‘Խմբագրական. Ֆուտբոլի մասին՝ ենթատեքստով’

2075

Ինձ վերջերս մեղադրում են, թե ֆեյսբուքի էջումս, ինչ սկսվել է աշխարհի առաջնությունը, բացի ֆուտբոլից՝ էլ ոչ մի բանի մասին չեմ գրում: Ես, իհարկե, կարող եմ գրել նաեւ, օրինակ, ռեգբիի մասին, մանավանդ որ մի շարք երկրներում, ֆուտբոլ ասելով՝ հենց ռեգբի են հասկանում (չնայած, ի տարբերություն ֆուտբոլի՝ ռեգբին նոր-նոր եմ սկսում նայել), բայց արդյո՞ք դա կբավարարի բոլոր դժգոհներին՝ չգիտեմ: Եթե լուրջ, ապա, իրականում, ըստ իս, շատ քիչ նշանակություն ունի, թե մարդն ինչի՛ մասին է գրում, որովհետեւ «ինչի մասինն» ընդամենը առիթ է՝ այս կամ այն ընդհանրացված ասելիքը ձեւակերպելու համար, որը սովորաբար ավելի լայն է, քան առիթի դեր կատարող թեման: Կարելի է գրել սպորտից, երաժշտությունից, քաղաքականությունից, անձնական հարաբերություններից եւ այլն, եւ այդ բոլոր տարբեր թեմաների միջոցով մոտավորապես նույն ասելիքը հաղորդել: Սովորաբար՝ ամեն հեղինակ ունենում է բավականին սահմանափակ թվով հիմնական ասելիքներ (արջի յոթ երգի նման), որոնք էլ փոխանցում է տարբեր փաթեթավորումներով ու տարբեր առիթներով: Այնպես որ՝ այսօր խոսենք ֆուտբոլից, բայց մտքում պահենք մեր իրականությունը:

Տվիմ, խփիմ գյոլ

Վերջերս ցանցում հանդիպեցի ֆուտբոլային փորձագետի կարծիքի, համաձայն որի՝ Իսպանիայի հավաքականի եւ Բարսելոնի անկմանը զուգահեռ՝ մահանում է ռոմանտիկ ֆուտբոլը: Ճիշտն ասած, որքան ինձ հիշում եմ, իսկ ես ֆուտբոլ եմ նայում 1985 թվականից, ուրեմն՝ արդեն 29 տարի, «ռոմանտիկ» ֆուտբոլը միշտ մեռնում է, իսկ «պրագմատիկը», «ոչ դիտարժանը», «անհետաքրքիրը»՝ միշտ ծաղկում ապրում: Իհարկե, դա այդպես է միայն, եթե լսենք որոշ ֆուտբոլասերների ու մեկնաբանների: Ռոմանտիկ ֆուտբոլի «յոթն ու քառսունքը» արեցին 1990-ին, հետո նորից՝ 2004-ին, ու կրկին նշում են այսօր, ու այդ թվականների արանքներում էլ նա անընդհատ մահացել է: Մի ընկեր ունեմ, որը մոտ 4 ամիս անընդհատ գնում էր բանակ, ու էդ 4 ամսվա ընթացքում մոտավորապես 6 հատ էլ բանակի քեֆ ենք արել՝ առանց չափազանցության. առաջինը՝ մայիսին, իսկ վերջինը՝ սեպտեմբերի վերջին: Հիմա ռոմանտիկ ֆուտբոլն է, անընդհատ այն աշխարհից «պավեստկան» գալիս է, անընդհատ գնալու քեֆն անում են, բայց նա արանքը ճղում է, ասենք՝ հոսպիտալ է ընկնում, եւ հարգելի սեղանակիցները նորից ու նորից խմում են նրա կենդանի կենացը: Օղորմի՜:

Իսկ ի՞նչ է այդ ռոմանտիկ ֆուտբոլը, կամ գուցե ոչ թե ինչ է, այլ ո՞վ է (ինչպես հայ մեկնաբաններից մեկն էր ասում՝ «իսկ ո՞վ է Ուրուգվայը», ափսոս՝ պատասխանող չեղավ՝ «հորոխպորս տղան է»): Այլ կերպ ասած՝ «բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, հանգուցյալը»: Իրականում ոչ ոք ստույգ չգիտի այս հարցերի պատասխանը: Ռոմանտիկ ֆուտբոլը նման է «իսկական հեղափոխության»՝ բոլորը սիրում են այն, բայց ոչ ոք չի կարող նկարագրել կամ համարժեք օրինակ բերել: Մոտավորապես՝ դա երեւի համապատասխանում է հետեւյալ անորոշ պատկերացմանը՝ տշում ենք, վազում ենք առաջ, խփում ենք, կամ, ինչպես ասում էր իմ մանկության բակի ընկերներից մեկը՝ գեոլոգների շենքի Կարենը՝ «տվիմ, խփիմ գյոլը»: Մեծահասակները երեւի կասեն, որ ռոմանտիկ ֆուտբոլ խաղում էր Բրազիլիան Պելեի վախտերով: Չգիտեմ, չեմ տեսել, իհարկե, բայց, անկեղծ ասած՝ կասկածում եմ, որ Պելեի ժամանակվա Բրազիլիան խաղում էր միայն ռոմանտիկ զգացմունքների վրա հիմնված տվիմ-խփիմ-գյոլ. հաստա՛տ՝ մի այլ՝ ավելի հետաքրքիր բան պետք է լիներ՝ տակտիկա, կազմակերպություն եւ այլն, որն ապահովում էր այդ հավաքականի հաղթանակները: Ենթադրում եմ, որ Պելեի Բրազիլիայի մասին ռոմանտիկ պատկերացումները մոտավորապես նման են Չե Գեւարայի կամ մեր ֆիդայիների մասին պատկերացումներին: Հիմա, ում հարցնես, կասի՝ Չե Գեւարա, ու ասողին թվում է, որ Չե Գեւարան տենց էշը նստած, կինոյի Չապաեւի պես՝ «շաշկի նագոլո» «տնգում» էր առաջ, այսինքն՝ կատարյալ ապուշ էր, եւ ոչ ոք հո չի խորանա, որ Չե Գեւարան եւ կուբայական հեղափոխությունը պարտիզանական պայքարի բարդ մարտավարություն էին, ընդհատակյա ուժեղ կազմակերպություն, զենքի եւ փողի հայթայթում, ծանր աշխատանք, խորամանկություն, խելք, դաժանություն, արյուն եւ այլն:

Հոնդուրաս, ո՞ւր է քո բանվոր դասակարգը

Ռոմանտիկ ֆուտբոլ էր խաղում, օրինակ, Հոնդուրասի հավաքականն անցյալ աշխարհի առաջնության ժամանակ (այս տարվա իրենց խաղերից միայն մեկն եմ նայել, այն էլ՝ անուշադիր, բայց կարծես իրենք էլ արդեն այդքան էլ ռոմանտիկ չէին, կամ իմ հայացքն է փոխվել)՝ վազում էին առաջ, վազում էին հետ, գնդակն էլ՝ իրենց հետ: Բայց Հոնդուրասի հավաքականի երկրպագու՝ Հոնդուրսաից դուրս՝ չկա, ու չի սպասվում, ու ոչ թե՝ որովհետեւ իրենց հետուառաջ վազելը որեւէ արդյունքի չի բերել, այլեւ որովհետեւ իրենց խաղաոճը ոչ մեկին իրապես հետաքրքիր չէ: Երեւի թե ռոմանտիկ էր նաեւ Իսպանիայի ֆուտբոլը: Բայց ոչ թե՝ վերջին շրջանում, այլ, ավելի շուտ՝ 80-ականներին, 90-ականներին: Իրոք, լավ էր նայվում, բավականին սիրուն էր, բայց միշտ՝ անարդյունավետ: Մինչեւ 2010 թվականը իսպանացիների բարձրագույն նվաճումն աշխարհի առաջնություններում, չհաշված հեռավոր ու ոչ մեկին չհետաքրքրող 4-րդ տեղը 1950-ին (ընդամենը 13 թիմից), եղել է մի քանի անգամ քառորդ եզրափակիչ դուրս գալը, ինչը եվրոպական չորս-հինգ ուժեղագույն ֆուտբոլային ազգերից մեկի համար չափից ավելի անբավարար արդյունք է: Համեմատության համար ասեմ, որ շատերի կողմից Հայաստանում չսիրված, իսկ իմ կողմից՝ ավելի քան սիրված Գերմանիայի համար 1966-ից այս կողմ՝ քառորդ եզրափակիչ դուրս գալը եղել է վատագույն արդյունքը աշխարհի առաջնություններում՝ կրկնվելով միայն երկու անգամ՝ 11 առաջնությունների ընթացքում, եւ երկու անգամ էլ ընկալվելով որպես ազգային խայտառակություն եւ խոշոր պարտություն: Ընդ որում, չնայած, չգիտես ինչու՝ համարվում է, որ գերմանացիները խաղում են անհոգի ֆուտբոլ, մեքենա են եւ այլն, բայց ես չեմ հիշում, որ նրանք երբեւէ ոչ դիտարժան ֆուտբոլ խաղան՝ խոշոր հաշիվներով հաղթանակներ, կազմակերպված գրոհներ, առաջին համարով խաղ, կամային հատկանիշներ, հայտնի ռմբարկուներ եւ այլն, բայց, իհարկե, այդ դիտարժանությունը տարբեր է միայն հույզերի ու անհատների աստղային հատկանիշների վրա հիմնված «տշենք առաջից»:

Ծայրահեղությունները համընկնում են

Հա, Իսպանիան: Իսպանիան հաջողության հասավ ամենեւին էլ ոչ ռոմանտիկ ֆուտբոլի հաշվին: Շատ չխորանալու համար բավական է թեկուզ հիշել, որ 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ իսպանացիք չեմպիոն դարձան, նրանք «փլեյ-օֆֆի» բոլոր խաղերում հաղթել են մեկ-զրո հաշվով, ինչն ամենեւին էլ «ռոմանտիկ» խաղի ցուցիչ չէ՝ մեղմ ասած: Իսպանացիները հաղթող դարձան ոչ թե ի հաշիվ «ռոմանտիկայի», այլ տակտիկայի եւ կազմակերպության՝ շատերի կարծիքով զարգացման ծայրահեղ աստիճանի հասցնելով հոլանդական դպրոցի «տոտալ ֆուտբոլը»: Եվ շատ-շատերն էին բողոքում, որ իսպանական «տիկի-տական»՝ իր անվերջ պասերով, դանդաղ տեմպով եւ այլն, հաճախ պարզապես քնեցնում է այդ խաղը դիտողին:

2000-ականների ֆուտբոլում մյուս ծայրահեղ բեւեռն, այսպես կոչված՝ «ավտոբուսն է»՝ գերպաշտպանողական խաղաոճը, որի շնորհիվ հույները հաղթեցին 2004-ի Եվրոպայի առաջնությունում, իսկ Չելսին հաղթեց Չեմպիոնների Լիգայում: Այդ ոճը ընդունված է կոչել հակաֆուտբոլ, բայց մյուսների համար էլ այն «տիկի-տակայի» երկվորյակ եղբայրն է՝ հայելային հակադրությունը: Եթե «տիկի-տակայում» թիմը ձգտում է հասցնել գնդակի նկատմամբ վերահսկողությունը աննախադեպ առավելագույնի՝ մինչեւ 70-80 տոկոս խաղային ժամանակ, ապա «ավտոբուսի» դեպքում՝ հակառակը, թիմն ի սկզբանե թքած ունի վերահսկղության վրա՝ զիջելով այն մրցակցին եւ կենտրոնանալով վերջինիս խաղը քանդելու վրա: Ուժասպառության աստիճանի հյուծելով մրցակցին՝ այդպես պաշտպանվող թիմը հաջողության դեպքում խաղի ելքն իր օգտին է վճռում մեկ-երկու արագ, սուր եւ սահմանափակ ուժերով կազմակերպված գրոհների միջոցով՝ հաճախ խաղի ավարտին: Սովորաբար՝ «ավտոբուսային» թիմերը հաղթում են 1-0 հաշվով: Այսպիսով՝ արդյունքը նույնն է, ինչ «տիկի-տակայում»՝ վերջինում եւս այլ հավասար պայմաններում մրցակցին ուժասպառ են անում՝ ստիպելով անվերջ պաշտպանվել, մինչեւ որ, սովորաբար՝ խաղի ավարտին մոտ, խփվում է հաղթական գնդակը: Իհարկե, սա միջինացված սխեմա է, բայց փաստորեն՝ երկու ծայրահեղ հակադիր բեւեռներում գտնվող մարտավարությունների արդյունքը շատ նման է:

Սրանք ժամանակակից ֆուտբոլի ծայրահեղություններն են, որոնք, թերեւս, արդեն անցան իրենց ծաղկման շրջանը, բայց դրանց միջակայքում շարունակել են գոյություն ունենալ եւ հաղթել այլ՝ ավելի բալանսավորված ոճերը: Միայն թե դրանցում էլ որեւէ «ռոմանտիկա» չկար ու չկա (ավանդապես՝ շատ հեռու է ռոմանտիկայից իտալացիների խաղը, որը, սակայն, ամենեւին էլ զուրկ չէ դիտարժանությունից, ունի իր մոլի երկրպագուները եւ չեզոք դիտողի համար էլ հիմնականում հաճելի է, եթե, իհարկե, լուրջ ֆուտբոլային խաղերից 10-0 հաշվի սպասումներ չունես. ֆրանսիացիները նույնպես հաղթեցին 1998-ի Աշխարհի գավաթում ամենեւին ոչ «ռոմանտիկ» խաղի շնորհիվ: Ավելին, նույնիսկ հարավամերիկյան հավաքականների խաղն այդպիսին չէ՝ բավական է հիշել, թե ինչպիսի պաշտպանողական ոճով Արգենտինան հասավ 1990-ի առաջնության եզրափակիչ, իսկ, օրինակ, Ուրուգվայը միշտ է շեշտված «ոչ ռոմանտիկ» խաղում: Մնում է Բրազիլիան գուցե, բայց նրանք էլ «արդեն այն չեն»):

Հաղթում է զո՞ւսպը

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ֆուտբոլում էլ, ինչպես կյանքի ցանկացած ոլորտում, այդ թվում՝ քաղաքականության մեջ, հաջողության հասնում է միտքը, կազմակերպվածությունը, թիմային մտածողությունը, մարտավարությունը, ճիշտ տեմպի ընտրությունը (ավելորդ չէ հիշել, ի դեպ, թե ինչպես շատ ուժեղ թիմեր, համեմատաբար թույլ սկսելով այս կամ այն խոշոր միջազգային մրցույթը, ի վերջո հաջողության են հասել՝ շնորհիվ ուժերի հաշվարկած բաշխման): Հակառակ սրա՝ ֆուտբոլում էլ, ինչպես եւ այլուր, երկրպագուների մեջ, առաջին հերթին՝ ֆուտբոլը դեպքից դեպք, զուտ հույզերով դիտողների մոտ կենդանի է մնում «ռոմանտիկ», այսինքն՝ միշտ առաջ վազող, գնդակ խփող, հետ չնայող խաղաոճի մասին առասպելը, որը հիմնված չէ որեւէ իրական փորձի վրա, չունի որեւէ հստակ ձեւակերպում, բայց, ինչպես եւ ցանկացած առասպել, գոյատեւում է՝ ի հաշիվ սեփական աչքով տեսածի վերլուծության բացակայության: Ֆուտբոլում էլ հաղթում է եթե ոչ միշտ զուսպը, ապա գոնե ինքնավստահը եւ մտածողը, եւ եթե հախուռնը կարող է որոշ հաջողությունների հասնել, ապա խելագարը՝ ո՛չ (ի դեպ՝ նույնիսկ այն դեպքերը, որոնք, առաջին հայացքից՝ խելագարություն են թվում ֆուտբոլում, օրինակ, Սուարեսի «կծանությունը», միշտ չեն այդպիսին՝ Սուարեսի այդ խելահեղ քայլից քիչ անց իր թիմը գնդակ խփեց եւ հաղթեց, ինչը կարող էր հետեւանք լինել նաեւ այն բանի, որ Սուարեսի «վայրագությունը» հունից հանեց իտալացիներին, խախտեց նրանց հուզական հավասարակշռությունը, այնպես որ՝ մի աչքով մի նայեք նույնիսկ այդպիսի ծայրահեղ դեպքերին): Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ֆուտբոլը կյանքի մասն է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանում արձանագրվել է սուր մենինգիտի 38 դեպք’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ծիծաղելի է անհանդուրժողականության դեմ պայքարի կոչեր լսել ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակներից’