‘Խմբագրական. Տրանսպորտը կթանկանա. դա ռեժիմի ռազմավարական ծրագրի մաս է’

2131

Երևանի քաղաքապետարանի մոտ 40 հոգանոց հանձնաժողովում քննարկվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմները։ Հաշվարկը, ինչպես տեղեկացվում է, ներառել է վառելիքի, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման, մաշվածության, աշխատավարձի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները:

Անիմաստ է մտնել թվերի, հաշվարկների ու հաշվապահության մեջ։ Դա կլինի լավագույն նպաստը ուղեվարձի գնի բարձրացման հարցում։ Ոչ մի կապ չունի, թե անգամ օբյեկտիվ հաշվարկներն ինչ թվի կհանգեցնեն։ Ավտոբուսային «պարկերի» տերերը խնդիր են լուծում, որ իրենց մեքենաներն արդյունավետ աշխատեն, իրենք էլ ստանան ակնկալած նվազագույն (եթե հնարավոր է՝ առավելագույն) շահույթը։

Պարզապես՝ սրան պետք է հակադրել մի այլ հաշվարկ. 25-30 հազար դրամ թոշակ, նվազագույն կամ թեկուզ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու բավարար սննդի, հագուստի, ուսման, հանգստի, առողջության պահպանման, նվազագույն գույքի ձեռքբերման, հոգևոր պահանջմունքների բավարարման, ընտանիքի վերարտադրության ապահովման, հոսանքի, գազի, ջրի, աղբահանության, վերելակի և այլ ծախսերը։ Հիմա ստեղծենք, կուզեք՝ 4, կուզեք՝ 40, կուզեք՝ 400 հոգանոց մի հանձնաժողով, հաշվարկենք, ու կտեսնենք, որ թե՛ կենսաթոշակը, թե՛ նվազագույն ու միջին աշխատավարձը մի քանի անգամ պակաս են այս ծախսերը նույնիսկ նվազագույն չափով բավարարելու համար։

Բայց ինչպես մեքենան չի կարող աշխատել առանց վառելիքի, այնպես էլ մարդը չի կարող ապրել առանց լիարժեք սննդի։ Ինչպես մեքենան չի կարող աշխատել առանց անվադողի, այնպես էլ մարդը չի կարող՝ առանց կոշիկի։ Ինչպես մեքենան չի կարելի շահագործել առանց քսայուղերի, այնպես էլ մարդը պետք է հոգ տանի իր առողջության մասին և այլն։ Եւ եթե առանց այդ էլ մարդուն չբավարարող բյուջեից կտրում ես էլի մի քանի հազար դրամ, դու նրան դատապարտում ես ավելի վատթար կենսապայմանների, ըստ էության՝ կյանքի տևողության կրճատման։

Ավտոբուսային «պարկը» տեր ունի, որը և պայքարում է՝ ունենալու դրա ապահով և շահավետ շահագործման համար անհրաժեշտ պայմանները։ Բայց սահմանադրորեն հաստատված տեր ունի նաև ՀՀ քաղաքացիների «պարկը»՝ հոգալու համար նրա կենսագործունեության նվազագույն անհրաժեշտ պայմանները։ Ո՞ւր է այդ «տերը»։ Գուցե մեռե՞լ է։ Եթե մեռել է՝ քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ ենք, քրիստոնեաբար տանենք թաղենք։ Չթողնենք՝ դիակը մնա, դառնա գարշահոտ լեշ։

Հասարակական տրանսպորտի գինն, անշուշտ, կբարձրացնեն։ Կբարձրացնեն ֆինանսա-տնտեսական ինչ-որ ֆորմալ հիմնավորմամբ։ Իրականում, սակայն, դա այլ բան չէ, քան ռեժիմի հիմնական ռազմավարական ծրագրի մի դետալ։ Ռազմավարական այդ ծրագրի դետալներից են եղել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գազի, հոսանքի, ջրի, զանազան այլ վճարների, ուսման վարձերի, բժշկական ծառայությունների, առաջին անհրաժեշտության տասնյակ ապրանքների թանկացումները։ Դրա արձանագրված արդյունքը 5 տարում բնակչության աղքատության մակարդակի կրկնապատկումն է՝ ըստ պաշտոնական տվյալների, և եռապատկումը՝ իրականում։ Ռազմավարական այդ ծրագրի շրջանակներում է, որ արհեստական խոչընդոտներ հարուցվեցին սահմանի վրա գյուղատնտեսական մթերքների արտահանման դեմ, ինչի հետևանքով կրկնակի արագացավ գյուղի աղքատացման, քայքայման ու դատարկման պրոցեսը։ Նույն ծրագրի շրջանակներում է, որ որպես բնակչության լրացուցիչ կողոպուտի միջոց ներ՝ դրվեցին արագաչափերը, վճարովի կանգառները, տեսանկարահանող սարքերը՝ որպես միլիարդավոր դրամների կողոպուտի գործիք։ Խոսքը հանցավոր այս ռեժմի՝ սեփական քաղաքացիների արտագաղթը խթանելու ոճրագործ ռազմավարական ծրագրի մասին է։

Ռեժիմը շտապում է ռազմավարական իր այս ծրագրի իրականացման հարցում. թվարկված թանկացումների մեծ մասն ընկնում է վերջին 1-1,5 տարվա վրա։

Շտապողականությունը հատկապես մեծացել է վերջերս՝ վերածվելով իրական խուճապի։ Մինչ ոմանք քննարկում էին, թե ինչ պայմաններ ու վերապահումներ պետք է ունենա Հայաստանը Մաքսային միություն մտելիս, երկու օր առաջ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքն էս գլխից անվերապահ ընդունում է բոլոր պայմանները, միայն թե, որքան հնարավոր է՝ շուտ, Հայաստանը ընդունեն Մաքսային միություն։ Դրանից հետո, բնականաբար, նրան այլ բան չէր մնում, քան մուշ-մուշ քնել ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նստում։ Մինչդեռ Մաքսային միության անդամները, ըստ հավաստի տեղեկատվության (ռուսաստանյան 1-ին հեռուստաալիք) ասել են, թե հարցը կքննարկեն միայն Ադրբեջանի հետ ունեցած «տարածքային վեճը» լուծելուց հետո։ Ճիշտ նույնը, ինչ նրան ասաց Թուրքիան՝ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում ստացած հայ-թուրքական արձանագրություններից հետո՝ որպես սահմանները բացելու նախապայման։

Սերժ Սարգսյանը, իրոք՝ խուճապի մեջ, հասկանում է, որ սրընթաց արագությամբ մոտենում է այն «կարմիր գծին», երբ Ղարաբաղի հարցով նրանից հաշիվ պիտի պահանջեր Հայաստանի ողջ ժողովուրդը։ Նա վաղուց գիտեր, որ մի օր անխուսափելիորեն հասնելու է այդ գծին։ Եւ նրա հրեշավոր ռազմավարական ծրագիրն էլ այլ բան չէ, քան այդ «կարմիր գծին» հասնելիս հաշիվ պահանջելու ունակ ժողովուրդ ու հասարակություն չունենալը։ Ճիշտ է՝ այս տարի նա ռեկորդ կսահմանի՝ ունենալով արտագաղթի ամենամեծ թիվը։ Այլ բան է՝ որ դա բավարար չի լինի ռազմավարական խնդիրը լուծված համարելու համար։ Ուստիև պետք է արագորեն գործի գցվեն ծրագրի դեռ չգործարկված մյուս բոլոր բաղադրիչները։ Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը դրանցից մեկն է ընդամենը։

Նախորդ հոդվածը‘Էլի թանկացումներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը’