‘Խմբագրական. Քիփլիկ ընդդիմություն` ընդդիմությանը’

3050

Հայաստանում նորից մեկնարկեց «ընդդիմության ընդդիմության» նոր թատերաշրջանի բացումը: Արդեն մոտ երկու տասնամյակ ընդդիմության ընդդիմությունը պարբերաբար հանդես է գալիս գաստրոլներով՝ նույն խաղացանկով, բայց երբեմն-երբեմն փոխվող գլխավոր դերակատարներով:

Այս ամբողջ տարիների ընթացքում իշխանության համար ամենավստահելի ռեսուրսը եղել են ու կմնան հենց այս մարդիկ՝ ընդդիմության ներսում որոշակի չբավարարված ամբիցիաներ ունեցող անձինք, ովքեր իրենց գործը սկզբում արել եւ անում են որպես ընդդիմություն (ներսում) եւ ապա` որպես ընդդիմության ընդդիմություն (դրսում): Սկզբում այդ մարդիկ (ներսում) ամենաշատ ոգեւորվողներն ու ոգեւորողները պիտի լինեն: Հենց նրա՛նց շուրթերով ամենաշատը պիտի հնչի, որ իշխանափոխությունը տեղի կունենա այսինչ ժամկետներում: Հենց նրա՛նք ամենաբարձրը պիտի գոռան, որ  իշխանափոխությունը տեղի կունենա ձմռանը, ձմռանը տեղի է ունենալու իշխանափոխությու՜ն, թյու՜ն, թյու՜ն, թյու՜ն….: Փետրվարին, րի՜ն, րի՜ն, րի՜ն…

Ամենաշատը հենց նրան՛ց համախոհները պիտի գոռան խրոխտ, թե ինչու փետրվարին չի կարող տեղի չունենալ իշխանափոխություն. որովհետեւ կասկածողներ չկան:

Հետո էլի՛ հենց նրանք ամենաբարձրը պիտի գոռան, որ իշխանափոխությունը տեղի կունենա գարնանը: Որովհետեւ իշխանափոխության լավագույն ժամկետն է գարունը. գյուղացիք ջղայնացած են, որ ցուրտը բերքը տարել է, ամեն ինչ թանկացել է ու թանկանում է, կուտակայինն ու գներն էլ՝ մյուս կողմից: Խոպանչիների ճամփան փակել են ռուսները, սրանք էլ սոված նստած՝ սպասում են իշխանափոխության: Սոցիալական բունտ է հասունանում, եւ պարզից էլ պարզ է, որ գարնանը լինելու է իշխանափոխություն:

Հենց իրե՛նք, ու միայն ու միայն իրե՛նք պիտի ամենաբարձը գոռան`«դեռ հըլը կտենաք, լացացնելու ենք, գըմփըցնելու ենք»: Հենց իրենք պիտի ամենաշատը գոռան, թե պատրաստ են իրենց կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին՝ Քրիստոսի պես, եւ Աստծո կամոք ծառայել հայ ժողովրդին եւ արարատյան երկրին: Բայց ոչ սովորական Քրիստոսի պես: Քրիոստոսից տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հալածյալ, ավելի տառապյալ եւ ավելի «դուխով», եւ երազում էին այն պահի մասին, որ իրենք էլ իրենց Երուսաղեմը մտնեին, ու մարդիկ ձիթենու ճյուղերով դիմավորեին նրանց՝ հանց միակ ու անկրկնելի փրկիչների: Բայց իրենց, հենց իրենց միայն ու միայն իրե՛նց, որովհետեւ թիմը` թիմ, բայց իրենք թիմից վեր, թիմից` զատ, թիմից` ազդեցիկ, իրե՛նք, իրե՛նք, իրե՛նք, ե՛ս, ե՛ս, ե՛ս, ե՛ս….

Ու ամեն անգամ միշտ պիտի գտնվեին այդպիսիք, որ պիտի կարծեին, թե իրենց մի ես-ն ավելի կարեւոր է, քան մյուսների հավաքականությունը, եւ պիտի պոռային ժողովրդավարությունից ու ազատությունից, բայց իրենք իրենց շուրջը փոքրիկ հիտլերիկություններ անեին, մանր դիկտատորիկություն, դավադրությունիկներ…ու հենց այդ պահը կգար, իշխանությունները պիտի հենց նրանց օգտագործեին, նրանց` իրենց թիմի դեմ….եւ նրանք պիտի դառնային ընդդիմություն` բայց միայն ընդդիմությանը… : Ավելի շատ ու ամենաշատը՝ հենց ընդդիմությանը: Ու ամեաբարձրը պոռացողները պիտի ամենաշատը հայհոյեին, եւ իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ հռչակածները պիտի դառնային երդվյալ հակապապականներ….

Այսպիսի շատերին տեսանք….նրանք եկան, ու ինչպես եկան, այնպես էլ անցան-գնացին` իրենց քաղաքական կարիերան «ուշագրավ» հանգրվանի հասցնելով: Եւ գրեթե բոլորն իրենց խարիսխը հենց իշխանությունների ծովածոցում գցեցին: Մեկն իր երազածի պես նախագահ դարձավ: (Ճիշտ է` Սերժի հովանու ներքո գործող հանրային խորհրդի, բայց` ինչեւէ): Մյուսներից երեքը Սերժի կուսակցության համամասնական ցուցակում հայտնվեցին: Էն մյուսը, Եվրամիության դրոշը ձեռքին, տասը հոգու ներկայությամբ հանրահավաք անելով` շարունակում է ամիսը մեկ անգամ հայհոյել հայ ազգին այն բանի համար, որ չեն հասկանում, որ հենց միայն ի՛նքը կարող է փրկել Հայաստանը: Ոմանց մասին հիշում ենք, երբ հերթական մամուլի ակումբում հերթական հուժկու ասուլիսն են հրավիրում: Մի մասն էլ նրանց ճամփին է: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե որտե՞ղ տանող ճամփին: Գուցե Սեւա՞ն, կամ Ավա՞ն:

Էն մյուսներն էլ, ովքեր դեռ նոր են մտածում նրանց ճանապարհը բռնելու մասին, դեռ դասեր չեն քաղել եւ կարծում են, թե իրենց անհատական բենիֆիսն ավելի շռնդալից է լինելու, եւ հենց իրենք կկարողանան իրենց ծառայեցնել ընդդիմադիր ռեսուրսը, այն, ինչ չկարողացան անել իրենց նախորդները:

Նրանց բոլորին թվում էր եւ թվում է, թե կարելի է դեռ գետը չհասած՝ վազգենմանուկյանություն անել, բայց մարդ ես` բախտդ բերի, եւ Վազգեն Մանուկյան չդառնաս: Չի՛ լինում այդպես: Թաքուն, թե հրապարակավ, բոլորից բարձր գոռալով, թե կիսաձայն խոսելով` վազգենմանուկյանություն անողները միշտ էլ ավարտում են իրենց քաղաքական կարիերան քաղաքական հատակում` դառնալով սովորական Վազգեն Մանուկյաններ, ավելի ճիշտ` կիսատ-պռատ Վազգեն Մանուկյաններ, որոնց օգտակար գործողության գործակիցը միայն իշխանությունն է իմանում եւ մտածում` «ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ նրանց նմանները գոյություն ունեն եւ օգնում են մեզ երկարաձգել մեր իշխանությունը»:

Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, չենք շեղվել, չենք շեղվում եւ չենք շեղվելու: Հայաստանում պետք է տեղի ունենա եւ անպայմա՛ն տեղի կունենա իշխանափոխություն, որքան էլ որ մանուկյանները գան ու գնան:

Հ.Գ. Քաղաքական դաշտ մտնողների համար թերեւս պարտադիր սերտելու մի ասացվածք էլ պետք է շրջանառության մեջ դնել: Չի կարելի, որ աղվեսը կանգնի ծառի շվաքում եւ կարծի, թե իր պոչի շվաքում է կանգնել:

 

Նախորդ հոդվածը‘Պյոտոր Պոռոշենկոն երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք Երեւանի կենտրոնում. հարուցվել է քրեական գործ’