‘Խմբագրական. Ցավալի նկատառումներ’

2564

Անկեղծ ասեմ՝ հեշտ չէ այս օրերին որեւէ բան գրել: Հասկանալի է, որ պատճառը Գյումրվա աննախադեպ ողբերգությունն է: Ինքնակոչ դետեկտիվ լինել չես ուզում, չնայած հարցերը շատ են, եւ գոնե որոշ հարցերի դեպքում, կարծես, շատ ավելի հավանական են թվում այնպիսի պատասխաններ, որոնք հակասում են պաշտոնապես հաղորդածին: Չես ուզում նաեւ դառնալ մեկը շատերից, ով եղածն առիթ է դարձնում իր  մշտական թեմաները մարդկանց վրա սաղացնելու համար: Այնուամենայնիվ, մի քանի կարեւոր կետ պետք է արձանագրվի:

Նախ՝ չնայած թեմայի շուրջ հրապարակումների բազմազանությանը, ցայսօր շատ մութ ու անհասկանալի են մնում հանցանքի  դրդապատճառները եւ հանգամանքները: Գուցե դա բնական է, բայց բնական է նաեւ այն, որ հնարավորինս շուտ գոնե հիմնական կետերի շուրջ անհրաժեշտ են համոզիչ պարզաբանումներ, այլապես անվստահության աճը պաշտոնապես ներկայացրածի նկատմամբ, իր բանական եւ ոչ բանական (իռացիոնալ) դրսեւորումներով հանդերձ՝ հեշտ կանխատեսելի է:

Երկրորդ՝ տպավորություն կա, որ հասարակությունն այս իրավիճակում կրկին մնացել է մենակ: Քաղաքական իշխանությունից ձեն-ձուն չկա՝ թեկուզ պահին հարիր մի երկու խոսք ասելու մակարդակով: Իրավապահները, ճիշտ է, ինչ-որ ակտիվություն ցուցաբարեցին, բայց, ի վերջո, «հանցագործին»՝ գոնե պաշտոնական վարկածով, ոչ թե իրենք գտան, այլ օտար պետության ներկայացուցիչները: Իրավաբանները մի քանի կարեւոր մեկնաբանություններ արեցին, բայց, ի վերջո, առանց որեւէ գոնե արտաքուստ երեւացող պայքարի՝ «հանցագործը» հանձնվեց ռուսներին՝ իրավականորեն գուցե ճիշտ հիմնավորումներով, բայց ոչ այնքան վստահելի հանգամանքներում: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր իրավապահները քաղաքական նշանակություն ունեցող դեպքերում գործում են շատ ավելի արագ եւ «արդյունավետ»՝ չեզոքացնելով քաղաքանապես «վտանգավոր» հանցագործներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին (օրինակ, ժամանակին՝ Սեֆիլյան Ժիրայրին), ապա անվստահությունը միայն ամրապնդվում է:

Երրորդ՝ հասարակական բարոյականության մասին: Բարոյական քարոզ կարդալու մտքից շատ հեռու եմ, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է, որ ցայսօր սգո օր չի հայտարարվել երկրում՝ հաշվի առնելով տեղի ունեցածի իրական աննախադեպությունը: Բայց եթե նույնիսկ այդ քայլը դեռ արվելու է, ապա ինչպե՞ս կարելի է «չֆայմել», որ նման ողբերգությունից հետո «հին նոր տարվա» հետ կապված քեֆ-ուրախությունն ու տաշի-տուշին հեռուստատեսությամբ կարելի էր կասեցնել շատ ավելի շուտ, քան դա արվեց (այն էլ, կարծես՝ ոչ ամբողջությամբ եւ հասարակական կարծիքի ճնշման ազդեցությամբ): Իհարկե, եթե վերեւից հրահանգ լիներ, դա անպայման կանեին: Բայց, հարգելիներս, մարդն էլ ինչո՞վ է մարդ՝ որ նման քայլեր անելու համար կարիք չպիտի է՛լ ունենա որեւէ մեկի հրահանգի, այլ գործի իր ներքին ձայնի, զգացողության թելադրանքով:

Հեռուստատեսությամբ «հին նոր տարի» նշելուց է՛լ ավելի, մեղմ ասած, զարմանալի էր քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումը նույն «տոնի» առթիվ, որին, դատելով հրապարակված նկարներից, մասնակցել են տասնյակ լրագրողներ եւ ԶԼՄ-ների հետ կապ ունեցող անձինք, այդ թվում՝ այնպիսիք, ում ամենեւին էլ չես սպասում տեսնել նման տեղերում: Չեմ ուզում ոչ մեկի դատավորի դերը ստանձնել կամ վիրավորել, ասածս, ինչ-որ տեղ, նույնիսկ ընկերական դիտարկում կարելի է համարել, բայց դժվար չէր, որ հա՛մ քաղաքապետարանը, հա՛մ էլ մասնակիցները «ֆայմեին» տժժալու՝ ոչ այնքան տեղին լինելը: Սա էլ հո հասարակական, այլ ոչ միայն իշխանական բարոյականության հարց է:

Չորրորդ՝ ցավալի է, բայց նույնիսկ այս պարագայում իշխանական դաշտից, իհարկե՝ ոչ բացահայտ իշխանականների շուրթերով, տարբեր «մուտիլովկա» վարկածներ են արդեն տարածվում: Բավականին ամոթ է կարդալ այն մասին, թե բա գիտեք, գուցե սա ադրբեջանցիներն են կազմակերպել, եւ այլ նման «խորացումներ» (բնականաբար՝ առանց հիմնավորման): Պարզից էլ պարզ է, թե սա ի՛նչ վարկած է, ո՛վ է դա «հնչարկել», ու ինչի՛ համար է սա տարածվում: Ու ամոթ է լինել չափահաս մարդ ու ստանձնել դա տարածողի դերը: Ցավոք, վստահ կարելի է լինել, որ նմանատիպ «վարկածներ» դեռ էլի կտարածվեն, իհարկե՝ հիմնականում «ընդդիմադիր» կամ «անկախ» շուրթերից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Զամեր. «Նոյերն արժանի էր «Ոսկե գնդակին»,սակայն նրան մխիթարել հարկավոր չէ.նա աշխարհի չեմպիոն է և մոլորակի լավագույն դարպասապահը»’
Հաջորդ հոդվածը‘Դել Պիեռո. «Եթե գոյություն ունենար իտալական «Ոսկե գնդակ», ապա պետք է ընտրություն կատարեինք Ջանլուիջի Բուֆոնի և Անդրեա Պիրլոյի միջև»’