‘Խմբագրական. Վերնախավի օրակարգն ընդդեմ երկրի օրակարգի’

2127

Անկախ Հայաստանը մուտք է գործում իր հերթական աշունը՝ տարվա եղանակ, երբ անկախությունը հռչակվել է: Սովորական է մեզանում խոսել թեժ կամ ոչ թեժ քաղաքական աշնան մասին: Այս անգամ էլ կան նման խոսակցություններ: Հարցը, սակայն, աշնան թեժ կամ ոչ թեժ լինելը չէ, որը կախված կլինի այլեւայլ հանգամանքներից: Հարցն այն է, որ անկախ թեժության արտաքին դրսեւորումների առակայությունից կամ բացակայությունից՝ հասարակական ներքին լարման աստիճանը շարունակում է միշտ բարձր մնալ մեր երկրում: Այսինքն՝ կարեւոր չէ՝արտաքուստ կայուն ու անհո՞ղմ է եղանակը, թե՞ թեժ ու ամպակույտ. իրական, խորքային կայունություն մեր հասարակական կյանքում  չի կարող լինել, քանի որ կարեւոր հակասությունները լուծում չեն գտնում:

             Հասարակության եւ վերնախավի շահերի հիմնարար բախում

 

Իշխող վարչակարգի շահերը շարունակում են խորը հակասության մեջ մնալ երկրի, հասարակության գերակշիռ մասի շահերի հետ՝ ահա՛ հիմնական խնդիրը: Այսօր մենք մտնում ենք աշուն երկու՝ մի կողմից՝ երկրի իրական, եւ մյուս կողմից՝  վերնախավի արհեստական օրակարգերով, ինչի հիմքը շահերի վերոհիշյալ հակասությունն է: Հասարակության գերակշիռ մասի օրակարգը երկրում ներքին արմատական բարեփոխումներն են՝ քաղաքական, իրավական, տնտեսական ոլորտներում՝ մենաշնորհերի կազմաքանդումը, ազատ ընտրությունները, խոսքի իրական ազատությունը, տնտեսական իրական մրցակցությունը, արդարադատությունը, կենսամակարդակի բարձրացումը….: Ի հեճուկս սրա՝ էլիտաները՝ իշխանության ներկայացուցիչները, ԶԼՄ-ները, փորձագետները, առաջ են քաշում արտաքինքաղաքական, «գեոպոլիծիկ» օրակարգ: Ըստ այդմ՝ ստացվում է, որ երկրի ներքին հարցերի լուծումը կախման մեջ է դրվում արտաքին գործոններից, որոնց մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է:

Քննարկման թեմա է դարձել «արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» արհեստածին հարցը: Այստեղ կա մեծ կեղծիք: Արժեքային առումով՝ սա ընդհանրապես գոյություն չունեցող այլընտրանք է, քանի որ, մեծ հաշվով, այսօրվա աշխարհում չկա էլ որեւէ այլ արժեքային համակարգ՝ բացի արեւմտյանից: Իհարկե, կարելի է խոսել «ավանդական», ադաթային ինչ-որ համակարգերի մասին, բայց պարզ է, որ դրանցից ոչ մեկը հիմք չի կարող ծառայել արդյունավետ պետական համակարգի ստեղծման համար: Առավել եւս պարզ է, որ չկա եւ չի կարող խոսք լինել ոչ մի առանձին «ռուսական», «եվրասիական» կամ նման որեւէ արժեհամակարգի մասին: Նման խոսակցությունները մտացածին սուռոգատներ են մերձինտելեկտուալ շրջանակների համար: Եւ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ինքը, թեկուզ՝ տարերային մակարդակով, կողմնակից է հիմնարար այն արժեքների, որոնք ընդունված է կոչել արեւմտյան, թեեւ, մեծ հաշվով, դրանք համամարդկային են: Մեկ անգամ չէ, որ մեր հասարակությունը ցույց է տվել հրապարակային զանգվածային պայքարի իր կամքն ընդդեմ բռնապետական համակարգի, այլ կերպ ասած՝ հանուն քաղաքականապես եւ տնտեսապես ավելի ազատ համակարգի: Մեր հասարակությանը, մեծ հաշվով, խնդիր չկա բացատրելու, որ իր շահերից են բխում ազատ ընտրությունները, խոսքի ազատությունը, տնտեսական մենաշնորհների վերացումը, արդարադատությունը, սոցիալական արդարությունը եւ այլն: Միգուցե հրապարակային զանգվածային պայքարի շարքային ամեն մի մասնակից չկարողանա գիտականորեն ձեւակերպել այդ խնդիրները, բայց տարերայնորեն նա այդ նպատակների կրողն է եւ այդ շահի գիտակցողը, քանզի դա իր համար կենսական խնդիր է: Հայաստանցու հարցը ոչ թե, ուրեմն, իր շահերն ու նպատակներն են, այլ դրանց իրականացման ձեւերն ու առաջնորդող ուժերը:

Հայաստանի ինքնիշխանության խնդիրը

Հայաստանցու կամքին եւ շահերին հակառակ՝ իշխող էլիտան եւ նրան կամ էլ դրսի ուժերին սպասարկող «վերլուծական հանրույթն» ունի այլ ձգտումներ եւ գործողության մոտիվներ: Չպետք է երբեք մոռանալ, որ Սերժ Սարգսյանը եւ նրա խումբը իշխանությունը զավթել են բռնությամբ, ընդվզման ճնշման եւ արյան գնով: Դա գործոն է, որը կարող են մոռանալ որոշ հանրային շերտեր, բայց որը միշտ առկա է եւ պայմանվորում է իրենով վերջին տարիների հասարակական զարգացումների խորքը: Մեծ հաշվով՝ հենց այդ է պատճառը, որ Սերժ Սարգսյանի քաղաքական նախաձեռնություններն անընդհատ արտաքին դաշտում են, նրա առաջարկած օրակարգերը վերաբերում են ոչ թե հասարակության ներքին խնդիրներին, այլ «գեոպոլիծիկային»: Ցայսօր նա պահել է իշխանությունն արտաքին ուժերի, այդ թվում՝ Արեւմուտքի աջակցության կամ գոնե չեզոքության շնորհիվ: Արտաքին ուժերին պարտական լինելով՝ նրանց օրակարգերի սպասարկմանն էլ ուղղված է Սերժի քաղաքականությունը: Թե չէ՝ ո՞ր օրվանից սովետական այդ հին չինովնիկը հանկարծ դարձավ արեւմտամետ կամ արեւմտյան արժեքների կրող: Դա ծիծաղելի է: Ինչպես որ ի սկզբանե նրա խնդիրը եղել է իշխանություն զավթելը՝ ի հեճուկս հասարակության կամքի, այնպես էլ այսօր նրա խնդիրն է իշխանության պահպանումը արտաքին նախաձեռնությունների գնով: Եթե իշխանության պահպանման ծրագիրը հաջողվի՝ անկախ նրանից, թե դա կլինի արեւմտամետ թե ռուսամետ նախաձեռնողականության գնով, ապա Հայաստանի հասարակությունը ոչինչ չունի շահելու այդտեղ: Խոսք անգամ լինել չի կարող արեւմտյան արժեքների մասին այդ դեպքում, որովհետեւ ներքին այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է դարձնեն քիչ թե շատ համահունչ այսօրվա աշխարհին, առարկայորեն հնարավոր չեն նման ծրագրի իրականացման դեպքում: Ոչ թե նույնիսկ՝ որովհետեւ Սերժ Սարգսյանը չի ուզենա դրանք իրականացնել, այլ որովհետեւ նա չի կարող դա անել, եթե միաժամանակ պետք է մտածի իր իշխանության ամրապնդման մասին: Սա է իրական խնդիրը, իսկ արեւմտամետ, ռուսամետ, թե ինչ, կներեք, զահարամետ քայլերն ընդամենը քող են: Եթե Սերժը մնում է իշխանության գլուխ, ապա Հայաստանը մնում է բռնապետություն, քանզի Սերժ Սարգսյանի իշխանությունը չունի բարեփոխումներ իրականացելու որեւէ ներքին ռեսուրս (եթե ունենար, որոշ քայլեր վաղուց կարվեին, այնպես չէ, որ իշխանության մեջ գտնվող մարդիկ բոլորը հիմար են ու չեն հասկանում, թե երկրին ինչ է անհրաժեշտ), իսկ եթե Հայաստանը մնում է բռնապետություն, ապա արեւմտամետ է այն, թե ռուսամետ, չինամետ է, թե աֆրիկամետ՝ տարբերություն չկա երկրի եւ հասարակության շահի տեսակետից: Պատմությանն անհայտ չեն աղքատ, հետամնաց, բայց արեւմտամետ բռնապետությունների օրինակներ: Այնպես որ՝ Հայաստանի ինքնիշխանության խնդիրը մնում է Հայաստանի ներսում եւ երբեք չի կարող լուծվել «գեոպոլիծիկայի» միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիա. ԱՄՆ կողմից ռազմական գործողությունները ձեռնտու են «Ալ-Քաիդային»’
Հաջորդ հոդվածը‘Արցախում նշում են Հանրապետության օրը. նախագահ Բակո Սահակյանի ուղերձը’