‘Խմբագրական. Վարչախմբի խուճապի ստույգ ախտանշանը’

2722

Վերջին օրերին իշխանական հրահանգներ կատարող մի քանի կայքեր անառիթ հարձակումներ են սկսել Կոնգրեսի ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Անառիթ ասելով՝ նկատի ունենք, որ ո՛չ որեւէ ելույթ է եղել, որին արձագանքեն, ո՛չ էլ առաջիկայում Կոնգրեսի որեւէ ակցիայի մասին հայտարարություն։ Ինչպես միշտ՝ չափազանց ցածրորակ այդ հապարակումների անհեթեթություններին, ըստ էության, անիմաստ է անդրադառնալ, սակայն դրանց հրապարակման փաստը կարեւոր է այլ իմաստով։ Դրանք կարեւոր են որպես իշխանական խոհանոցի ախտանիշ, ինչի մասին՝ քիչ անց։ Իսկ մինչ այդ՝ դրանց տրված մեր գնահատականը մերկապարանոց չհամարելու համար ընթերցողին ներկայացնենք անհեթեթության մի նմուշ։

Հիշյալ հրապարակումներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է նրանում, որ նա քաղաքական ասպարեզ մտավ ոչ թե պայքարելու իշխանության դեմ, այլ նրան այլ ուժերից պաշտպանելու, կասեցնելու համար որեւէ ընդդիմության հնարավոր հաղթանակը։ Հենց այդ նպատակով է նաեւ, որ Կոնգրեսից մեկուսացրեց այն մարդկանց, ովքեր «ֆիգուրներ» էին, եւ թողեց միայն «զինվորներին»։ «Ֆիգուրներին» հեռացրեց, որովհետեւ նրանց առկայությամբ անհնար էր խուսափել… հաղթանակից, նրանք ժողովրդին հաղթանակ կբերեին։ Թողեց միայն զինվորներին, որոնք լուռումունջ անում են այն, ինչ ասում է։ Ու «ֆիգուրների» մի ցանկ է բերվում. Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալիկ Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը։ Այս ցանկին մի այլ տեղ ավելանում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին Լ. Տեր-Պետրոսյանը «թույլ չտվեց» հաղթել։ Բայց այս ցանկում անուններ են, որոնցից ոմանք ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերում («Վիկիլիքսի» հրապարակումներում) հիշատակվում են որպես ԱՄՆ դեսպանատան ինֆորմատորներ եւ ազդեցության գործակալներ (տե՛ս)։ Ընդ որում, չնայած մատուցած ծառայությանն անգամ ՝ դրանցից մեկը՝ Արարատ Զուրաբյանը, բնորոշվում է որպես «գորշ միջակություն» (տե՛ս)։ Ի միջի այլոց, հետաքրքիր մի զուգադիպությամբ՝ այս ցուցակում գրեթե բոլորը (գուցե բացառությամբ մեկի) ԱՄՆ «Գրին քարտ» ունեն իրենց եւ ընտանիքի անդամների համար։ Լավ, այս ամենը՝ մի կողմ։ Մի հարց. եթե այս մարդիկ «ֆիգուրներ» էին, որ կարող էին հաղթանակ բերել, բայց նրանց դա թույլ չէր տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա ո՞վ է նրանց խանգարում, թող իրար գլխի հավաքվեն եւ բերեն այդ հաղթանակը։ Կամ՝ եթե նրանք «ֆիգուրներ» էին, ինչո՞ւ նրանցից յուրաքանչյուրի հետեւից գոնե կես տասնյակ «զինվոր» չգնաց։ Այս ամենն անհեթեթ կոչելը քիչ է, դրանք պետք է հանճարեղ կոչես՝ հանճարեղ գաղափար, որ կարող էին երկնել միայն Բաղրամյան 26-ում։

Ավելացնենք, որ մի քանի այդ հրապարակումներում հստակ երեւում է նաեւ Բաղրամյան 26-ից իջեցված հիմնական ուղղությունը, այն է՝ «նոր ընդդիմություն է պետք»։ Սա նույնն է, ինչ երկու տարի առաջ՝ «երրորդ ուժի» թեման, որ առնվազն մեկ տարի ոգեւորությամբ, բայց ապարդյուն որոճաց  «անկախ» մամուլը։

Սակայն ոչինչ պատահական չի լինում. եթե այս պահին Կոնգրեսի ու նրա առաջնորդի վրա հարձակումների առիթ չկար, ապա կար լուրջ պատճառ։ Ինչպես ոչ մեկ անգամ ցույց է տվել փորձը, նման միջոցի իշխանությունը դիմում է, երբ օբյեկտիվորեն ծանր խնդրի առջեւ է կանգնած լինում։ Ու որովհետեւ նման խնդիրը քաղաքական կապիտալիզացիայի կարող է ենթարկել Կոնգրեսը, սկսում է հարձակումներ նրա վրա։ Այսինքն՝ դրանով մատնում է իր խորը անհանգստությունը, խուճապը։

Հիմա ո՞րն է վարչախմբի անհանգստության հիմքը։ Դժվար չէ կռահել։ Վերջին շրջանի երեք, մեղմ ասած, սկանդալները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային բիզնեսի փաստն այնքան խայտառակ մի բան է, որ անգամ Ս. Սարգսյանը գերադասեց լռել, այդ մասին ոչինչ չասել, քանզի ինչ էլ որ ասեր՝ իր դեմ էր շուռ գալու։ Բոլորին է հայտնի, որ ինչ-որ մի (ոչ շատ մեծ) թվից հետո Սերժ Սարգսյանն անպայման տեղյակ է ֆինանսական շարժերին։ Օֆշորի պատմության  հսկայական թվերի դեպքում անհնար է, որ տեղյակ չլիներ։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես են դուրս գալու դրա տակից. հազիվ թե հնարավոր լինի կաշառել Կիպրոսի դատախազին, որն արդեն ասել է իշխանության ուզածի ճիշտ հակառակը։ Հաջորդ սկանդալը գոյացավ Վերահսկիչ պալատի հաշվետվության առիթով։ Վարչախումբը նկատի չէր ունեցել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, խորհրդարանում, ի դեմս Կոնգրեսի ներկայացուցիչների, կան պատգամավորներ, որոնք կարողանալու են «իմաստավորել» ՎՊ հաշվետվությունը։ Իսկ այդ «իմաստավորումը» բերեց նրան, որ անգամ հանրապետականները, Հ. Աբրահամյանի գլխավորությամբ՝ ստիպված եղան առերես «զարմանալ» ու «զայրանալ»՝ էս ո՞վ է համարձակվել լափել մեր պետական բյուջեի 70%-ը։ Դե երրորդն էլ Լիսկան էր իր հայտնի պատմությամբ. էս անգամ մի քիչ համը հանել էր, եւ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ իր «օրինակելի» մարզպետին, որի կերտած Սյունիքի օրինակով պետք է վերակերտվեր ողջ Հայաստանը։ Բանն այն է, որ այս ամենը դեռ ամենեւին ավարտված, առավել եւս՝ մարսված չէ։ Դրանց քաղաքական իմաստավորումը, քաղաքական կապիտալիզացիան կարող է հսկայական չափով մեծացնել Ս. Սարգսյանի՝ իշխանությունը կորցնելու վտանգը։ Իսկ այդ իմաստավորումը, ինչպես ցույց է տվել փորձը, հիանալի կարողանում է անել Հայ ազգային կոնգրեսը։ Ահա թե որտեղից է գալիս այն անհանգստությունը, ինչի առաջին ախտանշանը Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ ցածրորակ մի քանի հրապարակումներն են։

Ընդ որում՝ կախված այն բանից, թե ովքեր եւ ինչ մակարդակով են իրականացնում Կոնգրեսի դեմ նախագահականից եկած թեմատիկ պատվերը, դրանով կարելի է դատել իշխանության անհանգստության չափի մասին։ Օրինակ, երբ անհանգստությունն առաջին աստիճանի է, Կոնգրեսի ու նրա առաջնորդի դեմ գործի են դրվում մի քանի փնթի կայքեր ու համեմատաբար էժան պերսոններ։ Երկրորդ աստիճանում օգնության են գալիս ավելի «սոլիդները»,  «անկախ» թերթերը, նախկին «կոնգրեսականները», ներկա այլ «ընդդիմադիրներ» եւ հայտնի վերլուծագանգեր։ Երրորդ՝ նախախուճապային աստիճանում մարտի են նետվում ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած կամ տաքուկ այլ պաշտոններ ստացած Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Վազգեն Մանուկյանը, նույնիսկ՝ Արշակ Սադոյանը։ Այ, երբ նույն նպատակով հեռուստաէկրաններին կերեւա, օրինակ, Խաչիկ Ստամբոլցյանը, իմացեք, որ վարչախմբի ճակատագիրը մազից է կախված։

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 9-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս երկրորդ)’