‘Խմբագրական. «Տներով գնալ» չկա’

2986

Եւ ի՞նչ է կյանքը, եթե ոչ՝ անդադար պայքար: Մարդկության ամբողջ պատմությունը անդադար պայքարների մի ամբողջ շղթա է: Պայքար՝ հանուն ապրելու իրավունքի, ազատության իրավունքի: Եւ մի՞թե պայքարը կարող է ավարտ ունենալ, կամ էլ թե՝ պայքարելով դադարո՞ւմ եք ապրել: Ոչ, իհարկե, որովհետեւ կյանքն ինքը հենց այդ պայքարն է, որ կա: Մենք ամեն օր էլ լոկալ հազարավոր պայքարներ ենք մղում, որովհետեւ հասկանում ենք, որ հենց դադարեցինք պայքարել, կդադարենք նաեւ ապրել: Պայքարն ախր շնչելու նման մի բան է: Եւ կապ չունի՝ այսօր դու քո հազարավոր լոկալ պայքարներից մեկում հաջողության հասե՞լ ես, թե՞ ոչ, դու ձեռքերդ չես ծալում ու չես խռովում ինքդ քեզանից, դու, մեկ է՝ շարունակում ես հաջորդ օրն էլ պայքարել, մյուս օրն էլ, եւ այդպես՝ մինչեւ վերջ: Բայց ոչ թե պայքարի վերջը, որովհետեւ այն վերջ չունի, այլ մինչ այն պահը, երբ դու այլեւս ֆիզիկապես ի վիճակի չես լինի պայքարել:

Որովհետեւ ոչ միայն հենց քո ու միայն քո բնույթն է այդպիսին՝ պայքարել անդադար, այլեւ՝ ողջ մարդկության բնույթն է այդպիսին: Հակառակ դեպքում մենք մի՞թե կունենայինք այն, ինչ այսօր ունենք: Մենք՝ մարդկությունը: Չէ՞ որ ամեն մի առաջընթաց մարդկության երկարատեւ պայքարի արդյունք է: Այո, մենք դեռ վերջնականապես չենք բացահայտել կյանքի գաղտնիքը, արարչագործության գաղտնիքները, բայց այն, ինչին հասել է մարդկությունը՝ ծնվելու պահից հետո, հենց այդ անդադար պայքարի արգասիքն է, որովհետեւ չի կարելի հաղթահարել ոչ մի մարտահրավեր, դժվարություն, անգամ՝ մարդկությանը սպառնացող որեւէ անծանոթ երեւույթ, եթե չպայքարես:

***

Հայաստանում քաղաքական զարգացումներով հետաքրքրվողների շրջանակներում մի ուշագրավ իրողություն կա: Մարդկանց զգալի մասը պայքարը ոչ թե անդադար մի պրոցես է պատկերացնում՝ անընդհատ ավելի լավին հասնելու ձգտումով, անընդհատ կատարելագործվելու նպատակով, այլ մի ինքնաբուխ եւ կարճատեւ էմոցիոնալ պոռթկում. երբ գալիս է պահը, պոռթկում ես՝ արագ արդյունքի հասնելու ցանկությամբ, եւ եթե հաջողությունը չի գրանցվում ճիշտ նույն օրը, որը կանխատեսել էին, ապա սկսում են կարծել, թե պայքարն ավարտվել է: «Ոտքի կանգնել, արագ փոխել առկա իրավիճակն ու գնալ տուն»: Սա է պայքարի մասին մեծ մասի պատկերացումների համառոտ նկարագիրը: Իրականում, սակայն, մենք վաղ թե ուշ պետք է հանգենք մի քանի պարզ իրողության. պայքարը չունի ոչ սկիզբ, ոչ էլ, առավելեւս՝ ավարտ: Պայքարը մեզանից առաջ արդեն սկսել էին, մենք ընդամենը շարունակում ենք այն, եւ մեզանից հետո դեռ կլինեն շատ ու շատ պայքարողներ: Պայքարն, այո, ունի կուլմինացիա, բայց այն մեկը չի կարող լինել, որովհետեւ թե այդպես լինի, եւ բաղձալի արդյունքին հասնելուց հետո որոշենք, որ արդեն կարելի է «գնալ տներով», ապա, առաջընթացի փոխարեն, եթե ոչ անմիջապես, ապա՝ առնվազն մոտ ապագայում, կունենանք միայն հետընթաց: Եւ դա՝ լավագույն դեպքում: Մենք մի օր ուղղակի պետք է գանք այն պարզ մտքին, որ անկախ արդյունքներից՝ երբեք ու երբեք չպետք է մտածենք «տներով գնալու» մասին: Ոչ միայն՝ այն դեպքում, երբ դեռ արդյունքի չենք հասել, այլեւ, առավալեւս՝ այն դեպքում, երբ մեզ կթվա, թե հասել ենք մեր նպատակներին:

«Տներով գնալ» ուղղակի չկա: Վհատվել, հուսահատվել չկա: Ումի՞ց պիտի հուսահատվենք, ինքներս մեզանի՞ց, ինչի՞ց պիտի վհատվենք: Պայքարը, բնականաբար, հաճույք չէ, պայքարն աշխատանք է, ծանր, երբեմն՝ անտանելի, բայց անդադար աշխատանք է, մենք պայքարից ոչ խիստ ոգեւորվելու, ոչ էլ վհատվելու իրավունք չունենք, որովհետեւ մենք գործ ենք անում: Կգա ժամանակը, եւ մենք, գուցե այդ պահի ունեցած արդյունքները դրական գնահատելով՝ կորոշենք մի փոքր հանգստանալ, բայց դա կլինի ընդամենը դադար՝  պայքարը շարունակել սկսելուց առաջ: Այո, կգա այդ ժամանակը, որովհետեւ ամեն ինչ իր ժամանակն ունի, հիմա, օրինակ՝ մի փոքր (շատ կարճ) դադար տալու, վերադասավորվելու, ռեսուրսները վերահաշվարկելու ժամանակն է, բայց դա անվերջ չի տեւի, որովհետեւ կգա հենց իր ժամանակը, եւ մենք նորից, առանց ավելորդ էմոցիաների եւ ոգեւորության, կանենք այն, ինչ արել ենք, ինչ պետք է անենք ու ինչ կանենք անդադար, որովհետեւ գիտենք, որ կյանքն ինքը պայքարն է:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Ցույց Էներգետիկային նախարարության դիմաց. Նաիրիտցիները հանդիպում են պահանջում նախարարի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Արտագաղթ». Գյումրի. Որ 100 հազար մա՞րդ մնա Հայաստանում, էլ ի՞նչ Հայաստան’