‘Խմբագրական. Ցավը թող դառնա վերածնության հիմք’

2106

Մեր տղեն պետք է մեծանար, թևերը բացելով՝ դեպի վեր թռչեր: Պիտի լիներ ազգի տղեն: Կարող էր դառնալ հանճարեղ գիտնական, արի զինվորական կամ հալալ քրտինքով աշխատող արհեստավոր: Բայց չեղավ: Բան չասելով, դեռ խոսել չսովորած՝ հեռացավ մեզանից, լույս դառնալով՝ այգաբացի աստղի պես երկնակամարում փայլեց:

Պողպատե ծանրությամբ սկսվեց տարին, չթողեց շունչ քաշենք, կարգավորվենք, միանգամից ապտակեց, ստիպեց, որ բոլորս բացվենք՝ ցավի պահին ցույց տանք մեր մարդկային որակները: Ցույց տվինք՝ մեծ մասս՝ ամենադրականը, մյուս մասս … ավելի լավ է ցույց չտայինք:

Չնայած՝ արտաքին հայացքի համար կարող է թվալ, որ այս երկիրն անտեր է՝ իրենց տեր համարողները մկան ծակերում թաքնված էին և միայն տակից մանր սադրանքներով էին զբաղվում, գյումրեցիները ցույց տվին, որ երկրում տեր կա, և այդ ցուցադրությամբ ստիպեցին արտաքին և ներքին ուժերին հաշվի նստել հայ ժողովրդի արժանապատվության հետ: Սա ազգի առողջ բնազդի արտահայտումն էր, որը որքան էլ փորձեն շահարկել մերձքաղաքական պարազիտները, միևնույն է, չեն կարող «սանձել» դրա տարերքը, քանզի փոքր են, հողից կտրված, մեծ հաշվով՝ օտար: Բայց սրանց մասին՝ ոչ այս անգամ ու ոչ այսօր՝ արժանի չեն:

Տարին ծանր սկսվեց, ու ոչինչ չի փոխհատուցի մի ամբողջ ընտանիքի մահը:

Տարին մարտահրավեր նետեց մեզ՝ որպես հասարակություն, և մենք պետք է մարտահրավերն ընդունենք՝ համատեղելով արժանապատվությունը զգաստության հետ: Մեզ պետք է երկաթյա կամք, սառը գլուխ, այրվող սիրտ, որպեսզի մեր «վրեժն» առնենք: Նկատի չունեմ ինչ-որ հաշվեհարդար: Մեր վրեժը կլինի այնպիսի իրավիճակի ստեղծումը երկրում, երբ անտերությունը, անարժանապատվությունը, ստորացումը, հասարակական անբարոյականությունը եթե ոչ կբացառվեն, ապա գոնե չեն խրախուսվի բարձրագույն մակարդակով, երբ գոնե ողբերգության պահին արժանապատիվ կպահենք մեզ բոլորս և բոլոր իմաստներով:

Այս ծանր օրերին մեր արժանապատիվ սգին պիտի հաջորդի վերածնության կամքը՝ որպես ազգային կարգախոս և նշանաբան:

Թող որ ծանր սկսվեց տարին, բայց թող այն վերածննդյան սկզբի տարին դառնա: 

Նախորդ հոդվածը‘Չավի.«Եթե չես կարողանում խաղալ Մեսսիի հետ, ուրեմն ֆուտբոլը քեզ համար չէ»’
Հաջորդ հոդվածը‘ Իսլամական ծայրահեղականները սպանել են 13 անչափահաս երեխաների Ասիայի Գավաթի հանդիպումը դիտելու համար’