‘Խմբագրական. Քաղաքական ճգնաժամի նախանշանները’

1911

ԱԺ-ում վերջին իրադարձությունները, երբ իշխող ուժը չէր կարողանում քվորում ապահովել, բավականին լավ ցուցիչ են այսօրվա քաղաքական միտումների: Չեմ ուզում չափազանցել եղածի նշանակությունը, բայց թերագնահատել նույնպես չարժե: Կարեւոր է, որ հասարակության համեմատաբար լայն շերտերի համար էլ, նման իրադարձությունների շնորհիվ, ավելի տեսանելի է դառնում այն, որ իշխող ուժն այլեւս «այն չէ»[1]: Բնականաբար, եթե հասարակությունը տեսնում է, ապա իրենք՝ իշխող ուժի ներկայացուցիչները, դա առավել եւս զգում են: Չափազանցություն կլիներ համարել, որ սա իշխող ուժի վերջալույսն է, կամ իրավիճակն այլեւս անշրջելի է, բայց բնական է, որ մի օր դեպքերը կարող են զարգանալ ձնագնդի էֆեկտի կանոններով, երբ ամեն նման իրավիճակ կարող է ուժեղացնել հոգեբանական խնդիրներն իշխող ուժի ներսում, իսկ հոգեբանական անկայությունն էլ, իր հերթին, ուժեղացնի իրեն առաջ բերած քաղաքական խնդիրը: Իսկ Հանրապետականն այն ուժը չէ, որն ունի կայուն հոգեբանություն. նրա փլուզումը՝ որպես իշխող ուժ, տեղի է ունենալու մեկ օրվա մեջ, ինչպես բոլոր հետսովետական իշխող ուժերի դեպքում: Բացի այդ՝ հայաստանցիներիս մեջ կայուն, ամուր հոգեբանությունն ընդհանրապես հազվադեպ երեւույթ է, մեզ, իսկ առավել եւս՝ «քյարթ» հանրապետական մեծամասնությանը բնորոշ է, ավելի շուտ, արեւելյան հոգեբանությունը՝ արագ ոգեւորման եւ արագ հիասթափման ցիկլերով, նեւրոտիզմը, երբ մեկ անհաջողություն կարող է դառնալ պարտության պատճառ: Թերեւս՝ հենց իշխող ուժի մեջ առկա մտահոգություններով է պայմանավորված նաեւ ՀՀԿ-ի փակ նիստի անցկացումը Ծաղկաձորում՝ մի բան, որ չի եղել երբեւէ: Համենայն դեպս՝ պարզ է, որ այս նիստը պետք է ինչ-որ բացատրություն ունենա ներկայիս զարգացումների տրամաբանության տեսակետից:

Սերժական «ազատամտություն»՝ հովանավորել սեփական թիմակիցներին ուղղված հայհոյանքը

Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանն ինքն է նպաստել իշխող ուժի մեջ անկայուն վիճակի ստեղծմանը: Գաղտնիք չէ, որ Սերժի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների մի մասն օրնիբուն ախնա քննադատում է Հանրապետականին՝ փաստացի երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանից գցելով կուսակցության վրա: Սա նորույթ չէ: Դեռ 2008-ին այդ գիծը՝ «քրեաօլիգարխիայի» եւ ՀՀԿ-ի անխնա քննադատությունը, առանց Սերժին թիրախավորելու՝ առաջ էր տանում «Ազատամտություն» թերթը, որի խմբագիր Արտեմ Խաչատրյանը 2007-ի սկզբին ձեռք էր բերել արմատական ընդդիմադրի համբավ, իսկ հետո «մեկ օրվա մեջ», «հանկարծակի» հայտնվեց Սերժ Սարգսյանի ճամբարում: Սա նախադեպ էր, որը դուռ բացեց հետագա բազմաթիվ դեպքերի համար եւ հասկանալի դարձրեց Սերժ Սարգսյանի սիրելի տեխնոլոգիաներից մեկը, որը կիրառվում է ցայսօր: Պարզ է, որ դրանով Սերժը մի քանի խդնիր է լուծում՝ լղոզել դաշտը, որտեղ սովորական մարդը, առանց «մասնագետի» օգնության, այլեւս դժվարությամբ է կողմնորոշվում օգտագործել հանրային դժգոհությունն առկա իրավիճակից՝ ուղղորդելով այն դեպի իշխող կուսակցություն եւ «օլիգարխիա» եւ հնարավորության սահմաններում շեղելով Սարգսյանից, չափերի մեջ պահել իշխող վերնախավը, նախապատրաստել ապագա պետական հեղաշրջումը՝ «օլիգարխիայի» դեմ պայքարի անվան տակ Հայաստանում հաստատելով բացարձակապես միակենտրոն քաղաքական եւ տնտեսական համակարգ: Բայց, մյուս կողմից, պարզ է, որ այս գործելաոճը նաեւ մշտական լարում եւ անկայունություն է ստեղծել ու ստեղծում իշխանական համակարգում: Երբ Սերժի դիրքերը համեմատաբար ուժեղ են, այդ տեխնոլոգիան օգնում է իրեն կառավարել համակարգը յուրահատուկ քաոսի միջոցով, բայց նրա դիրքերի թուլացմանը զուգահեռ՝ նույն քաոսը կարող է աշխատել հենց Սերժի դեմ՝ արագացնելով անվերահսկելի եւ պայթյունավտանգ փլուզումը: Իսկ Սերժ Սարգսյանի դիրքերն անխուսափելիորեն թուլանում են այն պայմաններում, երբ իշխանության փոխանցման խնդիրը լուծում չի ստանում:

Հին շոր-հին կոշիկի Սերժի հավաքածուն

Շատ հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը, ով իր կառավարումը սկսեց քաղաքական դաշտի համախմբման ցուցադրական (եւ, բնականաբար՝ արհեստական, վիրտուալ) փորձերից, ի վերջո ձախողվեց իրապես խոշոր քաղաքական ուժերն իր շուրջը պահելու խնդրում: Սա իրոք հետաքրքիր հակասություն է. հիշեցնեմ մի քանի հատկանշական դրվագ: Եթե հիշում եք, դեռեւս 2008-ին Սերժը Մարզահամերգայինում քննարկումներ էր անցակցնում մեկ ու մեկուկեսհոգանոց կուսակցությունների ղեկավարների հետ՝ քաղաքական համախմբման նմանակմամբ զբաղվելով (իրականում՝ քաղաքական գործընթացի բեկորներն ու թափոնները հավաքագրելու գործը նա, կարծում եմ, սկսել էր 2008-ից էլ առաջ, բայց տվյալ դեպքում շատ երկար կլիներ դրան էլ անդրադառնալ): Նույն ժամանակ ստեղծվեց նաեւ Հանրային խորհուրդ կոչված մարմինը, ուր ընգգրկվեցին վաղուց ոչ մի հանրային հետաքրքրություն չներկայացնող դեմքեր, իսկ նրանք, ովքեր դեռ ինչ-որ հետաքրքրություն ունեին էլ, ՀԽ-ի անդամ դառնալուց հետո վերջնականապես կորցրին դա: Դրանից հետո ու առաջ էլ Սերժ Սարգսյանը միշտ եւ խնամքով հավաքում էր բոլոր ինքնասպառվածներին, «անկախներին», նեղացածներին, կյանքից խփվածներին, «հիասթափվածներին», ժամկետանցներին: Սա Սերժի մյուս սիրած տեխնոլոգիան է, որի շնորհիվ Աշոտ Նավասարդյանի հիմնած կուսակցության ցուցակում հայտնվեցին, չասեմ՝ ինչ կարգի դեմքեր: Սերժն այսօր էլ չի զլանա եւ չի զլանում այդ ուղղությամբ քայլեր կատարել՝ ուշադիր հետեւելով՝ միգուցե մի տեղ մի նեղացած կամ մի անձնամոլ դեռ թաքնվել է իր սուր հայացքից:

Քաղաքական դաշտի արտադրական թափոնները հաջողությամբ իր շուրջը համախմբելով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, զարմանալիորեն կորցրեց բոլոր քիչ թե շատ խոշոր քաղաքական ուժերի աջակցությունը, որոնք ի սկզբանե իր հետ էին: Եթե մոռացածներ կան, հիշեցնեմ, որ 2008-ի սկզբի դրությամբ Հայաստանում իշխում էր 4 կուսակցություններից բաղկացած կոալիցիա: Իշխող վերնախավը որեւէ խնդիր չուներ ցանկացած որոշում անցկացնելու ԱԺ-ում: 2014-ի գարնան դրությամբ կոալիցիան վերջնականապես փլուզվել է: Այսօր իշխող ուժը խնդիր ունի ԱԺ-ում որոշումներ անցկացնելու առումով, չնայած՝ դեռեւս մնում է մեծամասնություն: Բայց մենք հո գիտենք այդ մեծամասնության գինը՝ համեմատաբար կայուն վիճակում այն կգործի, իսկ ի՞նչ կլինի անկայունացման դեպքում, արդյո՞ք ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները պատրաստ են Հունան Ավետիսյանի պես կրծքով պաշտպանել իրենց առաջնորդին՝ չմոռանալանով նաեւ, որ այդ նույն առաջնորդը կլորիկ գումարներ է ծախսում իր ֆորմալ թիմակիցների դեմ հայհոյախառը քարոզարշավ կազմակերպելու վրա: Ամեն մի պայմանական «վերջին.ամ» օրը մեջ մի հայհոյանք է գրում պայմանական «Մնալուստի» ու «Բանգլադեշցի Ալեքսի» դեմ, իսկ վերջիններս ճգնաժամային պահին պետք է կրծքով պաշտպանեն այդ հայհոյանքը հովանավորողի՞ն: Մի քիչ շատ չէ՞ նույնիսկ այս արեւելյան պոստմոդեռնի թատրոնի համար:

Ե՞րբ է քառյակը դառնալու հնգյա՞կ

Հայաստանում հասունանում է քաղաքական ճգնաժամ: Այն դեռ չի ծավալվել, բայց ծավալման հնարավորությունները բավականին բարձր են թվում: Այս ճգնաժամը կարող է տարբերվել 2008-ի ճգնաժամից: Այն ժամանակ կար Հրապարակում հավաքված ժողովուրդ, համախմբված ընդդիմություն, բայց նաեւ՝ համախմբված իշխանություն, իշխող ուժերի ամուր դաշինք, իշխող վերնախավի եւ խոշոր բիզնեսի միասնություն: Իշխող վերնավախի միասնությունը չհաջողվեց քանդել 2008-ին, եւ դա էր անհաջողության իրական պատճառը, այլ ոչ թե ինչ-որ միստիկ հանգամանքներ կամ էլ «վճռականության» պակասը: Այսօր իրավիճակը հասկանալիորեն տարբեր կարող է լինել: Ընդդիմության բացահայտ առավելություն չկա, բայց չկա նաեւ իշխանության բացարձակ միասնություն: Առավել եւս՝ չկա այլեւս իշխող եւ տնտեսական վերնախավերի անքակտելի դաշինք: Ընդ որում՝ իշխող վերնախավի քայքայումը գուցե դեռ չի էլ հասել իր ավարտին, ինչպես կարող է թվալ շատերին:

Ի վերջո, ոչ ոք չի կարող բացառել, որ հետագա զարգացումների սցենարներից մեկում քառյակը կարող է վերածվել հնգյակի: Փորձեք ինքներդ գուշակել, թե ո՛ր ուժից կամ գոնե այդ ուժից պոկված հատվածներից կարող է գոյանալ «հինգերորդ»-ը: Համենայն դեպս, հուշեմ, որ այսօրվա Սերժը կարողացել է իր կողքը պահպանել միայն մեկ խոշոր քաղաքական ուժ: Այդ ուժի դուրսբերումից հետո նա մնում է միայն քաղաքական թափոնների, «անկախների», հին եւ նոր շիզոլինիների, «թունդ» ընդդիմադիրների, «դուխով» տղերքի, նեղացած «արքայազնների» եւ «վերջին.ամ»-ների հույսին: Բայց արդյո՞ք իրենց նախկին ընկերներին, համախոհներին եւ հռչակված սկզբունքներին դավաճանած այդ խայտաբղետ ամբոխը բավականաչափ ամուր հենարան է:

Իսկ արդյո՞ք հասարակությանը ձեռ է տալիս քաղաքական այս սցենարը: Սրա մասին արժե խոսել արդեն առանձին:

Հրանտ Տեր -Աբրահամյան



[1] http://lurkmore.to/%D0%A3%D0%B6%D0%B5_%D0%BD%D0%B5_%D1%82%D0%BE%D1%82

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում թեժ է. ՀՀԿ-ն ընդդիմության պահանջները չլսելու է տալիս ու «շտամպովկա» է անում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը «սպառնում է» ապացուցել իր տղամարդկությունը. Տեսանյութ’