‘Խմբագրական. Վեց տարի անց (տեսանյութ)’

2662

Գրեթե ուղիղ 6 տարի առաջ` 2007-ի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքային ելույթը` երկար տարիների քաղաքական լռությունից և ընդմիջումից հետո: Վեց տարում` ժամկետ, որի ընթացքում այդ թվականին ծնված երեխաները հասցրել են դառնալ դպրոցական տարիքի, շատ բան է տեղի ունեցել. հույսեր կային, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, իսկ մյուս կողմից` ի հայտ եկավ քաղաքական պայքարի կամք, որն անկոտրում մնաց: Այդ օրվա հանրահավաքը սկիզբ դրեց մի նոր միասնության, որը հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում հասավ իր գագաթնակետին, ապա աստիճանաբար թուլացավ, և այսօր իրար հետ ուս-ուսի կանգնած մարդիկ գտնվում են տարբեր դիրքերում, ոմանք նույնիսկ՝ խրամատների տարբեր կողմերում: Բայց, թերևս, դա չէ ավելի ընդգրկուն պատմական տեսակետից էականը (բնական է, որ որևէ քաղաքական խոշոր միասնություն մի օր թուլանում է): Այսօր կարող ենք ասել, որ անկախ հետագա տարիների բոլոր վայրիվերումներին, եղածին ու չեղածին, 2007-ի հոկտեմբերի 26-ին հասարակական զարգացման նոր փուլ մտանք: Ովքեր հիշում են 2007-ի հասարակական իրավիճակը երկրում, պետք է որ հաստատեն` դա արմատապես տարբերվում էր հետագա տարիներից, և որ վերադարձը դրան այլև անհնարին է՝ փոխվել է ե՛ւ հասարակական պահանջարկը, ե՛ւ ինչ-որ տեղ նաև` առաջարկը:

Հիշենք մի քանի գործոն, որոնք մնայուն են՝ անկախ ամեն ինչից, և որոնք կարելի է համարել 2007-ի հոկտեմբերյան հանրահավաքի և դրանում հնչած խոսքի ուղղակի և անուղղակի հետևանքներ:

1. Սկսած 2007-ից ցայսօր` տեղի է ունենում հասարակական այլևայլ խմբերի ակտիվացում, քաղաքացիական նախաձեռնողականությունը, թեկուզև նեղ սահմաններում, նորմա է դարձել: Նոր սերունդը ներկայացնող լիդերները, հրապարակային դեմքերը, կարծիք ձևավորողները քիչ չեն, և նրանց առկայությունը նորույթ չէ ու զարմանք չի հարուցում այլևս: Այս ամենի մասին կարելի էր միայն երազել 2007-ին, և այս ամենը հնարավոր չէր լինի առանց 2007-ին սկսված հրապարակային զանգվածային մոբիլիզացիայի և դրա կենտրոնում գտնվող բանական և քննադատող խոսքի:

2. Որոշ չափով փոխվել է հանրային խոսքը: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները ստիպված են խոսել հասարակության համար ավելի ընդունելի լեզվով, հաճախ՝ «ընդդիմություն» խաղալ՝ ակամայից խոստովանելով, թե գիտակցում են քննադատական խոսքի ճշմարտացիությունը:

3. Ինչ-որ տեղ հրապարակային խոսքի ավելի բարձր ստանդարտներ են ձևակերպված: Համենայն դեպս, հասարակության մի մասի համար հրապարակային գործչից` բացի հուզականից, նաև խոսքի բանական, փաստարկված բնույթի պահանջը ավելի հստակ է, քան նախկինում:

4. Նոր պահանջներ կան նաև քաղաքական գործչից. քաղաքական գործունեության և կամքի երկարատևությունը, հետևողականությունը, անդադարությունը, ինչպես նաև դրա ավելի ամուր կազմակերպչական և կառռւցվածքային հիմքերի ապահովումը նույնպես գիտակցված են հասարակության մի մասի կողմից:

5. Որոշակի ծաղկում ապրեց հրապարակախոսական ժանրը: Այս տարիների ընթացքում ճանաչվեցին նոր անուններ, և քննարկվեցին մի շարք նոր գաղափարներ, բազմաթիվ հարցերի շուրջ թեժ բանավեճեր տեղի ունեցան:

6. Մարդիկ անցան հասարակական և քաղաքական պայքարի դպրոցի միջով, որը հնարավորություն տվեց` հատկապես նոր սերնդի ներկայացուցիչներին, ավելի իրապաշտական նայել հասարակական գործընթացներին, բայց մյուս կողմից էլ` սկզբունքայնության և աննահանջության օրինակներ ցույց տրվեցին:

7. Քաղաքական և հասարակական դաշտը փոխվեց. այսօր այդ դաշտը զգալի չափով գրավված է 2007-ին սկսված Շարժման մասնակիցներով: Ինչ-որ առումով մարդիկ ընտրելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան նախկինում:

Սրանք դրական կետերն էին, որոնց թվարկումը դեռ կարելի է շարունակել: Բայց, իհարկե, պետք է նշել, որ վեց տարի անց չլուծված է մնում 2007-ի հոկտեմբերի 26-ի հիմնական հարցադրումը՝ ավազակապետական վարչակարգի կազմաքանդումը Հայաստանում: Ավելին, այս տարիների ընթացքում խորքային հասարակական հակասությունները հասցրել են ավելի զարգանալ, և պետությունն, ընդհանուր առմամբ, թուլացել է թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզներում: Չեն լուծվել տնտեսական մենաշնորհների և փաստացի անազատության խնդիրը, ընտրակեղծիքների և դրանց դիմակայելու խնդիրը, արտագաղթի խնդիրը, իսկ արտաքին հարաբերություններում ունեցել ենք անվիճելի տապալումներ: Այս իմաստով առավել քան արդիական է մնում վեց տարի առաջ հնչած ելույթի ենթավերնագիրը՝ «իրերն իրենց անունով կոչելու ժամանակը», բայց դա այլ խոսակցության թեմա է: 

Նախորդ հոդվածը‘Ռուսական «Առաջին» ալիքը սկանդալային մանրամասներ է հայտնել Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը`գոլի, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ’