‘Խմբագրական. Քաղաքացիական հեղափոխություն’

1983

Իշխանության, այսպես կոչված՝ ողջախոհ երիտթևի ծրագիրը հայտնի է՝ «պայքար» «օլիգարխիայի» դեմ, իսկ հայերեն թարգմանած՝ խոշոր սեփականության վերաբաշխում՝ հօգուտ «նորերի» և ի վնաս «հների»: Իհարկե, սեփականության վերաբաշխման նպատակը ոչ մի տեղ չի բարձրաձայնվում, փոխարենը՝ իշխանական երիտթևի կողմից վերահսկվող «առաջադեմ» փորձագետների, վերլուծաբանների, լրագրողների, գործիչների կողմից «օլիգարխիայի» դեմ պայքարի կոչը տարբեր ձևերով բարձրաձայնվում է գրեթե ամեն օր: Բնական է, որ առաջին հայացքից՝ այս ծրագիրը չի կարող հակակրանք առաջացնել հասարակության մեջ, որը մինչև կոկորդ կուշտ է ներկայիս տնտեսական-քաղաքական համակարգից՝ մենաշնորհների գերակայությունից, սահմանափակ ընտանիքների ձեռքում ազգային հարստության գերակշիռ մասի կուտակումից և այլն: «Ողջախոհների» գաղափարաբանության ակտիվ քարոզվող մյուս տարրը՝ հակառուսաստանյան, հակապուտինյան կողմնորոշումն է: Սա էլ, առանձին վերցված՝ չի կարող հակակրանք առաջացնել հասարակության գոնե մի մասի մոտ, որովհետև շատերն են հասկանում, որ Հայաստանի խնդիրների զգալի մասը պայմանավորված է ռուսաստանյան ազդեցությամբ, սովետական ժառանգությամբ և հետսովետական տարածքի զարգացման ընդհանուր տրամաբանությամբ: Բայց այստեղ շատ հետաքրքրիր, նուրբ ծուղակ կա: Խնդիրն այն է, որ իբր այդքան հակապուտինյան այդ տղերքը (ինչպես նաև աղջիկներն ու մյուսները) իրականում առաջարկում են հե՛նց պուտինյան ծրագիր Հայաստանի համար: Այսինքն՝ ավելի ուժեղ բռնապետություն, քան այսօր ունենք: Ինչպե՞ս:

Քողարկված պուտինիստները

«Հակաօլիգարխիկ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան պուտինիզմ: Իրոք, հիշենք, թե որոնք էին Վ.Պուտինի առաջին քայլերը, երբ նա դարձավ Ռուսաստանի նախագահ 2000-ականների սկզբին՝ չեչենական պատերազմ, հակաօլիգարխիկ պայքար, իշխանության կենտրոնացում: Այն ժամանակ այդ քայլերը հավանության արժանացան ռուսաստանցիների մեծ մասի կողմից, բայց արդյունքում Ռուսաստանը դարձավ է՛լ ավելի բռնապետական պետություն, քան է՛ր, և այսօր շատերի համար խնդրահարույց է զարգացման այն ճանապարհը, որով այդ երկիրն ընթացավ Պուտինի օրոք:

Իսկ ինչո՞ւ է հակաօլիգարխիկ պայքարը հանգեցնում բռնապետության ուժեղացման, այսինքն՝ ազատության սահմանափակման, արդյո՞ք այստեղ օրինաչափություն կա, թե՞ դա պատահականություն է, և ուրեմն՝ Հայաստանի հետ մեր համաբանությունը սխալ է: Ամեն բան չափից ավելի պարզ է: Ի՞նչ բան է օլիգարխիան: Կարճ խմբագրականում տեղը չէ մանրամասն բացել այդ եզրի բովանդակությունը: Նշենք միայն, որ հետսովետական երկրների քաղաքական համակարգի նկատմամբ կիրառվելու դեպքում սա զուտ պայմանական մի բնորոշում է, որը պարզապես ցույց է տալիս իշխանության կենտրոնացման չափը: Կոպիտ ասած՝ օլիգարխիան ավելի կենտրոնացված համակարգ է, քան դեմոկրատիան, բայց ավելի ապակենտրոնացված և ազատ, քան բռնապետությունը: Այսինքն՝ օլիգարխիայից կա երկու ճանապարհ: Մեկը՝ դեպի է՛լ ավելի ապակենտրոնացում՝ ընդհուպ մինչև դեմոկրատիա, մյուսը՝ դեպի է՛լ ավելի կենտորնացում, և ուրեմն՝ դեպի բռնապետություն: Այսինքն՝ ամեն բան գնահատելի է համեմատության մեջ:

«Օլիգարխիայից» դեպի ո՞ւր

Մեզանում, իրականում, ոչ մի օլիգարխիա չկա, եթե ուզենանք բառացի և գիտականորեն օգտագործել այդ եզրը: Մեր համակարգը բռնապետական է, այսինքն՝ այնպիսին, որտեղ բոլոր կարևոր և նույնիսկ երկրորդական որոշումների մեծ մասն ընդունվում է մեկ մարդու կողմից. նրա՛նն է նաև տնտեսական եկամուտների մեծ մասը, իսկ նրա իշխանության աղբյուրը, վերջին հաշվով, մաքուր բռնությունն է, այլ ոչ թե օրենքով նախատեսված որևէ կարգ: Եթե մեզանում լիներ իրական օլիգարխիա, ապա մենք կունենայինք ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու կողմից ընդունվող որոշումներ, մի քանիսին պատկանող փաստացի իշխանություն, և այդ մի քանիսն իրար մեջ համեմատաբար հավասար պետք է լինեին: Պարզ է, որ մեզանում հավասարների փոքր խմբի այդպիսի իշխանություն չկա:

Բայց բռնապետություններն էլ տարբեր են լինում՝ կախված իշխանության կենտրոնացման չափից և կոշտությունից: Ասենք՝ չենք համեմատի, չէ՞, ստալինյան բռնապետությունը, որի դեպքում ցանկացած դիմադրության փորձ իսկ ճնշվում էր իր սաղմի մեջ, այսօրվա Հայաստանի հետ, երբ ընդդիմանալու ինչ-որ սահմանափակ հնարավորություններ կան: Ստալինյանն էլ մի կողմ, բայց այսօր Հայաստանում մի փոքր ավելի ազատություն կա, քան նույն պուտինյան Ռուսաստանում կամ, օրինակ, Ադրբեջանում: Այլ կերպ ասած՝ մեր բռնապետությունը համեմատաբար ավելի ապակենտրոնացված է: Ա՛յ, հենց այդ մի փոքր ավելի ապակենտրոնացումն էլ իրականում մեր «օլիգարխիան է» կամ «օլիգարխիկ» տարրը մեր բռնապետության մեջ: Մեր համեմատ՝ օլիգարխիայի տարրերը բացակայում են Ռուսաստանում և Ադրբեջանում: Այնտեղի բռնապետները վերջնականապես վերացրել են ապակենտրոնացման նույնիսկ փոքր տարրերը: Իհարկե, այս ամենը չպետք է ոչ մի դեպքում հասկանալ որպես «օլիգարխիայի» պաշտպանություն: Խնդիրը պաշտպանությունը չէ, այլ «օլիգարխիայից» դեպի ո՛ր կողմ շարժվելը՝ դեպի ավելի ապակենտրոնացում և դեմոկրատացո՞ւմ, թե՞ դեպի ավելի կենտրոնացում և ավելի ուժեղ բռնապետություն: «Օլիգարխիան», այսպիսով, ընդամենը անցակետ է երկուսի՝ ազատության և բռնապետության միջև: Մենք պետք է ընտրենք ոչ թե ներկայիս վիճակը, այլ ներկայիս վիճակից անցման ճանապարհի ուղղությունը:

Այ հիմա՝ մի քիչ տրանսպորտից

Ավելի կոնկրետացնելու համար վերցնենք այսօրվա իրավիճակը տրանսպորտի ուղեվարձի շուրջ: Ներկա դրությունը տրանսպորտի ոլորտում կարելի է համարել բռնապետական՝ «օլիգարխիկ» որոշ տարրերով: Տրանսպորտի առանձին գծեր պատկանում են «օլիգարխներին»՝ գծատերերին, որոնք ներկայացնում են մեր պետական, իշխանական և գործարարական վերնախավը: Բայց գծատերերը բացարձակ ազատ չեն: Նախ՝ նրանք իրենց եկամտի մի մասը մուծում են բռնապետության պարագլխին: Երկրորդ՝ բռնապետության գլուխն է որոշում գնային քաղաքականության հարցերը: Երրորդ՝ եթե գծատերը դուրս գա ենթակայությունից, օրինակ՝ իր եկամտի մի մասը ծախսի բռնապետությանը ոչ ցանկալի ուղղությամբ, ասենք՝ ֆինանսավորի որևէ քաղաքական շարժում կամ էլ, ասենք, որոշի իր գծի երթուղիների գինը չբարձրացնել, ապա այլ հավասար պայմաններում նա կարող է պատժվել կամ էլ զրկվել եկամտից (մանավանդ՝ եթե չունի քաղաքական հենարան հասարակության մեջ):

Այս իրավիճակից կա երկու ելք: Հասարակությունն այսօր պահանջում է տրանսպորտի բիզնեսի թափանցիկացում, ստվերային դաշտից դուրս բերում, որոշումների օրիանականություն, այլ կերպ ասած՝ առաջարկում է «օլիգարխիայից» դեպի դեմոկրատացում ուղղությունը: Բայց բռնապետությունն էլ, իր հերթին, կարող է ունենալ իր ծրագիրը, որը արտաքուստ կարող է նույնիսկ չտարբերվել հասարակության պահանջների մի մասից: Օրինակ, նա կարող է, օգտվելով հասարակական ալիքից, օրերից մի օր զրկել «օլիգարխներին» գծերից և վերաբաշխել դրանք հօգուտ ավելի նեղ շրջանակի, օրինակ՝ մեկ ընտանիքի ու նրա ամենամերձավոր բարեկամների: Այս դեպքում կունենաք շարժում՝ «օլիգարխիայից» դեպի բռապետություն:

Հեղափոխություն վերևից vs քաղաքացիական հեղափոխություն

Լավ, իսկ արդյոք օլիգարխիայից դեպի դեմոկրատացում կամ դեպի բռնապետություն ուղղության ընտրությունը կախվա՞ծ է մարդկանց կամքից, թե՞ այն ավելի շատ պայմանավորված է առարկայական օրինաչափություններով: Օրինաչափություններն ավելի կարևոր են: Կարող ենք ենթադրել, որ երիտթևի քարոզչամեքանայի սպասարկուներից ոմանք իրոք անկեղծ կարծում են, որ պայքարում են օլիգարխիայի դեմ՝ հանուն դեմոկրատացման և առաջադիմության: Բայց նրանց կարծելը գրեթե զրոյական նշանակություն ունի: Մարդիկ հաճախ դնում են նպատակներ և գործում են հանուն դրանց իրականացման, սակայն ստանում են իրենց ուզածի հակառակը, որովհետև առարկայական օրինաչափություններն ավելի հզոր են, քան անհատի ցանկությունները: Օրինակ, բոլշևիկներն անկեղծորեն պայքարում էին  հանուն մեծամասնության շահերի և նպատակ ունեին պետության վերացման, սակայն պայքարի արդյունքում ստացան այնպիսի բռնապետություն, որի օրինակը չկար պատմության մեջ, և որը ոչնչացրեց, նախևառաջ, հենց հանուն իր կայացման պայքարող հեղափոխականների ճնշող մեծամասնությանը:

Երիտթևի առաջարկած ծրագիրն է՝ հեղափոխություն վերևից: Եթե օլիգարխիան վերացվի վերևից, թեկուզ հասարակական փոքրիկ խմբերի ակամա կամ գիտակցված աջակցության պայմաններում, ապա արդյունքում օրինաչափորեն կստանանք պուտինյան կամ ալիևայն տիպի բռնապետություն՝ օլիգարխիայի վերջին տարրերից ազատված մի համակարգ, ուր կսահմանափակվեն նույնիսկ այն ազատություները, որոնք ունենք այսօր՝ տնտեսական, քաղաքական, խոսքի, հավաքների ոլորտներում: Չի կարող որևէ համակարգ ինքն իրեն բարեփոխել, եթե չկա ներքին կամ արտաքին ճնշում:

Օլիգարխիայի կազմաքանդման, համակարգի դեմոկրատացման միակ տարբերակը զանգվածային ճնշումն է ներքևից, որը կարող է օգտագործել իշխանության ներքին հակասությունները, բայց որի կենտրոնը պետք է լինի իրապես զանգվածային հրապարակային պայքարը: Այդ պայքարը պետք է խնդիր դնի ոչ թե ոչնչացնել ազատ բիզնեսի վերջին տարրերը, այլ հակառակը՝ ազատել և օրինական դաշտ բերել նաև այն գործարարներին, որոնք համարձակություն կունենան բացահայտ կամ գոնե քողարկված միանալ հասարակության տարբեր խավերը միավորող զանգվածային շարժմանը՝ քաղաքացիական հեղափոխություն: 

Նախորդ հոդվածը‘Պայքարի այսօրվա ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. 77 մարդ զոհվել է’