‘Խմորումներ Կոմպոզիտորների միությունում ‘

2878

Մենք արդեն անդրադարձել ենք կոմպոզիտորների միությունում տիրող ճգնաժամին, դրա պատճառներին և հետևանքներին: Կոմպոզիտորների միությունն արդեն 22 տարի է՝ պառակտված վիճակում է: Կոմպոզիտորների միության անդամները մշտական հակամարտության մեջ են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Իսկ այժմ դիմել են դատարան՝ արտահերթ համագումար հրավիրելու և նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու համար:

Երեկ մենք ներկայացրինք զրույց  կոմպոզիտորների միության նախկին փոխնախագահ, հայտնի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հետ: Առկա ճգնաժամի վերաբերյալ փորձեցինք պարզել միության նախագահի աշխատանքից դժգոհող այլ կոմպոզիտորների և երաժշտագետների կարծիքը ևս:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց անվանի կոմպոզիտորներ Էդուարդ Սադոյանի, Արամ Սաթյանի և արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանի հետ:

Պարոն Սադոյան, հայտնի է, որ կոմպոզիտորների միությունում արդեն քանի տարի  առկա է լուրջ ճգնաժամ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ճգնաժամը, և որն է, ըստ ձեզ, այդ ճգնաժամի լուծման բանալին:

-Երբ ասում ենք՝ կոմպոզիտորների միություն, հասկանում ենք միաբանություն, որտեղ միաբան և միավորված պետք է լինենք, բայց այս վերջին 22 տարիների ընթացքում կոմպոզիտորների միությունում չկա այդ միաբանությունը, որովհետև կոմպոզիտորների միությունը պառակտված է երկու մասի: Այն մասը, որն առանձնացել է Լևոն Չուշյանի ղեկավարությամբ, այդ խմբում ընդգրկված է կոմպոզիտորների հիմնական մասը, որ ստեղծում է արժեքներ, սա արդեն ամեն ինչի մասին ասում է: Պետք է լինի համագումար, որպեսզի այս պառակտումը, ճգնաժամային վիճակը վերացվի, և կոմպոզիտորների միության նոր նախագահը, ով էլ ուզում է՝ ընտրվի, պետք է առաջարկի ծրագիր, որով նա փրկելու է կոմպոզիտորների միությունը այդ պառակտումից, այս ճգնաժամային վիճակից, և եթե դա էլ չի լինում, պետք է լինի ինչ-որ մի խումբ, որը ժամանակավոր, կոլեգիալ ձևով կղեկավարի միությունը, մինչև հաջորդ տարի կլինի մի արժանի մարդ, որին կընտրենք, կամ էլ մեկ ուրիշ նոր մարդ պետք է գա և առաջարկի, թե ինչպես կարելի է փրկել այս վիճակը:

Մեր տեղեկություններով՝ այս կոնֆլիկտում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Դիլիջանում կոմպոզիտորների տան հարցը: Մեկերկու խոսքով կբացատրեի՞ք, թե ինչի մասին է խոսքը:

-Դիլիջանի կոմպոզիտորների տունը միանշանակ պետք է կոչվի Էդուարդ Միրզոյանի անունով, որովհետև նա է ստեղծել 60-ական թվականներին, մենք դրա համար էլ ստորագրահավաք կազմակերպեցինք, Դիլիջանի կոմպոզիտորների տանը տարիներ շարունակ իրենց հանգիստն անցկացրած հայ, ռուս և այլ ազգերի անվանի կոմպոզիտորները ստորագրեցին, որ, այո՛, Դիլիջանի կոմպոզիտորների տունը պետք է լինի Էդուարդ Միրզոյանի անունով, բայց էլի Ռոբերտ Ամիրխանյանը անտարբեր է: Փոխանակ իր կնիքը դներ, այդ ձևական բանը անեինք, մեր որոշումը կայացնեինք, դիմեինք կառավարություն, կառավարությունը հաստատեր, չի անում մինչև հիմա, երևի սպասում է, որ համագումար լինի, համագումարում դնի քվերակության և այլն: Այդպես էլ կանենք, իհարկե, այդպես էլ բոլորս կքվեարկենք, բայց այդ մարդկային, բարոյական կողմը կարելի էր մինչև քվեարկությունը պահպանել, որը չարվեց:

 

-Պարոն Սաթյան հայտնի է, որ տևական ժամանակ է՝ կոմպոզիտորների միության անդամները դժգոհություններ ունեն կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, և որ այդ դժգոհությունները հանգեցրել են լուրջ ճգնաժամի կոմպոզիտորների միությունում: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժգոհությունները:

-Դժգոհությունները հենց այնպես չեն ծագում, չէ՞, բնականաբար: Մեր դժգոհությունները պայմանավորված են նրանով, որ օրենքի շրջանակներում նա չի գործում ու չի էլ գործել ընդհանրապես այս տարիների ընթացքում: Մարդ պետք է օրենքը հարգի և առաջնորդվի դրանով:

Ասում ենոր օրենք չհարգելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ռոբերտ Ամիրխանյանը լավ կապեր ունի նախագահական նստավայրի հետ և վայելելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունըԻ՞նչ կասեք այս մասին:

-Ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Միության ստեղծագործական  մթնոլորտը և օրինականությունը: Ստեղծագործական մթնոլորտ չկա: Վերջերս Տիգրան Մանսուրյանին հարց տվեցին, ասաց՝ ես տասը տարի է՝ Միություն չեմ մտնում: Եթե Տիգրան Մանսուրյանը 10 տարի չի մտնում Միություն, ի՞նչ է նշանակում, ես ինքս չորս տարի է՝ չեմ մտնում Միություն: Մի հատ ոչ զանգ են տալիս, ասեն, որ միջոցառում կա, ոչ հաշվի են առնում, դժգոհություն պետք է լինի, չէ՞: Մենք կարող ենք ընտրել ուրիշ նախագահ, որը կարող է արտահայտել մեր մտքերը, ցավերը, ցանկությունները: Ես գիտեմ, որ նախագահ դժվար է լինել, բայց նա մեզանից մեկն է, որին մենք իրավասու ենք դարձրել, որ նա մեր ձայնը արտահայտի: Եթե նա մեր շահերը չի պաշտպանում, նա ի՞նչ իրավունք ունի մնալ միության նախագահ: Ես նրա փոխարեն հրաժարականի դիմում կգրեի- կգնայի՝ մինչև գործի դատարան հասնելը: Այդ դատական գործընթացը ինձ դուր չի գալիս:

Միության նախագահի կողմից կա՞ արդյոք որևէ արձագանք առկա դժգոհություններին:

-Իրենց համար մեկ է, թե ինչու կոմպոզիտորները Միություն չեն մտնում, ասում են՝ չեն ուզում, չեն մտնում, ոնց որ ես Հայաստանը թողնեմ գնամ, ու ինձ ասեն՝ դա իր գործն է:

 

-Տիկին Ռուխկյան, ինչպե՞ս եք տեսնում կոմպոզիտորների միության ապագան:

Ես կարծում եմ, որ կոմպոզիտորների միությունը պետք է նորից դառնա մեր բոլորի ընդհանուր տունը, որտեղ կտիրի առողջ ստեղծագործական մթնոլորտ, որտեղ ոչ թե կկտրվենք մեր երաժշտության և մշակույթի առօրյա հոգսերից, այլ, ընդհակառակը, ակտիվորեն կլուծեին այդ խնդիրները:

Ի՞նչն է պակասում մեր կոմպոզիտորների միությանը արդյունավետ գործելու համար:

Ստեղծագործական միությունը կարող է գոյություն ունենալ, եթե իրականացնում է իր ազգային, մշակույթի քարոզչությունը և, միևնույն ժամանակ, այն կապում է համաշխարհային մշակույթի հետ: Ոչ թե փակում է պատուհանները, այլ բացում դրանք: Կոմպոզիտորների միությունը ներկայումս ունի հայտնի կոմպոզիտորների հրաշալի խումբ՝ չնայած նրան, որ ոչ մեկը դրա ուղղությամբ ջանքեր չի գործադրել: Այդ կոմպոզիտորների խումբը, չունենալով բավարար միջոցներ, հնարավորինս ներկայացնում է մեր ազգային երաժշտությունը արտասահմանում: Այս ամենը կարող է զարգանալ միայն առողջ ստեղծագործական միջավայրում, և այս բոլոր տարիներ ընթացքում ես պայքարում եմ հենց դրա համար:

Զրուցեց՝ Կարեն Թովմասյանը

 

Նախորդ հոդվածը‘Արածեցրեք Աստծո հոտը ոչ թե պիղծ շահասիրությամբ, այլ՝ հոտին օրինակ լինելով’
Հաջորդ հոդվածը‘ՆՔՄԿ առաջնորդը պահանջում է պատժել հայ աղջիկների հետեւից «ռեպլիկ թողնողներին» (տեսանյութ)’