‘Խմբագրական. Ցանկացած այլ օրակարգ ծառայելու է այս ռեժիմի պահպանմանը’

1859

Սերժ Սարգսյանի հերթական արտաքին քաղաքական ավանտյուրայի բացահայտման այս շուխուրի մեջ շատ քիչ խոսվեց տնտեսական բաղադրիչի մասին՝ կոնկրետ Հայաստանի ներկա իրավիճակի համատեքստում: Քաղաքականն օբյեկտիվորեն գերակշռող էր:

Եվրոպական ասոցացումը Սերժ Սարգսյանին, բացի իշխանությանը մնալու արևմտյան երաշխիքներից, խոստանում էր նաև զգալի ֆինանսական միջոցների հոսք: Եվրոպական իշխանությունները տարբեր ժամանակներում նշում էին մինչև 1.5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունների տրամադրման մասին, որը հայաստանյան խղճուկ տնտեսության համար լուրջ գումար կարող էր լինել: Հիմա, երբ Սերժ Սարգսյանը կապիտուլացվեց, և Հայաստանից կորզվեց Մաքսային միությանը միանալու որոշումը, բնականաբար՝ այդ մեկուկես միլիարդ եվրոյի մասին խոսք լինել չի կարող: Ռուսաստանը, բնականաբար, որևէ ռեալ համարժեք չառաջարկեց այդ ֆինանսական միջոցներին (կապիտուլացվածներին բան չի հասնում): Եվ Հայաստանի իշխանությունները իրենց վարած անմեղսունակ արտաքին քաղաքականության և, բառիս իսկական իմաստով՝ հանցավոր տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնեցրին կոլապսի եզրին: Դա էր պատճառը, որ քացահարվելով և՛ ԵՄ-ից, և՛ Ռուսաստանից՝ ռեժիմը որոշում կայացրեց արագորեն թողարկել 700 միլիոն դոլար արժողությամբ եվրոպարտատոմսեր՝ ՀՀ արտաքին պարտքն ավելացնելով  միանգամից 20 տոկոսով և հասցնելով վտանգավոր 5 միլիարդ դոլարի՝ ՀՆԱ-ի ավելի քան 50 տոկոսի շեմին: Տնտեսագետներն, իհարկե, կխոսեն այս երևույթի բոլոր բացասական կողմերի մասին: Միայն, որպես համեմատություն, արժե նշել, որ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է շուրջ 6 միլիարդ դոլար, բայց դա Ադրբեջանի ՀՆԱ-ի ընդամենը 8.3 տոկոսն է:

Պարտատոմսերի թողարկումն արդեն իսկ վառ ապացույց է, որ Սերժ ու Տիգրան Սարգսյանների տնտեսական քաղաքականությունը Հայաստանին ոչինչ, բացի ձախողումից, չի տվել: Եթե եղել են մարդիկ կամ բիզնեսմեններ, ովքեր շահել են այս կառավարության գործունեությունից, ապա միայն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները, կառավարական չինովնիկներն ու նրանց բարեկամները: Նույնիսկ խոշոր բիզնեսը, որն ավանդաբար եղել է ավազակապետական ռեժիմի հենարաններից մեկը, այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Սերժ Սարգսյանն, իհարկե, գիտակցում է, որ քաղաքական տապալումների այս շրջանն իր հետևից բերելու է նաև տնտեսական աղետալի հետևանքներ: Գիտակցելը՝ գիտակցում է: Ավելի լավ, քան մեզանից որևէ մեկը, որովհետև ներգրավված է հայաստանյան բիզնեսի գրեթե բոլոր շահութաբեր ոլորտներում: Բայց կանգ չի առնելու: Կանգ առնել՝ կնշանակի չսնել ավազակապետական բուրգը, որն այսօր մնացել է իր իշխանության միակ երաշխիքը:

Այս քաղաքականության տապալման ապացույց է նաև այն, որ այս պարտատոմսերի թողարկման պաշտոնական պատճառաբանությունը 2009թ. Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկի մարումն է: Իսկ ո՞ւր է այդ 500 միլիոնը: Չէ՞ որ, ըստ կառավարության, այդ միջոցների գերակշիռ հատվածն ուղղվել է մասնավոր սեկտորին՝ վարկերի տեսքով, որոնք հիմա պետք է վերադարձված լինեին, և կառավարությունը խնդիր չպետք է ունենար վարկը մարելու հարցում: Իրականում այդ գումարների գրեթե կեսից ավելին ուղղակի թալանվել է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու նրա մերձավորների կողմից: Ու դրա հետքն անգամ չկա:  Նույն ճակատագիրն է սպառնում նաև այս 700 միլիոն դոլարի այն հատվածին, որ կմնա վարկի մարումից հետո (չմարել չեն կարող): Այս գումարները նույնպես կփոշիացվեն ու ատկատների տեսքով կնստեն մի քանի հոգու օֆշորյան հաշվեհամարներին: Ու ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանին մտցրել է մի փակ շղթայի մեջ, երբ նախորդ պարտքը փակելու համար մի քանի տարին մեկ ստիպված վերցնում է նորը՝ առնվազն կեսը թալանելով ու քայլ առ քայլ Հայաստանին մոտեցնելով անխուսափելի դեֆոլտի դուռը: Ու մեր ժողովուրդն իր քրտինքով ստեղծած բարիքի խերը չի տեսնելու: Աշխատելու են, տան Սերժ ու Տիգրան Սարգսյանների ձեռքը, նրանք իրենց փայը դնեն գրպանը, իսկ մնացածն էլ տանեն ու հանձնեն դռանը հերթ կանգնած պարտապաններին: 5 միլիարդը կդառնա 6, հետո 7, ու այսպես շարունակ:  

Արդեն վերևում մի համեմատություն արեցինք Ադրբեջանի հետ: Հայաստանը, որպես Ղարաբաղի անվտանգության  ՄԻԱԿ երաշխավոր, ուզես թե չուզես, մրցավազքի մեջ է Ադրբեջանի հետ: Ու երբ այսօր համեմատության մեջ ենք դնում երկու երկրների կարողությունները, տագնապալի մի պատկեր է ստացվում: Մասնավորապես՝ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե 8 անգամ զիջում է Ադրբեջանի ՀՆԱ-ին, շուրջ 13 անգամ քիչ են մեր տարադրամային պահուստները, ոսկի ընդհանրապես չունենք (Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով՝ այն մեջ-մեջ արվեց Հայաստանի իշխանության և օլիգարխների շրջանում): Ադրբեջանի բնակչությունն աճում է, Հայաստանի բնակչությունը՝ արագ տեմպերով նվազում: Սրան կփորձեն հակադարձել, թե Ադրբեջանը կոռումպացված ու հակադեմոկրատական երկիր է: Ճիշտ է, բայց այդպիսին է նաև Հայաստանի իշխանությունը: Սերժ Սարգսյանի ռեժիմը համակարգված կոռուպցիայի ասեղի վրա նստած և բնույթով հակադեմոկրատական ռեժիմ է: Թեկուզ լիներ դեմոկրատական. պատերազմներում պարտադիր չէ, որ հաղթեն ժողովրդավարները: Ժողովրդավությունը հակառակորդիդ հանդեպ ունեցած սոսկ մեկ առավելություն կարող է լինել: Պատերազմը, նախևառաջ, ռազմական, տնտեսական ու մարդկային ռեսուրսների, միջազգային ազդեցիկ դաշնակիցներ ունենալու պայքար է: Գործոններ, որոնցից ոչ մեկով Հայաստանն այսօր, ու Սերժի իշխանության շարունակման պայմաններում՝ վաղը ևս, ոչ միայն առաջատար չի լինելու, այլև է՛լ ավելի է ետ մնալու Ադրբեջանից:

Իսկ Սերժ Սարգսյանը կանգ չի առնելու. ժամանակն է գիտակցել սա: Կանգ չի առնելու, որովհետև ձեռքը գցելու է ցանկացած միջոցի, որպեսզի գեթ մեկ օրով երկարաձգի իր իշխանությունը Հայաստանում: Ինչի գնով էլ դա լինի: Նա արդեն ցույց տվեց, որ պրոբլեմ չունի նվաստացած կապիտուլյացիաներ ստորագրելու՝ հանուն իր աթոռի պահպանման: Իսկ նրա իշխանության վճարվող գինը գնալով բարձրանալու է: Հաջորդը լինելու են Ղարաբաղը և Հայաստանի ինքնիշխանության լիակատար վերացումը:

Ժամանակն է նաև գիտակցել, որ Հայաստանում բոլոր պրոբլեմներն ածանցյալ են ոչ լեգիտիմ, կոռումպացված ու երկրի իրական շահերի, հասարակության իրական մղումների հետ կապ չունեցող Սերժ Սարգսյանից ու նրա ռեժիմից: Ովքեր համարում են, որ ԵՄ ասոցացումը ցավալիորեն ձախողվեց, պիտի հասկանան, որ սրա պատճառը Սերժն է, ովքեր ցավում են, որ հայ-ռուսական հարաբերություններում անհիմն լարվածություն կա, սրա պատճառը Սերժ Սարգսյանն է: Որ երկրում կոռուպցիան խեղդել է ամեն ինչ՝ պատճառը Սերժն է, որ կա քաղբանտարկյալ, և ժողովրդավարական հիմնարար ազատությունները ոտնահարվում են ՝ պատճառը նորից Սերժն է: Որ տրանսպորտի գնի բարձրացումն անհիմն է՝ սրա պատճառը նույնն է: Հետևաբար, անկախ նրանից, թե հասարակական տարբեր շերտերի մեջ ինչ հարցերում կարող են լինել տարակարծություններ՝ լուծումների վերաբերյալ, պարզից էլ պարզ է, քանի Սերժը կա, անիմաստ է մասնավոր հարցերի լուծումներ քննարկելը: Նրան պետք է հեռացնել իշխանությունից: Որևէ այլ օրակարգ ծառայելու է նրա իշխանության պահպանմանը:

Նախորդ հոդվածը‘Վաղը՝ Կառավարության արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Միխեիլ Սաակաշվիլիի. Հայաստանին անկյուն են քշել և ստիպել են մտնել Մաքսային միություն’