‘Խմբագրական. Վերցնում ենք դժգոհություններն ու գնում հրապարակ’

1897

Իշխանությունների արձագանքը Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի իրազեկմանը` ահագին ուշագրավ է: Մինչ ընդդիմությունն` իր համեմատաբար սահմանափակ ռեսուրսով փորձում է մարդկանց իրազեկել հանրահավաքի մասին, իշխանությունները հախուռն արձագանքով հաջողել են անել այն, ինչն ընդդիմությունն այդ մի քանի օրվա ընթացքում չէր հասցնի անել: Խուլիգանների հարձակումը թռուցիկ բաժանող երիտասարդների վրա ու ակտիվիստների բերման ենթարկումը նպաստեցին, որ նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք մինչ այդ չէին էլ խոսում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին, այժմ` անկախ իրենցից, իրազեկմամբ են զբաղված: Ընդ որում, նույնիսկ այն ԶԼՄ-ները, որոնք իշխանության հետ են համագործակցում:

Սխեման շատ պարզ է:

Իրազեկում-հարձակում-բերման ենթարկում-լուսաբանում:

Եթե իշխանությունները վախից խանգարում են իրազեկումը, կազմակերպում հարձակումներ ու ակտիվիստներին բերման ենթարկում ոստիկանություն, ապա հայաստանյան ԶԼՄ-ների առնվազն կեսը լուսաբանում է այդ իրադարձությունը: Եթե լուսաբանում են, որ երիտասարդներին բերման են ենթարկել, ապա ստիպված պետք է նշեն, թե որտեղից ու ինչ էին անում երիտասարդներն այդ ժամանակ: Ստիպված նշում են, որ իրազեկում էին իրականացնում: Իրազեկում էին ի՞նչը: Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը: Ու փաստացի, իշխանությունները` իրենց հախուռն գործողությունների արդյունքում, այս օրերին ավելի մեծ թափով են իրազեկել հանրահավաքի մասին, քան դա կարող էին անել մի քանի տասնյակ ակտիվիստներ` թռուցիկներ բաժանելով:

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ` ի՞նչ է եղել, ինչո՞ւ են այս հանրահավաքից առաջ իշխանությունները խառնվել իրար: Մի՞թե այլ հանրահավաքներ չեն տեսել: Տեսե՛լ են, և հենց այդ պատճառով էլ հիմա առավել քան վախեցած են:

Իշխանությունները վախենում են, շա՛տ են վախենում կոնկրետ մի բանից, և հենց այդ մի բանն էլ կարող է իրականություն դառնալ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:

Բանն այն է, որ իշխանություններն այնքան խնդիրներ են ստեղծել երկրում, որ չաղտոտված ոլորտ չեն թողել: Երբ տարիներ առաջ տարբեր քաղաքական գործիչներ ասում էին, որ սրանք հերթով հասնելու են «ԲՈԼՈՐԻՆ», շատերը, ովքեր կամ վախեցած էին, կամ` ինչ-ինչ այլ պատճառներ ունեին չընդվզելու, հույս ունեին, թե իրենց, ամեն դեպքում, ձեռ չեն տա: Բայց եթե թալանն ու պետական գանձարանի կողոպուտը սովորական կենսակերպ է դարձել այս իշխանությունների համար, իսկ թալանելու բան Հայաստանում այնքան էլ շատ չկա, գանձարանն էլ, վաղ թե ուշ, թալանի հետևանքով պետք է արդեն նկատելի դատարկվեր, ապա անխուսափելիորեն`գալու էր այն օրը, երբ իշխանությունները` գանձարանը քիչ թե շատ լցնելու համար չէին խնայելու արդեն անխտիր բոլորին: Եւ այդ հավանական օրն արդեն եկել է: Կենսաթոշակային ռեֆորմները, գազի, էլեկտրաէներգիայի, առաջին սպառման ապրանքների զգալի թանկացումները թալանի այն դրսևորումներն էին, որոնք բախեցին բոլորի դուռը: ՊԱՐՏԱԴԻՐ: Ու եթե անգամ մարդկանց համատարած ընդվզումներից ու բողոքներից սարսափած իշխանությունները` կենսաթոշակայինի հարցում տեղի տան, ու Սահմանադրական դատարանի ձեռամբ օրենքն ամբողջությամբ կասեցնեն, միևնույն է` արդեն ուշ է լինելու: Սառույցը շարժվել է: Այժմ բոլորը ոչ թե թալանի պոտենցիալ զոհ են, այլ իրական «զոհեր»: Մարդիկ լսել են` ինչպես են բախում իրենց դուռը, իրենց մաշկի վրա զգացել են թալանը, հետևաբար` նրանց արդեն դեմագոգիայով խաբել չի լինի:

Երբեմն ոմանք անկեղծորեն չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է իշխանությունը համատարած կոռումպացված լինել, անընդհատ թալանել ու թալանել բոլորին:

Երբ մարդուն բացատրում ես, որ Սերժ Սարգսյանի ստորագրած այս կամ այն փաստաթուղթը, օրենքը հակապետական է, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կասկածի տակ կդնեն ձեր խոսքերը: Ոչ թե որովհետև ձեզ չեն հավատում, կամ` Սերժ Սարգսյանին են հավատում, այլ որովհետև իրենց բնույթն է այդպիսին. քանի դեռ իրենց մաշկի վրա չեն զգացել, չեն հավատում դրա գոյությանը: Բայց թալանելու հարցում իշխանությունների աչքածակությունն այնքան ահռելի չափերի է հասել, որ սեփական մաշկի վրա թալանը զգալու հնարավորությունը նրանք տվել են յուրաքանչյուրին: Բոլորին` անխտիր:

Ու հիմա, երբ բոլորի դռները բախել են, և երբ բոլորին մի տեղ է պետք` դրա դեմ իրենց բողոքն արտահայտելու համար, այդ տեղը հիշեցնում է իր մասին. Ազատության հրապարակում` մարտի 1-ին, որտեղ ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ու իշխանությունները, որքան էլ որ հակապետական ու հանցագործ լինեն, այդուհանդերձ, իրենց սպառնացող ցանկացած վտանգ ունակ են զգալ. նրանք շատ լավ հասկանում են, որ եթե մի կողմից կա անընդհատ ավելացող ընդվզող զանգված, մյուս կողմից` քաղաքական ուժ ու քաղաքական գործիչ, ով կարող է հրապարակ հավաքել ու պահել` որքան անհրաժեշտ է, ապա իրենց վերջը մոտ է: Ու սա ոչ թե մեր բարի ցանկությունն է կամ սուբյեկտիվ ընկալումը, այլ` հենց իշխանությունների վախը, որն իրենք այլևս ի զորու չեն թաքցնել:

Նրանք շատ լավ գիտակցում են, որ ամեն մեկն իր դժգոհությունը կամ դժգոհությունները մարտի 1-ին վերցնելու ու գնալու է Ազատության հրապարակ, և եթե բոլոր դժգոհներն այդ օրը լինեն հրապարակում, հանրահավաքը կվերածվի համազգային բողոքի ցույցի: Եվ այդ ժամանակ իրենց ոչինչ չի փրկելու:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Սուտը և վիճակագրությունը. «Հայաֆիկացված» եվրաստանդարտներ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Գերխնդիրը երկրի անվտանգությունն է’