‘Խմբագրական. Վախի ցեցը խժռում է Սերժիկ Սարգսյանին ու ՀՀԿ-ին’

3473

Ազգային ժողովի 62 պատգամավոր այսօր դեմ քվեարկեց Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամներ Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի ներկայացրած «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ ՀՀ-ում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» ԱԺ-ի որոշման նախագիծը 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցին:

Կասեք՝ գուցե այդ կերպ քվեարկողները վստա՞հ են, որ ոչ մի չարաշահում չի եղել, դրա համար էլ «դեմ» են քվեարկել՝ դաժանագույն ռեժիմով աշխատող խորհրդարանի գերծանրաբեռնված ուսերին ավելորդ բեռ չդնելու համար: Մնաց՝ հավատացող գտնենք, որ Հանրապետական մեծամասնության «տասներկու ամսական հղի» որովայնները սեփական գլուխներից մի քանի րոպե ավելի շուտ են ներկայանում իրենց «ընտրողներին»՝ չարքաշ եւ օրնիբուն աշխատանքի եւ անսահման ժուժկալ ապրելակերպի պատճառով, եւ որ՝ սրանց ուսերին աճած գանգատուփերի մեջ այնպիսի սուպերուղեղներ են տեղադրված, որ առանց հարցը քննարկելու գիտեն՝ չարաշահումներ եղել են, թե՝ չեն եղել:

Քանի որ հավատացող չի գտնվի՝ նույնիսկ մի փոր հացի համար հանրապետականացվածների շարքերում, ուրեմն արձանագրենք, որ Ազգային ժողովում պատգամավորի աթոռն զբաղեցրած առնվազն 62 մարդ այսօր բացեիբաց խոստովանեց, որ իրենց համար գող-ավազակությունը, Հայաստանի քաղաքացիներին թալանելը դատապարտելի արարքներ չեն: Ինչն էլ՝ պարզ տրամաբանությամբ նշանակում է, որ «դեմ» քվեարկողները նույնպիսի գող-ավազակ ու թալանչի են՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների ու ախորժակի չափով:

Հայաստանում սա ոչ մեկի համար նորություն չէ, եւ այս տողերը գրելիս՝ հաստա՛տ ոչ մեկի չզարմացրի: Նորություն չէ նաեւ, որ ներկայիս Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցությունը ցանկացած հարց կարող է մերժել կամ ընդունել, քանի որ «արդար եւ ազատ» ընտրությունների միջոցով խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Եվ այդ մեծամասնությունն էլ, գրագետ-կիսագրագետ, թե կատարյալ անգրագետ՝ առանց բացառության, ուղեղներն անջատած (եթե ունեն՝ իհարկե)՝ կատարում են Բաղրամյան 26-ում բազմած իրենց կուսակցության ղեկավարի հրահանգները: Այսինքն՝ գլխավոր թալանչու: Այնպես որ՝ «դեմ» քվարկելու փոխարեն, «հանգիստ խղճով» կարող էին հարցը քննարկել ԱԺ-ում, մի քանի բոցաշունչ շարադրություն կարդալ ամբիոնից, ունենալ, հետո քվեարկել նույն ոգով, եւ գուցե մի քանի միամիտներ հավատային, որ ՀՀԿ վերնախավում բոլո՛րը չէ, որ գող-ավազակ են, խնդրեմ՝ քննարկեցին ու պարզեցին, որ չարաշահումներ չեն եղել (շնորհակալություն պարոնտարոնմարգարյանին):

Լկտիացե՞լ են: Ընդդիմադիր ուժերից այլեւս վախ չունե՞ն: Թքա՞ծ ունեն: Սերժիկ Սարգսյանը հաջողությամբ հանգցրե՞ց իր իշխանությունը վտանգող բոլոր կրակները՝ մեկին գնելով, մյուսին ահաբեկելով, երրորդին մեծամոլության վիրուսով փչացնելով…

Այսպես հեշտ է մտածել ու ձեռքերը լվանալ՝ մի կողմ քաշվել: Լկտիությունը չէ սրանց շարժիչ ուժը, եւ սառը տրամաբանությունն այս դեպքում չի գործում: Վախի աչքե՛րն են մեծ, շա՛տ են մեծ, իսկ այդ «վախ» կոչվածը վաղուց ի վեր իշխող կուսակցության ղեկավարի ու նրա վերնախավային միջավայրում տերուտիրական է: Քնած լինի ընդդիմությունը, թուլացած լինի, թե հիվանդ, միեւնույնն է՝ հանցագործությունների հսկա բեռան տակ ճկռած այս հանցախմբին երբեք չի լքում իրենց մշտական ուղեկից վախը:

Վախը՝ հասարակությունից, որը մի անգամ չի ապացուցել, որ ինքն անկանխատեսելի է եւ մի օր կարող է այնպես ծառս լինել, որ Բաղրամյան 26-ում քարը քարի վրա չմնա:

Վախը՝ հուսահատությունից ու անզորությունից ատամ կրճտացնողներից, որոնք մի օր կարող են նաեւպատասխանատու չլինել իրենց արարքների համար:

Վախը՝ արտերկրյա իրենց տերերից, որոնց առաջ իր ու իր նմանների համար Հայաստանն արոտավայր դարձրած Սերժիկ Սարգսյանը ծալծլվում ու նվաստանում է խղճահարություն առաջացնելու աստիճան:

Վախը՝ այս նույն «Հայռուսգազարդ»-ի տերերից, զանազան բիբիններից ու չիբաններից:

Նայած թե՝ ո՛ր պահին ո՛ր մեկի նկատմամբ է վախի նժարը ծանր:

Քանի դեռ ընդդիմությունն այնքան հզոր չէ, որ սրանց ուղարկի պատմության աղբանոցը, այս հանգրվանում մի մխիթարական բան, այնուհանդերձ, կա՝ աննախանձելի է ՀՀԿ-ի վիճակը, սեփական ձեռքերով կառուցած վանդակի մեջ պատեպատ են զարկվում, ու թեեւ անզեն աչքով տեսանելի չէ՝ արնաքամվում են:

Իրենք դա հրաշալի գիտեն: Մնում է՝ հասարակությունն էլ գիտակցի ու արագացնի այդ գործընթացը:

Հանուն Հայաստանի Հանրապետության:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ժամը 7.00-19.00-ն’
Հաջորդ հոդվածը‘Հինգ հայ թեկնածուներից երեքն անցել են Թուրքիայի խորհրդարան’