‘Խորհրդարանում բուռն բանավեճ է ծավալվել «Կառավարման համակարգի ճգնաժամի մասին» նախագծի առնչությամբ’

1121

Այսօր Ազգային ժողովում բուռն բանավեճ է ծավալվել Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Իրենց դիրքորոշման օգտին ՀԱԿ ներկայացուցիչները թվարկել են երկրի կառավարման համակարգում, սոցիալ-տնտեսական իրադրությունում առկա բազմաթիվ խնդիրները,  աճող գործազրկությունն ու աղքատությունը, անարդարության մթնոլորտը, կեղծված ընտրությունները, իշխանության կառույցների հանդեպ ժողովրդի վստահության բացակայությունը:

Ներկայացնելով ՀՅԴ դիրքորոշումը` պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել է. «Այո, Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, բայց այն կրում է համակարգային բնույթ, և եթե դա չընդունենք, չենք կարող այն հաղթահարել: Համակարգային ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, անցնելով կառավարման խորհրդարանական ձևի, դրա այլընտրանքը արյունահեղությունն է ու գունավոր հեղափոխությունը»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ չի կարող որոշակի ասել, թե արդյոք Հայաստանի կառավարման համակարգում ճգնաժամ կա, սակայն, միանշանակ, կան լուրջ խնդիրներ, որոնք լուծելու ճանապարհով միայն կարելի է խուսափել ճգնաժամից: «Արտագաղթ, գործազրկություն, աղքատություն` սա կառավարման համակարգի ճգնաժա՞մ է: Չգիտեմ, բայց եթե այս խնդիրները չլուծվեն, հաստատ ճգնաժամ կլինի», — նշել է նա: Բիշարյանն ընդսմին անդրադարձել է  ԲՀԿ ճակատագրին. «24 ժամում ճնշվեց մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, մի ողջ քաղաքական թիմ ահաբեկվեց արյունահեղության խոստումներով` անհնազանդության դեպքում, և այսօր  այդ խմբակցությունն ստիպված է բոյկոտել ԱԺ նիստերը. արդյո՞ք սա կառավարման ճգնաժամ չէ», — հարց է տվել պատգամավորը: Այնուհետև նա անդրադարձել է ֆեոդալիզմի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին. «Ով է խոսում ֆեոդալիզմի դեմ պայքարի մասին, բոլոր նրանք, ովքեր ֆեոդալներ են»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ երկրում առկա խորը քաղաքական ճգնաժամի մասին են խոսում ԲՀԿ շուրջ գործընթացները: Նրա ասելով, եթե մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մեկ ակնթարթում կարող է դուրս մղվել քաղաքական կյանքից, ապա դա խոսում է  այն մասին, որ երկրի համակարգն անհույս հիվանդ է, և դրա համար մեղքն ընկնում է, առաջին հերթին, իշխանության վրա: «Ընդդիմության հասցեին ասում են, որ այն հիվանդ է: Իսկ ինձ թվում է, որ միայն անբուժելի հիվանդ մարդիկ կարող են ընդդիմությանը մեղադրել բնակչության սրընթաց արտագաղթի, մեր քաղաքացիների կենսամակարդակի վատթարացման, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների համար: Իշխանությունը երկիրն անշեղորեն տանում է դեպի կործանում», — հայտարարել է Հակոբյանը: Նա կրկես է որակել այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում հանձնարարվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այն մարդկանց, ում վիթխարի ֆինանսական կարողության մասին տառացիորեն լեգենդներ են շրջում: Նրա խոսքով, կրկես է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  նկատմամբ հալածանքը Սերժ Սարգսյանի կողմից: «Ես ամեն ինչ կհասկանայի, եթե նախագահը, խոսելով բացակայությունների հետևանքով Ծառուկյանին մանդատից զրկելու անհրաժեշտության մասին, նշեր նաև մի քանի հանրապետական պատգամավորների անուններ, որոնք նույնպես հաճախ բացակայում են ԱԺ նիստերից, եթե, խոսելով քաղաքականությունից բիզնեսի տարանջատման մասին, նա նշեր մի քանի գործարար հանրապետականների և հայտարարեր, որ նրանք նույնպես պետք է հեռանան քաղաքականությունից` ինչպես Ծառուկյանը: Բայց` ոչ, հալածանքի է ենթարկվում միայն մեկը,  մեկ քաղաքական ուժ, և հասկանալի է, որ այս ամենը ֆարս է», — հայտարարել է Հակոբյանը: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունը ուզում է մերժել իրականությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևի նախկին փեսային մեռած են գտել’