‘Խմբագրական. Ս.Սարգսյանը խոստովանեց, որ բոլորը դժգոհ են իրենից ‘

2700

Երեկ Սերժ Սարգսյանը կրկին խորհրդակցություն է անցկացրել: Այս անգամ` քաղաքաշինության նախարարությունում: Անխոս, ինքը` խորհրդակցություն ասվածը, որեւէ աղերս չունի այն հանդիպումների հետ, որոնք Սարգսյանն անցկացնում է տարբեր նախարարություններում: Բայց դրա մասին` մեկ այլ առիթով: Այս անգամ դառնանք Սերժ Սարգսյանի անցկացրած այս խորհրդակցության ժամանակ հնչած հայտարարությանը, որը կարելի է սենսացիոն համարել:

Ուրեմն, էս Սերժ Սարգսյանը, որ սիրում է խոսել այն մասին, որ պետք է բռնել գլխից` մեծերին, երեկ ասաց, որ իրենց թիմի վրա ցեխ են շպրտում:

Հետո թվարկեց, թե ովքեր են ցեխ շպրտում: Ասաց. «Որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ` առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սեւացնում են ե՛ւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ մեր աշխատանքը»:

Հիմա փորձենք հասկանալ` ինչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա պնդում է, որ իրենց վրա ցեխ են շպրտում: Քաղաքական առումով «ցեխ շպրտել» կնշանակի` անհարկի սեւացնել մեկի, անհարկի քննադատել նրա լավ աշխատանքը:

Եթե խոսվում է անհարկի քննադատության մասին, ապա առաջին հերթին` դա սովորաբար նշանակում է, որ ինչ-որ մարդկանց փոքր խումբ` առանց հիմքի ու փաստի ուղղակի քննադատում է օրուգիշեր աշխատող մի քաղաքական թիմի, որն իրականում լավ է կատարում իր պարտականությունները եւ վայելում է քաղաքացիների, հասարակական-քաղաքական ուժերի աջակցությունը:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում ինքը` Սերժ Սարգսյանը. ո՞ւմ է թվարկում:

Հեռուստաընկերություններ, թերթեր, տասնյակ կայքեր, ԱԺ 4 խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություներ, տասնյակ քաղաքական գործիչներ:

Այսինքն, հասարակական-քաղաքական դաշտում ով կա-չկա` Սարգսյանը բոլորին թվարկում է: Անշուշտ, չի կարելի բացառել, որ բանավոր խոսքում Սերժ Սարգսյանը լեզվի սայթաքում է թույլ տվել եւ հնչեցրել է ոչ թե այն, ինչ նախապես իր համար պատրաստել էին տեքստ գրողները, այլ այն` ինչ այդ պահին իրեն թելադրել է ենթագիտակցությունը:

Ենթագիտակցաբար` Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Հայաստանում բոլորը, անխտի՛ր բոլորը դժգոհ են իրենից եւ քննադատում են իրեն: Սարգսյանը ենթագիտակցաբար խոստովանել է, որ բացի ՀՀԿ-ից` ուրիշ ոչ ոք իրեն չի պաշտպանում: Սարգսյանն իրենից անկախ խոստովանել է իր նկատմամբ ձեւավորված հասարակական-քաղաքական դաշտի համընդհանուր դժգոհությունը:

Իսկ եթե հիշենք, որ այս հասարակական-քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ընտրողների եւ կողմնակիցների մեծաթիվ բանակը (թե ինչպես է ՀՀԿ-ն եւ նրան կցված ՕԵԿ-ը քվեներ ստանում, կարծում ենք` բոլորը գիտեն), ապա կարող ենք արձանագրել, որ երեկ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա հրապարակային խոստովանել է, որ Հայաստանում իրենից դժգոհ են բոլորը, եւ միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են մնացել, որ իրեն չեն քննադատում: Իսկ ՀՀԿ ու ՕԵԿ որ ասում ենք, նկատի ունենք միայն այդ կուսակցության քվոտաներով պաշտոններ ունեցող անձանց, որովհետեւ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե այդ կուսակցությունների մյուս անդամներին ինչպես են կուսակցական դարձնում:

Հ.Գ. Հենց այսպիսի դեպքերի համար է ասված. «Դու՛ ասացիր»:

 

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Երեւանում փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’