‘Խմբագրական. Տեր-Պետրոսյանի ելույթը եւ քաղաքական իրավիճակը’

2625

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի մեկի հանրահավաքում բավականին բազմաշերտ էր իր բովանդակությամբ եւ տարբեր հասցեատերերի՝ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, արտաքին ուժերին հղված ուղերձներով, ինչն ընդհանրապես բնորոշ է նման կարգի քաղաքական ելույթներին։ Այս ինքնին պարզ թվացող հանգամանքը հատուկ շեշտում ենք, որովհետեւ նկատելի է, որ քաղաքական կյանքով հետաքրքրվող կամ էլ հասարակական դաշտում ակտիվ մեր հայրենակիցներից շատերը, թերեւս, այդքան էլ պարզ չեն գիտակցում դա։ Կարծում ենք, որ նախքան ավելի հանգամանալից վերլուծություններ ներկայացնելը, ավելորդ չէ համառոտ ամփոփել առաջին նախագահի ելույթի հատկապես այն հատվածը, որն ուղղված էր քաղաքական ուժերին՝ մեր ընթերցողների մի մասին դա ավելի պարզ դարձնելու նպատակով։ Իհարկե, պարզ է, որ այս ամփոփումն ավելին չէ, քան անձնական դիտակետ։

Տեր-Պետրոսյանի ուղերձը քաղաքական ուժերին

ա. Իշխանափոխության համար երկրում առկա է ինչ-որ տեղ աննախադեպ բարենպաստ իրավիճակ.

բ. Հայ ազգային կոնգրեսը եղել եւ մնում է ամբողջական իշխանափոխության կողմնակից, որը ենթադրում է Սերժ Սարգսյանի հրաժարականի, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջ.

գ. Այդ ծրագրի իրականացումը, բնականաբար, ենթադրում է լայն քաղաքական համախմբում՝ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ այլ որեւէ ուժ ի զորու չէ միայնակ իրականացնել դա.

դ. Ոչ իշխանական մյուս խորհրդարանական ուժերը, սակայն, այս պահին ունեն այլ ծրագիր, որը կարելի է պայմանականորեն կոչել «մեղմ» իշխանափոխություն, եւ որը ենթադրում է, այսպես ասած, ազգային համաձայնության կառավարության ձեւավորում.

ե. ՀԱԿ-ը դեմ չէ այդ ծրագրին կամ նրան, որ համապատասխան ուժերն այդ ծրագիրն իրականացնեն.

զ. ՀԱԿ-ը պատրաստ է աջակցել այդ ծրագրին խորհրդարանական իր խմբակցության ուժերով՝ միաժամանակ, սակայն, շեշտելով, որ չի պատրաստվում մասնակցել ենթադրելիք ազգային համաձայնության կառավարությանը՝ անկախ բոլոր հանգամանքներից.

է. ՀԱԿ-ը, չժխտելով խորհրդարանական պայքարի կարեւորությունը, հույս ունի, որ երկրի ճակատագրով մտահոգված մյուս ուժերն ի վերջո կմիանան հանրահավաքային պայքարին:

Ելույթի քաղաքական շրջարկը. երկու ծրագիր՝ երկու «տեխնիկա»

Այժմ մի քանի խոսք ավելացնենք այս ամենին՝ արդեն որպես հեղինակային, անձնական մեկնաբանություն իրավիճակին։ Շեշտենք, որ ներքոշարադրյալ մեկնաբանություններն արդեն հենց անձնական են, ներկայացնում են տողերիս հեղինակի կարծիքը. այլ կերպ ասած՝ հետագա շարադրանքով կփորձենք ոչ թե Տեր-Պետրոսյանի խոսքը բացել, այլ ներկայացնել այդ խոսքում արտացոլված իրականության մե՛ր տեսլականը։

Այն, որ իշխանափոխության համար Հայաստանում այսօր ստեղծվել է նպաստավոր իրավիճակ, համաձայն են, կարծես թե, շատերը՝ քաղաքական ուժերը, փորձագետները, լայն հասարակության զգալի մասը։ Քաղաքական ուժերի շրջանում կա, սակայն, ինչպես տեսնում ենք՝ երկու մոտեցում։ Առաջինը Կոնգրեսի՝ ամբողջական իշխանափոխության տարբերակն է, երկրորդը՝ խորհրդարանական մյուս՝ ոչ իշխանական ուժերի «փափուկ» ծրագիրը։

Երկու ծրագրերը ենթադրում են տարբերվող «տեխնիկական» լուծումներ։

Առաջին՝ ամբողջական իշխանափոխության ծրագիրը ենթադրում է զանգվածային հրապարակային մոբիլիզացիա, այլ կերպ ասած՝ հանրահավաքային գործընթաց։ Հաշվի առնելով ԱԺ-ում առկա՝ ընդդիմությանը նպաստավոր դասավորությունը, ինչպես նաեւ վերնախավային ճգնաժամը, այդ գործընթացը կարող է հանգեցնել խաղաղ իշխանափոխության։ Ինքնին պարզ է, որ որեւէ քաղաքական ուժ չի կարող միայնակ ստանձնել այդ գործընթացի պատասխանատվությունը՝ նման դեպքերում հաջողության գրավականը միշտ էլ լայն քաղաքական եւ հասարակական համախմբումն է։ Որպեսզի այս ծրագիրը կայանա, անհրաժեշտ է, որ ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ մյուս ոչ իշխանական ուժերը միանան դրան։

Երկրորդ ծրագիրը, չբացառելով հրապարակային պայքարի դրսեւորումները, ենթադրում է մի փոքր այլ լուծում։ Սրա շեշտը խորհրդարանական գործընթացներն են, իսկ «փողոցային» պայքարը կոչված է ավելի աջակից դեր կատարելու։ Նպատակը նույնպես ավելի համեստ է՝ կառավարության հրաժարական, նոր, ըստ էության՝ «ազգային համաձայնության կառավարության» ձեւավորում, որով Սերժ Սարգսյանն ի վերջո պետք է վերածվի, այսպես ասած՝ «անգլիական թագուհու»։

Սա իրականությունն է, այժմ ներկայացնենք մեր գնահատականը։

Իրավիճակի գնահատական. սյուժե, կինո, «կռիվ»

Երկրորդ ծրագիրը, ունենալով ավելի համեստ նպատակ, դրանով իսկ ավելի իրականանալի է թվում։ Սակայն կարծում ենք՝ ամեն ինչ ավելի բարդ է։ Նկատի ունենք հետեւյալը։

ա. Ընդհանրապե՛ս ավելի իրականանալի են ոչ թե ավելի համեստ, այլ ավելի պարզ «մանեւրներ» ենթադրող ռազմավարական ծրագրերը։ Տվյալ դեպքում, մեր համեստ կարծիքով՝ ամբողջական իշխանափոխության ծրագիրը ենթադրում է ավելի պարզ մարտավարություն եւ ավելի քիչ «շարժ», քան «փափուկ» ծրագիրը։

բ. Չնայած ԱԺ-ում ոչ իշխանական ուժերն այսօր աննախադեպ պատկառելի քանակով են ներկայացված, սակայն նրանք չունեն անհրաժեշտ մեծամասնություն՝ կառավարություն փոխելու համար։ Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է իշխող ուժից որոշ թվով ձայների «արտահոսք»։ Դա ոչ այնքան հեշտ, սակայն, տեսականորեն իրականանալի է։

գ. Անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնության ձեւավորմանը, այսինքն՝ իշխող ուժից ձայների «արտահոսքի» կազմակերպմանը հասնելու համար առաջնային նշանակություն կարող է ունենալ հենց «փողոցային» պայքարը։ Իսկ «փողոցային» անհրաժեշտ գործընթացի կազմակերպումն էլ ունի ժանրային իր կանոնները, որոնք դժվար է անտեսել։

դ. Ինքնին՝ հանրահավաքը դեռ քաղաքական գործընթաց չէ։ Քաղաքական գործընթացի սկիզբ դնելու համար, մանավանդ՝ երկրատեւ դադարից հետո, անհրաժեշտ է, բացի ամենից՝ «սյուժե» կամ, պատկերավոր ասած՝ «կինո»։ Որպեսզի երկրում հոգեբանական իրավիճակ փոխվի, եւ մարդիկ հավատան իշխանափոխության հեռանկարին, բավական չէ համընդհանուր դժգոհությունը։ Մարդիկ պետք է տեսնեն, զգան ուժային բեւեռի ձեւավորում հրապարակում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է «կայծ»։ Օրինակ, 2007-ին «կինոյի» կամ «կայծի» դեր կատարեց «Տեր-Պետրոսյանի վերադարձը» սցենարը, որն, ըստ էության՝ շատ հին, իր բնույթով արխետիպային՝ «թագավորը վերադառնում է» սցենարի դրսեւորումն էր։ Մարդիկ հավատացին, որ ձեւավորվել է ուժ, եւ հնարավոր է «կռիվ», որի արդյունքում քաղաքական իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց՝ մեռած համարվող քաղաքական դաշտը հարություն առավ։

ե. Այսօր «սյուժե» ստեղծելու համար անհրաժեշտ է «միավորում» սցենարը, որը կարող է զարկ տալ արդեն անշրջելի քաղաքական գործընթացի՝ «կինոյի» ծավալմանը։ Անսյուժե քաղաքական եւ պատմական գործընթացները դժվարությամբ են իրականանում, եթե իրականանում են ընդհանրապես։

զ. Բայց այստեղ յուրահատուկ փակ շթղա է ստեղծվում։ «Միավորում» սցենարի իրականացումն ինքնին շեշտը տեղափոխում է ԱԺ-ից հրապարակային գործընթացներին։ Այս դեպքում ԱԺ-ն է դառնում աջակցող, իսկ Հրապարակը՝ հիմնական տանող ուժ։ Հետեւաբար՝ ստացվում է պարադոքս՝ երկրորդ՝ փափուկ ծրագիրն ինքն իր մեջ ենթադրում է առաջին՝ կոշտ ծրագրի իրականացում։ Իսկ եթե այդպես է, ապա փոխվում է եւ նպատակը՝ ինքնին, բնականից, օրինաչափորեն հարց է դրվում ամբողջական, ոչ թե փուլային իշխանափոխության։

է. Քաղաքական սյուժետավորման տեսակետից բավականին թերի է թվում նաեւ «փափուկ» ծրագրի բուն նպատակը։ Եթե պատկերացնենք, որ, այնուամենայնիվ, հաջողվում է ազգային համաձայնության կառավարության ստեղծումը, դա մեծ հաշվով ոչ թե հարցի վերջնական լուծում է, այլ վեջնական լուծման հետաձգում։ Դա այդպես է, քանի որ Սերժ Սարգսյանի եւ հասարակության լայն շերտերը ներկայացնող քաղաքական ուժերի կոնֆլիկտը պահպանվում է՝ պարզապես այն ստանում է ժամանակավոր փոխզիջումային լուծում։ Նման քաղաքական լուծումները սովորաբար անկայուն են եւ ձգտում են այս կամ այն կողմ հանգուցալուծման։ Եվ եթե այս պահին ուժի հաշվեկշիռը ա՛յս կողմն է, ապա վաղն այլեւայլ անկանխատեսելի հանգամանքների բերումով այն կարող է հայտվել հակադիր կողմում։ Ուշ թե շուտ անկայուն իրավիճակը պետք է հանգուցալուծվի, եւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ո՛ր կողմ կարող է թեքվել կշեռքի նժարը։ Հաստատ կարելի է ասել միայն մեկ բան՝ կողմերից ոչ մեկը ձեռքերը ծալած չի նստելու։ Աստված չտա, որ հանգուցալուծումը լինի այնպիսին, ինչպիսին նման իրավիճակում անկախ Հայաստանի պատմության մեջ այն արդեն եղել է (հիշենք «Միասնություն» դաշինքի պատմությունը)։

Կանխատեսում

Այսքանը, եւս մեկ անգամ շեշտենք, սոսկ տողերիս հեղինակի անձնական կարծիքն է՝ առանց վերջնական ճշմարտություն լինելու հավակնության։ Այս մտորումները բխում են ոչ այնքան գրքային, որքան քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ հետեւելու կենդանի փորձից։ Չենք բացառում, որ սխալվենք մեր գնահատականներում, եւ կյանքն ապացուցի հակառակը։ Այնուամենայնիվ, մեր կանխատեսումն այն է, որ ոչ իշխանական ուժերն իրենք իրենց փորձից են գալու այն տեսակետին, որը մենք այս պահին պաշտպանում ենք, եւ միանալու են ամբողջական իշխանափոխության նպատակով ծավալվելիք զանգվածային հրապարակային պայքարին՝ սկիզբ դնելով նոր քաղաքական գործընթացին, որի պարագայում արդեն ԱԺ-ում ներկա դասավորությունը կստանա նոր՝ ավելի վճռական եւ արդյունավետ նշանակություն։ Այս ամենն, ըստ մեր համեստ կարծիքի, ոչ թե բխում է անձնական ցանկություններից, համակրանքներից, պայքարի նախընտրելի ձեւերից, այլ տեղի է ունենալու օրինաչափորեն՝ բխելով քաղաքական զարգացումների տրամաբանությունից, եթե, իհարկե, մենք բոլորս համարժեք գտնվենք իրավիճակի պահանջներին։

Եթե սա էլ իրականություն չդառնա, ուրեմն մեր հասարակությունը կարող է կորցնել զարգացման նոր փուլ դուրս գալու եւս մեկ հնարավորություն եւ պետք է շատ բան սկսի զրոյից՝ համապատասխան հետեւանքներով:

Չենք կասկածում, սակայն, որ նույնիսկ այդ՝ ծայրահեղ անբարենպաստ պայմաներում, Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է իր պայքարն ու առաքելությունը՝ մինչեւ մեր քաղաքական նպատակների վերջնական իրականացում։ Համենայն դեպս, ավելորդ չենք համարում նշել, թեկուզեւ՝ համեստության սահմաններից մի փոքր դուրս գալու ռիսկով, որ վերջին հանրահավաքն իր բազմամարդությամբ ամենաազդեցիկն էր 2011թ. հետո, երբ հրապարակվեց քաղաքագիտական վերլուծությունը, ինչն ապացուցեց ինչպես իշխանական, այնպես էլ «ընդդիմադիր» ուժերի տեսակետների սնանկությունը: Հանրահավաքը հերթական անգամ ապացուցեց, որ Կոնգրեսը մնում է ընդդիմադիր դաշտի այն առաջնային ուժը, որն ի զորու է մոբիլիզացնել զանգվածներին եւ լցնել Հրապարակը՝ նույնիսկ երկարատեւ դադարից հետո։

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ԴԽ-ն խնդրում է Պուտինին հետ կանչել Վաշինգտոնից ՌԴ դեսպանին ‘
Հաջորդ հոդվածը‘ Երևանում մեկնարկել է Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը’