‘Խոսքի կեղծարարը’

6049

Ասում են` վերջը ելույթ ունեցավ, հա՞: Ասում են` հա: Բա վերջը, ասածն ի՞նչ էր, ուզածն ի՞նչ էր: Շունը գիտի: Ոնց որ թե հոխորտում էր, թե՝ ամեն ինչ անելու եմ, որ ամեն ինչ իմ վերահսկողության տակ լինի քաղաքական այս դաշտում, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով այնտեղ մտնել չկարողանա առաց իմ թույլտվության: Ու հետո՞: Հետո` վերջ: Ո՞նց թե վերջ: Բայց տասը էջից ավելի խոսել է, էլ բան չի՞ ասել: Ասել ա: Ի՞նչ: Ոչինչ: Ո՞նց, է՛, ո՞նց ոչինչ: Մի՞թե հնարավոր է էդքան խոսել ու բան չասել: Դե, փաստորեն՝ հնարավոր է: Ասում-խոսում էր, էլի: Ասում էր` թող լավ լինի, բոլորը լավ ապրեն, առողջ լինեն, երջանիկ լինեն: Համարյա թե խմեց բոլորիս առողջության կենացը, ողջության, շենության, բարօրության, որ պիտի լավ լինի, պիտի հարմարավետ լինի ամենը, նեղության մեջ չլինենք, հա, ու մեկ էլ` որ արեւը ծագի արեւելքից, ու մայր մտնի արեւմուտքում: Ասում են` ձե՞ռ եք առնում, պատասխանում ենք` չէ: Բայց չեն հավատում: Կարդում են իրենց սեփական աչքերով, ու չեն հավատում սեփական աչքերին էլի ու էլի, ու բացի այն, որ ափսոսում են զուր ծախսված ժամանակը, դեռ մի բան էլ ոչ մի կերպ չեն հասկանում, թե ոնց կարող է մարդը էլի ու էլի էդքան երկար խոսելու հավակնություններ ունենալ, ու ամեն անգամ այդպես էլ ոչ մի կոնկրետ բան չասել: Ավելի ճիշտ, 2-3 նախադասության մեջ տեղավորվելիք ասելիքը սղացնել տասնըքանի էջի մեջ: Էդքան էլ «մակդիր» որտեղից են պեղել էդ ելույթ գրողները, ինչի՞ են ծանրաբեռնել մարդու ուղեղը, էլ պախարակել, էլ ես իմ ինչ: Նա իսկի մինչեւ հիմա շտկել բառն ինքն իրենով արտաբերել չի կարողանում, հա ասում է` շԸտԸկել, չնայած որ բանասեր է, եւ իբրեւ թե սիրում է բանը, որ խոսքն է: Ու չնայած դրան՝ դեռ հավակնում է, ցանկանում է խոսել, կարդում է տեքստը խառնիճաղանջ, ու հույս ունի, թե մեր ականջներն էլ էնքան ազատ են, որ լապշա կախելու տեղ դեռ մնացած կլինի՝ ոնց էլ լինի, դեռ հույս ունի, որ լուրջ կընդունեն իրեն որպես խոսք ասող ու չեն հորանջի: Բայց ախր սկի ներկաները չեն դիմանում ու մի կերպ են զսպում իրենց, որ քուն չմտնեն ու չհորանջնեն, բա մենք ո՞նց դիմանանք, որ նրա ելույթը ոչ լսելու, ոչ էլ կարդալու պարտավորվածություն չունենք, բայց «ռազ որ» ցույց են տալիս, ձեռի հետ լսում ենք, ասում ենք` տեսնես ուզածն ինչ է: Իհարկե, շատ բաներ ունի արած, որոնց համար չի ներվելու, բայց խոսքն այսքան արժեզրկելու համար թերեւս մի առանձին պատժի արժանանա, ու կապ չունի`այստե՞ղ, թե՞ այնտեղ՝ վերեւում, բայց խոսքն արժեզրկող, խոսքն այդպես հրապարակային բռնաբարող մեկը, ով այդ նպատակով չարաշահում է նաեւ պաշտոնեական դիրքը, պարտավոր է կանգնել ահեղ դատաստանի առաջ: Մտքի դատաստանի առաջ: Որովհետեւ միտքը, նորմալ ու սթափ միտքը չի կարող մարսել այդ ամենը: Բայց դա դեռ քիչ է: Այնտեղ, որտեղ արժեզրկում են խոսքը, եւ ամայացնում են խոսքի համար նախատեսված մարգահովիտները, այլոց` ավելի թույլերի միտքը ժանգոտել է սկսում: Ու ինքը դառնում է օրինակ: Այն ամենի, թե ինչպես կարելի է բառակույտով սպանել խոսքը ու բանտարկել մտքերը: Թե ինչպես կարելի է կեղծ բառակույտը փոխարինման բերել խոսքին եւ ներկայացնել այն որպես խոսք. ամեն ինչ կեղծեցին, կեղծ կրկնօրինակներով լցրեցին երկիրը, հիմա ձեռքը տարել հասցրել է խոսքին: Խոսքն է կեղծում: Իրեն հնազանդները ապրանք են կեղծում, իսկ ինքը`խոսք: Ու ձեռի հետ էլ բուծում է իր նման փոքրիկ խոսքակեղծարարների: Ու հետո զարմանում է, դեռ մի բան էլ` թե բա ո՞նց եղավ, որ խոսքս բանի տեղ դնող չկա: Որովհետեւ, թեեւ ինքը մտքերը բանտարելու բնավորություն ունի, բայց միտքը սպանելու կարողություն չունի: Ու քանի դեռ այս երկրում այս ու այն վանդակներում փակված ապրում են մտքերը, իր կեղծ խոսքը հետ է գալու իրեն ու իրեն է խոցելու: Իսկ մտքերը, ոնց էլ լինի` մի օր կազատվեն: Ու կգա մտքի ահեղ դատաստանի օրը:

Հաստատ: Ո՞ւր պիտի փախչի:

Հ.Գ. Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ծավալուն` 15 էջանոց ելույթով: Դրանից 14,5 էջը ոչ մի բանի մասին էր: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրանը գուցե փրկի , բայց կփրկվի՞ Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է մահացել ‘