարգը, գիտական և մտավորական շերտերը: Եվ կամա թե ակամա՝ նրանց հայացքն այս պահին թեքված է դեպի ընդդիմադիր դաշտ՝ իրավիճակը հանգուցալուծելու և ելք գտնելու ակնկալիքով:

Հետևաբար՝ ոչ իշխանական ուժերի վրա դրված պատասխանատվությունն ավելանում է: Ինչպես և նախկինում, այսօր էլ քաղաքական օրակարգի ձևավորումը, գործընթացների հունավորումը ընդդիմության ձեռքերում են: Անցյալ աշնանից Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» համագործակցությունն ավելի առարկայական տեսք է ընդունել և նոր որակ ձեռք բերել: Այս ձևաչափի գործունեությունը էապես բարդացրել է Սերժ Սարգսյանի իշխանության կյանքը խորհրդարանում: Բայց Սերժ Սարգսյանի ռեսուրսները դեռևս բավարար են խորհրդարանական այս «պատերազմին» դիմակայելու համար, ուստի ակնհայտ ու անհրաժեշտ է այս դիմակայությունը տեղափոխել փողոցներ և հրապարակներ:

 

Հրապարակային բողոքի ալիքի (որի նպատակը պետք է լինի Սերժ Սարգսյանի հեռացումը) անհրաժեշտությունը հավելյալ հիմնավորումների կարիք, թերևս, չունի: Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ զզվանքն ու ատելությունը դարձել են հայաստանյան հասարակության առօրյայի մի մասը: Ավելին, հանգամանքների բերումով՝ այսօր այդ հարցում շահագրգռված են հասարակական գրեթե բոլոր խավերը, ինչը նախադեպը չունեցող երևույթ է հայկական քաղաքական իրականության մեջ: Ավելին, վերջինս միայն մեկն է այն նպաստավոր գործոններից, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են ընդդիմության համար երբևէ ստեղծված նմանատիպ իրավիճակներից ամենանպաստավորը: Առաջիկայում, թերևս, մենք այս հարցին կանդրադառնանք ավելի հանգամանալից: Իրավիճակը նպաստավոր դարձնող գործոնների համապարփակ ձևակերպումը կարևոր է ինչպես ընդդիմադիր ուժերի գործողություններն ավելի հաշվարկված և հիմնավոր դարձնելու, այնպես էլ հասարակության շրջանում առկա հիասթափության տարրերը չեզոքացնելու և ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովելու տեսանկյունից:

Ներկա փուլում ոչ իշխանական ուժերն, ըստ էության, կանգնած են իրենց քաղաքական ռազմավարությունը վերջնականապես կոնկրետացնելու, ձևակերպումները առավելագույնս հստակեցնելու խնդրի առջև: Որովհետև հակաիշխանական պայքարի տեղափոխումը փողոց նշանակում է Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարը մտցնել վերջնական փուլ: Դրանց մեջ ամենից կարևորը Սերժ Սարգսյանի հեռացման քաղաքական, եթե կուզեք՝ պատմական անհրաժեշտության արձանագրումն է: Այս հարցում առայժմ հստակ դիրքորոշում բարձրաձայնել է միայն Հայ ազգային կոնգրեսը: Ասվածը բացարձակապես չի նսեմացնում մնացյալ քաղաքական ուժերի գործունեության արդյունավետությունը: Այլ բան է, որ վերը նշված հստակեցումն անհրաժեշտություն է հրապարակային բողոքի ալիքի բարձրացման, դրա մաքսիմալ արդյունավետության համար: 

Առաջիկա կես տարին Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլանալու է՝ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, իսկ դրանից հետո, եթե նույնիսկ չի ուժեղանալու, ապա ուժեղացման հավելյալ ռեսուրսներ կարող է չունենալ նաև միացյալ ընդդիմությունը: Այսպիսի նպաստավոր ժամանակաշրջան հակաիշխանական ուժերը կարող է այլևս չունենան: Եվ գործընթացները ինքնաբերաբար հոսեն դեպի 2017-2018 թվականի ընտրություններ, ինչը կլինի ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ մի շարք «ընդդիմադիր» ուժերի և գործիչների երազանքը:

Նախորդ հոդվածը‘«Լևոն Խեչոյանը շքանշանի համար չի կռվել»’
Հաջորդ հոդվածը‘Տոնական օրերին գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, այդ թվում՝ երեխաների կողմից’