‘Խմբագրական. Քաղաքական ուժեր և բանակ. հերթական թարս վարունգը Սերժ Սարգսյանի համար’

4456

Թվում է, թե սահմանային վերջին թեժացումները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա եթե կարող էին ունենալ ազդեցություն, ապա միայն` լարվածությունը թուլացնող ու հանգստացնող:  Սա` առաջին հայացքից: Իրականում տեղի ունեցածն ավելի խորքային բնույթ ունի և կարող է որոշիչ դերակատարություն ունենալ ստեղծված ներքաղաքական բալանսի և աշնանային քաղաքական ճակատամարտի հնարավոր արդյունքի վրա:

Ի՞նչ տեղի ունեցավ վերջին 10-15 օրերի ընթացքում: Ադրբեջանի լկտի պահվածքը Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի վրա` առաջին անգամ վերջին տարիների ընթացքում ստացավ արժանի պատասխան, որը ստիպեց հակառակորդին` պոչը մտցնել ոտքերի արանքն ու նահանջել: Հայաստանի զինված ուժերի համբերությունը հատեց. բանակն, ըստ էության, ոտքը խփեց գետնին, գործող իշխանությանը հասկացնելով, որ չի հանդուրժի Սերժ Սարգսյանի վարած ջայլամային քաղաքականությունը, երբ բանակին հրամայված էր չպատասխանել հակառակորդի ագրեսիվ գործողություններին: Բանակի այս քայլում վճռորոշ դերակատարություն ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. զինված ուժերն իրենց թիկունքում զգացին անհրաժեշտ քաղաքական և հասարակական աջակցություն, և կայացվեց միակ ճիշտ որոշումը՝ ուժով սաստել հակառակորդին: Այլ բան է, որ հիմա Սերժ Սարգսյանը, «վեր հառնելով» մեկշաբաթյա անհայտությունից, փորձում է իրենով անել բոլոր դափնիները:

Վերադառնալով ներքաղաքական իրադրությանը, հարկ է արձանագրել, որ իշխանության պահպանման և վերարտադրության համար Սերժ Սարգսյանին այսօր երկու գործոն կարող է փրկել. արտաքին ագրեսիան (անունը կարող եք դնել պատերազմ, լարվածություն, ինչ կուզեք) և սահմանադրական «բարեփոխումները»: Այս երկու գործոնից բացի, որևէ այլ ռեսուրս` լինի դա ֆինանսական, արտաքին աջակցության, ներքին հանրային լեգիտիմության, Սերժ Սարգսյանն ուղղակի չունի: Առաջինի՝ սահմանային լարվածության պարագայում, ինչպես արդեն տեսանք, վարչախումբը ձեռքն է առնելու սազն ու երգելու է ազգային միասնականության մասին, փորձելու է կաշկանդել վարչախմբի դեմ պայքարող ուժերին, մեռցնելու է քաղաքականությունն ու քաղաքական գործընթացները երկրում, զուգահեռաբար` հանգիստ շարունակելու է թալանել Հայաստանի հարստությունն ու կեղեքել ժողովրդին: Երկրորդի, այսինքն՝ սահմանադրական «բարեփոխումների» անցկացման պարագայում, Սերժ Սարգսյանը կեղեքելու իրավունքը կստանա արդեն Սահմանադրությամբ և անժամկետ: Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի գործունեությունը խորագույն հակասության ու թշնամանքի մեջ է Հայաստանի պետական շահերի հետ:

Վերջին իրադարձությունների բերումով և Հայաստանի պետական շահերի համատեքստում հատվեցին Հայաստանի առաջատար, վարչախմբի դեմ պայքարող քաղաքական ուժերի ու բանակի մոտեցումները: Ի բարեբախտություն մեզ բոլորիս և ի ցավ Սերժ Սարգսյանի՝ բանակը կարողացավ Հայաստանին պատվով դուրս բերել վերջին սահմանային լարվածության փորձությունից՝ չեզոքացնելով Սերժ Սարգսյանի վարչախմբի գոյության համար անհրաժեշտ առաջին գործոնը՝ արտաքին վտանգի շանտաժը: Հիմա հերթը Հայաստանի առաջատար քաղաքական ուժերինն է՝ չեզոքացնելու Սերժ Սարգսյանի սահմանադրական ավանտյուրան և կազմակերպելու հզոր և հրապարակային բողոքի ալիք ընդդեմ վարչախմբի: Հանգամանքների բերումով, ի դեմս ոչ իշխանական ուժերի և բանակի՝ Սերժ Սարգսյանի ու նրա քարոզչամեքենայի փողփողած միասնականության հիմքերն ըստ էության գցված են, միայն թե դրանում արդարացիորեն բացակայում է ինքը` Սերժ Սարգսյանն, իր մերձավորների հետ միասին:  Հերթական անգամ Սերժ Սարգսյանի այդքան սիրած վարունգը թարս է բուսնում: Իր հնարած զենքը շուռ է գալիս իր վարչախմբի դեմ ու սպառնում նրա գոյությանը: Հայաստանն այսօր երկու հիմնական հակառակորդ ունի` Սերժ Սարգսյանի վարչախումբն ու Ադրբեջանը: Մի վտանգի չեզոքացումը բանակի խնդիրն է, մյուսինը՝ երկրի հիմնական քաղաքական ուժերինը: Սրանից լավ միասնականության հիմք դժվար է պատկերացնել:

Ասվածը թող տպավորություն չստեղծի, որ սրանով բանակը ներքաշվում է ներքաղաքական գործընթացների հորձանուտ: Ամենևին: Բանակի միակ գործը արտաքին սահմանների պաշտպանությունն է, և այս լիազորությունների շրջանակից բանակը չպետք է դուրս գա երբեք: Ուղղակի պատկերացրեք, թե ինչպիսի թշնամի է Սերժ Սարգսյանի վարչախումբը Հայաստանի պետական շահերին, և որտեղով են անցնում նրա իշխանության պահպանման թելերը, որ բանակը` կատարելով արտաքին սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտականությունը, կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իշխանության գերեզմանափորներից մեկը: Ավելին, եթե աշնանային թեժացման ժամանակ բանակը դրսևորի պետական մտածողություն ու վարքագիծ և թույլ չտա Սերժ Սարգսյանին՝ զինված ուժերը ներգրավել ներքաղաքական գործընթացների մեջ, ապա էլ ավելի ու միգուցե վերջնականապես կվերականգնի իր հեղինակությունն ու բարի համբավը ժողովրդի շրջանում:

Ըստ այդմ, ստեղծված է հերթական` առավել քան բարենպաստ իրավիճակը Սերժ Սարգսյանի վարչախումբը վերջնականապես պատմության գիրկն ուղարկելու, Հայաստանին հեռանկար ու ապագա պարգևելու համար: Այդ հարցում հիմնական պատասխանատվությունը Քառյակում ընդգրկված քաղաքական ուժերինն է: Եվ եթե հաջողության դափնիները հասարակության հետ կիսելը պատվաբեր է լինելու, ապա այդ գործը չանելու ամոթանքը մնալու է քաղաքական ուժերի ճակատներին դաջված:

Արման Մուսինյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայկական հոսթինգ-կայքերի զարգացումը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է $600 միլիոնով նոր ջերմաէլեկտրակայան կառուցել’