‘Խոսրով Հարությունյան. Հայաստանում ռուսերենով քննարկումները օրինաչափ են’

1132

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ ռուսերենից համաժամանակյա թարգմանության հնարավորություն ստեղծել:

Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնիի եւ  ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի ասուլիսը եւս ընթացավ ռուսերենով եւ առանց թարգմանական սարքերի: Ընդ որում՝ հայաստանցի լրագրողների հետ հիմնականում ռուսերենով էր շփվում նաեւ Հարությունյանը:

iLur.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք այս պրակտիկան շարունակական է լինելու նմանատիպ միջոցառումների ժամանակ, թե՞ թարգմանական սարքերի բացակայությունը տեխնիկական խնդիրների հետ է կապված:

Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ըստ կանոնադրության՝ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ օրինաչափ է, որ  քննարկումներն ընթանում են ռուսերենով:

«Այլ հարց է, որ պարոն Քոքոբելյանը նախօրոք տեղյակ էր պահել, որ իր հարցադրումները թարգմանաբար ներկայացնելու հնարավորություն ստեղծվի: Տեխնիկական պատճառներով թարգմանություն ապահովել հնարավոր չեղավ, բայց ես թարգմանեցի, եւ Քոքոբելյանը կարողացավ իր հարցադրումները տեղ հասցնել», — պարզաբանեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ հայաստանցի լրագրողների հետ ասուլիսը ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ կանոնակարգված չէ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք ճիշտ եք, բայց դա իմ լիազորությունների  մեջ չի մտնում»:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան կխաղա Իսպանիայի ազգային հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորի որդու հավանական արկածները’