‘Խմբագրական. «조선천도교청우당»՝ «Երկնային ուղու երիտասարդ ընկերները»’

2366

Չնայած սահմանադրական փոփոխությունների թեմային վերջին շրջանում շատ են անդրադառնում, թերեւս՝ ընթերցողին ձանձրացնելու աստիճան, սակայն գործընթացի զարգացմանը զուգահեռ՝ նորանոր երանգներ են ի հայտ գալիս, որոնք կարիք ունեն վերլուծության՝ ոչ միայն քաղաքական տվյալ պահի, այլեւ ավելի ընդհանուր տեսակետից: Այսպես՝ վերջերս շատ է խոսվում, թե այս կամ այն քաղաքական ուժի կամ անձի համար այս կամ այն կառավարման ձեւը, հիմնականում՝ խորհրդարանական հանրապետությունը, սկզբունքային է, ծրագրային է, գաղափարական է, այսինքն՝ վեր է տվյալ պահի շահերից եւ իրավիճակից, անփոփոխելի է, անքննարկելի է եւ այլն: Իրականում, սակայն, նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ հարցն իրոք գաղափարն է, նման մոտեցումը միայն առաջին եւ մակերեսային հայացքի համար կարող է սկզբունքային թվալ:

Հարցն այն է, որ խիստ կասկածելի է, թե կառավարման համակարգը կարող է քաղաքական սկզբունքի հարց լինել ընդհանրապե՛ս: Ցանկացած քիչ թե շատ կրթված մարդ, որը նվազագույն պատկերացում ունի քաղաքական աշխարհագրությունից, ինչպես նաեւ՝ 20-րդ դարի քաղաքական պատմությունից, կարող է առանց մեծ դժվարության՝ համադրելով մի քանի տարրական փաստ, գալ այն եզրակացության, որ այս կամ այն երկրի պետական համակարգի արդյունավետությունը անմիջականորեն կախված չէ տվյալ երկրի կառավարման համակարգից, որ կառավարման ձեւն ինքնին դեռ շատ քիչ բան է որոշում, որ ձեւական-իրավական տեսակետից միեւնույն կառավարման համակարգը տարբեր պայմաններում տարբեր՝ հաճախ հակադիր փաստացի իրականություններ է քողարկում, որ, կարճ ասած՝ իրավականորեն ձեւակերպվածը քաղաքական իրականություն է դառնում միայն, եթե ապահովված է բավականաչափ քաղաքական եւ հանրային ռեսուրսով: Սա այդպես է գոնե, եթե խոսում ենք կառավարման համակարգի այնպիսի տարբերությունների մասին, ինչպիսին է նախագահական եւ խորհրդարանական հանրապետությունների տարբերությունը (պարզ է, որ, ասենք, բացարձակ միապետության կամ սահմանադրությամբ ամրապնդված դիկտատուրայի մասին չէ մեզանում խոսքը):

Այսպես, օրինակ, դժվար չէ կռահել, որ չնայած Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան եւ եվրոպական այլ երկրներ սահմանադրական միապետություններ են, իսկ Ֆրանսիան եւ Պորտուգալիան՝ նախագահական (կիսանախագահական), Գերմանիան եւ Իտալիան էլ՝ խորհրդարանական հանրապետություններ, թվարկած երկրների փաստացի քաղաքական համակարգը՝ դրա բովանդակությունը, ըստ էության՝ նույնն է, իսկ եղած ոչ արմատական տարբերություններն էլ (ասենք՝ հյուսիսի եւ հարավի միջեւ) պայմանավորված չեն սահմանադրական կարգով, այլ բխում են երկրների տնտեսական, պատմական եւ մշակութային յուրահատկություններից: Մյուս կողմից՝ պարզ է, որ Մեծ Բրիտանիայի եւ, ասենք, Կամբոջայի քաղաքական համակարգերը փաստացի տեսակետից տարբեր են, չնայած երկուսն էլ սահմանադրական միապետություններ են, եւ նույնը կարելի է ասել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի (երկուսն էլ կիսանախագահական են), ԱՄՆ եւ Սուդանի (երկուսն էլ մաքուր նախագահական են), Գերմանիայի եւ Սոմալիի (երկուսն էլ խորհրդարանական հանրապետություններ են) մասին: Այլ կերպ ասած՝ սահմանադրական միապետություն Մեծ Բրիտանիայի, նախագահական հանրապետություն Ֆրանսիայի եւ խորհրդարանական հանրապետություն Գերմանիայի համակարգերը փաստացի ավելի մոտ են իրար, եթե չասենք, մեծ հաշվով՝ նույնն են, քան իրավական տեսակետից նույնանուն համակարգերն այլ տարածաշրջաններում:

Պակաս հետաքրքիր չէ նաեւ Հեռավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի կառավարման համակարգերի համեմատությունը: Այսպես, օրինակ, Ճապոնիան միապետություն է, Հարավային Կորեան՝ նախագահական հանրապետություն, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը՝ խորհրդարանական հանրապետություններ: Արդյո՞ք այդ ձեւական տարբերությունները շատ բան են խոսում թվարկած երկրների իրական քաղաքական համակարգերի մասին:

Հյուսիսային Կորեայի պարագան մի քիչ խճճված է, բայց, համենայն դեպս՝ մինչեւ 1990-ականներն այդ երկիրը, ինչպես եւ սովետական մոդելով ձեւավորված բոլոր պետությունները, եղել է իրավական տեսակետից խորհրդարանական հանրապետություն, իսկ հետագայում, սահմանադրական որոշ փոփոխությունների պատճառով՝ վիճելի է դարձել, թե արդյո՞ք այդ երկիրը խորհրդարանական է, թե՞ նախագահական (նախագահի պաշտոն, որպես այդպիսին՝ չկա, բայց կա Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը, որը 2009-ի փոփոխված սահմանադրությամբ ճանաչվել է բարձրագույն իշխանության կրողը երկրում, չնայած, մյուս կողմից՝ Կոմիտեն իրավական տեսակետից ենթարկված է խորհրդարանին): Ամեն դեպքում՝ Հյուսիսային Կորեան կարող ենք համարել, այսպես ասած՝ «կիսախորհրդարանական», իսկ ոչ վաղ անցյալում՝ իրավականորեն՝ խորհրդարանական: Պարզ է, չէ՞, առանց ավելորդ բացատրությունների, որ Հյուսիսային Կորեայի կամ թեկուզ նույն Չինաստանի խորհրդարանական հանրապետությունը նույնը չեն, ինչ Գերմանիայինը կամ Շվեյցարիայինը: Ի դեպ, եթե Չինաստանը պաշտոնապես միակուսակցական համակարգ է, ապա մեր սիրելի Հյուսիսային Կորեան ….բազմակուսակցական է: Այո՛, որքան էլ զարմանալի է, Հյուսիսային Կորեան պաշտոնապես ղեկավարվում է ոչ թե մեկ՝ Կորեայի աշխատավորների, այլ այդ վերջինիս հետ դեռեւս 1940-ին կոալիցիա կազմած եւս երկու՝ Սոցիալ-դեմոկրատական եւ ազգայնական մի կուսակցության կողմից, որի անունը մոտավորապես թարգմանվում է՝ «Երկնային ուղու երիտասարդ ընկերների կուսակցություն»: Երեք կուսակցությունները միասին կազմում են 1946-ին ստեղծված «Հայրենիքի միավորման դեմոկրատական ճակատը» (իհարկե, անպայման հենց դեմոկրատակա՛ն): Այնպես որ՝ Հյուսիսային Կորեան շատ-շատերին դեռ տվել-անցել է, որովհետեւ ոչ միայն խորհրդարանական համակարգ է, այլեւ բազմակուսակցական եւ կոալիցիայի՝ դեմոկրատական ճակատի կողմից ղեկավարվող: Սա ձեզ Սովետական Միություն չէ, որը չնայած նույնպես մաքուր խորհրդարանական հանրապետություն էր, բայց ուներ այն թերին, որ պաշտոնապես միակուսակցական էր: Ի դեպ, սովետական համակարգի օրինակը դիտմամբ չեմ բերում, որպեսզի չձանձրացնեմ ընթերցողին, թե չէ, մեծ հաշվով, միայն այդ օրինակը բավական է՝ համոզվելու համար, թե իրավական համակարգն ինքնին դեռ ոչինչ չի պատմում որեւէ երկրի իրական քաղաքական կացության մասին:

Իրոք, պատկերացրեք, թե որքան ծիծաղելի վիճակում կարող է հայտնվել մեկը, որը փորձի երկրների մասին դատել՝ ելնելով միայն դրանց սահմանադրություններում ամրագրված դրույթներից: Օրինակ, կարդա Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կամ նույն ՍՍՀՄ սահմանադրությունները, եւ համեմատելով դրանք Ֆրանսիայի եւ ԱՄՆ սահմանադրությունների հետ՝ գա այն եզրակացության, որ առաջիններն ավելի դեմոկրատական են, քան երկրորդները: Կամ եզրակացնի, որ Հյուսիսային Կորեան եւ Գերմանիան իրենց քաղաքական համակարգերով ավելի մոտիկ են իրար, քան Գերմանիան եւ Իսպանիան: Չշարունակեմ. ինչպես կասեր ՀՀԿ խոսնակ Շարմազանովը՝ «պարզից էլ պարզ է», որ այս ամենն անհեթեթության գագաթնակետ է: Ավելին՝ դժվար է պատկերացնել չափահաս մարդու, որը հետաքրքրվելով քաղաքականությամբ՝ այսքանն ինքնուրույն չհասկանա: Ես վստահ եմ, որ հենց այս իմ գրած նյութը գուցե է՛լ ավելի լավ շարադրեին, է՛լ ավելի խոսուն օրինակներով փաստարկեին ա՛յն մարդիկ, որոնք այսօր լուրջ դեմքով խոսում են նրա մասին, որ խորհրդարանական հանրապետությունն իրենց համար սկզբունքային հարց է: Այդ մարդիկ հիմար չեն, ոչ էլ տգետ են, պարզապես զբաղված են քաղաքական դեմագոգիայով:

Քննարկված օրինակներից առավել քան հասկանալի է, որ կառավարման ձեւը, գոնե եթե խոսքը խորհրդարանական կամ նախագահական հանրապետությունների մասին է, չի կարող լինել քաղաքականապես սկզբունքային, գաղափարական, այսինքն՝ այնպիսի հարց, որն անկախ լինի տվյալ երկրի եւ ժամանակաշրջանի առանձնահատկություններից, տվյալ քաղաքական իրավիճակի դիրքավորումներից, որովհետեւ շատ պարզ կերպով տեսնում ենք, թե կախված այլեւայլ հանգամանքներից՝ միեւնույն իրավականորեն ամրագրված կառավարման համակարգն ունենում է շատ տարբեր, հաճախ՝ ուղիղ հակադիր փաստացի դրսեւորումներ, եւ հակառակը՝ իրավականորեն տարբեր կառավարման համակարգերը հաճախ փաստացի բովանդակությամբ մոտենում են իրար՝ նույնանալու աստիճան: Ակնհայտ է, որ վեճը, թե ինչպիսի՛ կառավարման համակարգ պետք է ունենա Հայաստանը՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական, այսօրվա պայմաններում սքոլաստիկ է, եւ նման վեճի մասնակիցները հայտնվում են ճիշտ եւ ճիշտ «երկնային ուղու երիտասարդ ընկերների» կարգավիճակում, որովհետեւ քննարկում են եւ մասնակցում են մի բանի, որը ոչ մի իրական արժեք չունի՝ բացի բառախաղից, ինչպես որ որեւէ իրական արժեք չունի հյուսիսկորեական երեք կուսակցությունների կոալիցիան: «Երկնային ուղու երիտասարդ ընկերները» նույնպես խոսում են սկզբունքներից (երկնային ուղուց էլ  ավելի բարձր ի՞նչ սկզբունք), լուրջ դեմքերով հիմնավորում են իրենց մասնակցությունն աշխարհի ամենադեմոկրատական ճակատին, բայց կորեական ժողովրդի այդ հին ընկերներին, որոնք, որպես քաղաքական ուժ՝ ձեւավորվել են դեռեւս 20-րդ դարի սկզբի հակաճապոնական ազատագրական պայքարի բովում, ոչ ոք վաղուց չի հավատում:

Երկու համակարգի դեպքում էլ մնում է հիմնարար խնդիրը՝ ինչպե՞ս ապահովել սահմանադրությամբ ամրագրված կարգի իրականացումը, ինչպե՞ս լուծել սահմանադրության եւ փաստացի իրականության հակասությունը: Երբ այդ հիմնարար խնդիրը կլուծվի, նոր միայն դրանից հետո արդիական կարող է դառնալ կառավարման ձեւի մասին բանավեճը՝ ի վերջո, գուցե մեզանում հայտնվեն նաեւ, օրինակ, սահմանադրական միապետության կողմնակիցներ, կամ, չգիտեմ, շվեյցարական ուղիղ դեմոկրատիայի կամ նույնիսկ իրանական տիպի աստվածապետության կողմնակիցներ: Թո՛ղ իրար «գլուխ ջարդեն»՝ վիճելով, թե որ համակարգն է ավելի արդյունավետ ու Հայաստանի պայմաններից բխող, բայց միայն այն դեպքում, երբ որեւէ իրավականորեն ամրագրված համակարգի գործնական իրականացման երաշխիքներ կստեղծվեն մեր երկրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը մեծ ցանկություն ունի բանավիճելու խորհրդարանական համակարգի՝ Հայաստանի համար այսօր լավ կամ վատ լինելու մասին, ապա ասենք, որ մեծ երեւակայություն ունենալ պետք չէ՝ պատկերացնելու համար մի շատ հավանական սցենար, որի շրջանակներում խորհրդարանական համակարգը կվերացնի Հայաստանում ժողովրդավարության նույնիսկ այն սահմանափակ ծիլերը, որ այսօր ունենք: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիան եվրոպական ֆուտբոլային իշխանւթյուններին զրկել է հարկային արտոնություններից ‘
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի տղան դատարան չներկայացավ – Aravot.am ‘