‘Խմբագրական. Վստա՞հ ես, որ վստահելի ես, Հայաստանի քաղաքացի’

3483

Երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում նստացույց է: Մեծ մասը երիտասարդներ են: Հրաշալի է:

88-ի հանրահավաքներում թրծվածներիս, 2008-ի ռոբասերժական գազանությունների համը տեսածներիս, տասը չափող ու մեկ կտրող փորձառու առաջնորդների ընտելացածներիս համար գուցեեւ մի քիչ անսովոր բողոքի այս ալիքը երբեմն ժպիտ է շարժում: Բայց սա՝ ոչինչ: Հուսանք՝ կժպտանք, կժպտանք, հետո մի օր կհասկանանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մեզ էր թվում:

Մտահոգիչն այլ հարց է, որը, ցավոք, միայն ներկա պահին Ազատության հրապարակում հավաքվածներին առաջնորդողներին չի բնորոշ: Տեսել ենք եւ տեսնում ենք, թե ինչպես են օրերից մի օր մի քանի տասնյակ մարդիկ հավաքվում իրար գլխի, հետո ինչ-որ կազմակերպություն կամ կուսակցություն են ստեղծում, հետո հանդիսավոր հայտարարում են, որ իրենք ուրիշ են, սրբի պես մաքուր են, ոչ թե, օրինակ, էսինչների կամ էնինչների նման վատն են ու մեղքերի մեջ թաղված, եւ սկսում են շատ ուրիշ-ուրիշ ձեւով պայքար մղել… Արդյունքները դեռեւս ժողովուրդը չի տեսել, բայց մենք շատ լավատես ժողովուրդ ենք, դեռ սպասում ենք:

Եթե պարզունակացված եւ մի քիչ էլ գռեհկացված վերարտադրենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի այս ակցիայի խոսափողների տերերի բարձրաձայնած մտքերը, ապա՝ իրենց շուրջը պետք է հավաքվեն մարդիկ, ում վստահում է ժողովուրդը:

Շա՛տ ճիշտ են ասում: Միայն թե չեն որոշակիացնում՝ ինչ հրաշագեղ գործիքով են չափել-չափչփել, թե ու՛մ է վստահում ժողովուրդը: Նախ՝ ժողովուրդը միադեմ չէ, եւ ի ցավ իրենք իրենց վստահելի հայտարարողների, վստահում են նաեւ իրենց սեւ ցուցակներում հայտնվածներին: Եվ գուցե՝ անհամեմատ ավելի շատ են վստահում, քան, ավաղ, իրենց՝ վստահելիներին: Դժվար չէ հետեւություն անել, չէ՞, որ եթե խոսափողն իրենց ձեռքն են առել եւ ժողովրդին կոչ են անում միանալ իրենց, ուրեմն համարում են, որ հասարակությունը հենց իրե՛նց է վստահում եւ մեկ էլ նրանց, ում իրե՛նք կվստահեն խոսափողը:

Ես ամենեւին դեմ չեմ, որ ժողովուրդը կարող է վստահել այս երիտասարդներին, եւ տա Աստված, որ նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ մարդիկ իրոք վստահեն իրենց: Ինքս չեմ ճանաչում նրանց, եւ իմ վստահության չափանիշն էլ պարզագույն է ու միանշանակ՝ վստահելի են նրանք, ովքեր բացճակատ, առանց սեթեւեթանքների պայքարում են այս երկիրն անդունդը գլորած, հենց այս նույն էլեկտրաէներգիայի թանկացման, բոլոր թանկացումների եւ առհասարակ մեր երկրում կատարվող բոլոր չարագործությունների գլխավոր մեղավոր Սերժիկ Սարգսյանի դեմ: Իսկ նրանք, ովքեր, օրինակ, պայքարում են որեւէ թաղապետի կամ բթամիտ ու լպիրշ պատգամավորի կամ՝ ինչ-որ նախարարի ու վարչապետի դեմ՝ Բաղրամյան 26-ը զավթողին «աչքաթող անելով», ուրեմն՝ առնվազն անթույլատրելիության աստիճանի միամիտ են: Կամ՝ իրենց խաղն են խաղում եւ զուր են հույսեր փայփայում, որ ժողովուրդը մի օր կվստահի իրենց:

Երեք օր է՝ ոգեւորված միանում եմ ֆեյսբուքյան կոչերին՝ շտապել Ազատության հրապարակ, միանալ նստացույցի մասնակիցներին, հետները երգել ու պարել, խանդավառվել…

Հետո հիշում եմ հանրահավաքի առաջին օրվա ելույթները, ու խանդավառությունս մարում է: Ես, ախր, շատ հին մարդ եմ, պայքարի երկար ճանապարհ եմ անցել, ի՞նչ իմանամ՝ արդյո՞ք ես էլ անվստահելիների սեւ ցուցակում չեմ, եւ իմ ներկայությունն Ազատության հրապարակում պատճառ չի դառնա, որ առնվազն մի տասը վստահելիի տոնական տրամադրությունը փչանա:

Որպես պայքարի «հնաբնակ»՝ ասեմ, որ երբ 88-ին մայրաքաղաքի հրապարակներն ու փողոցները գրավեցինք, մեղավորներին ու անմեղներին չէինք զատում: Սովետական Միությունում ծնված-մեծացած ժողովուրդ էինք, եւ հաստատ՝ հրեշտակները շատ քիչ էին մեր շարքերում: Բայց մեղավոր-անմեղներով մի բռունցք դարձանք, որովհետեւ ընդհանուր հակառակորդ ունեինք եւ լուսավոր նպատակ:

Որոշակիացրեք, սիրելիներս, թե ո՛վ է մեր երկիրը կործանողը, եւ ի՛նչ է ուզում հասարակությունը: Եթե էլէներգիան չթանկացնեն՝ երջանկանալու՞ ենք ու ցրվենք «տներով», թե՞ շարունակելու ենք պայքարել, որովհետեւ ուզում ենք ապրել ազատ եւ արդար Հայաստանում:

Չարախնդություն չփնտրել տողատակերում: Ընդամենը ճորտատիրական կարգերն ատող ու մի քիչ հոգնած Հայաստանի քաղաքացու մտահոգություն է սա:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արաբկիրում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց «Պետական պարտքի մասին» օրենքի նախագիծը’