Խորհրդարան, որ մեր ամոթն է. Ալիք Մեդիա

838

Խորհրդարանը հարաբերությունների ճշտման փողոցային դրսեւորումներից այն կողմ չի անցնում։ Չի էլ կարող անցնել։ Այնտեղ իրար հասցեի նետված մեղադրանքներ ու հայհոյանքներ են, կռիվ է, անվտանգության աշխատակիցների մշտական միջամտություն եւ ինքնահաստատման պատանեկան փորձեր են։

Այնտեղ չեն էլ պատկերացնում, թե պետական ինչ կառույց են ներկայացնում։ Չգիտեն։ Չեն հասկանում։ Չեն հասունացել, որ հասկանան։ Նրանց համար պետությունը, պետության հեղինակությունը արժեքներ չեն։ Չեն կարեւորում, որ իրենց հետեւում, իրենց դիտում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Չեն հասկանում, որ իրենց ցածրորակ վարքը կարող է շահարկվել եւ երկրի դեմ օգտագործվել։

Խորհրդարանը, որն ընտրախախտումներով ու համատարած ընտրակեղծիքներով չի ձեւավորվել, պետք է որ այսպիսին չլիներ։ Եթե ընտրական ընթացքին կողմնակի կոպիտ միջամտություն չի եղել, բայց այսպիսին է, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Մնում է այդ «ինչ-որ բանը» ընտրողի մեջ փնտրել։ Մնում է հասկանալ, թե որքանով է ընտրելիս ընտրողը եղել ազատ ու անկաշկանդ։ Գիտակցե՞լ է խորապես, թե ինչու է հենց այս ուժերին ընտրում։

Եթե մտովի նախընտրական փուլ՝ 2021-ի մայիս-հունիս ամիսներ տեղափոխվենք, ապա կտեսնենք, թե ինչ մթնոլորտ էր, ինչ քարոզիչներ էին, եւ ինչ ընտրազանգված էր։ Կտեսնենք ու կվերհիշենք քարոզչության այն որակը, որ կար այդ օրերին։ Կտեսնենք, որ ընտրողը աճպարարությունների ու խարդախությունների թիրախ էր։ Մի կողմից Փաշինյանն էր հների վերադարձի վտանգով ահաբեկում, մյուս կողմից հներն էին նոր կորուստներ գուժում ու վերադառնալ սպառնում։ Սարսափած ընտրողը մոլորվել ու ապակողմնորոշված ընտրազանգվածի էր վերածվել։

Մինչեւ 2018-ը, երբ մեզանում համատարած ընտրախախտումներով ուղեկցվող ընտրություններ էին, մեր ընտրողը, պարզվում է, շատ ավելի ազատ էր։ Խոսքն, իհարկե, ընտրացուցակներում ընդգրկված 100 տոկոսի մասին չէ։ Բայց կար ընտրության կարեւորությունը եւ իր դերը գիտակցող ընտրողի մի որոշիչ թիվ, որն, ի հեճուկս ընտրակեղծարարությունների, ի հեճուկս ամենաբիրտ ճնշումների, քվեի առք ու վաճառքի, տարաբնույթ սակարկությունների, գնում եւ ընտրում էր իր նախընտրած թեկնածուին։

Իշխանությունները կաշառում էին, սուտ խոստումներ էին շռայլում, լցոնումներ էին կատարում, ընտրատեղամասերից քվեատուփեր էին գողանում, երկրից բացակայողների, անգամ մահացածների անուններն էին ընդգրկում իրենց օգտին քվեարկողների ցանկում, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց էին հալածում, բայց համոզիչ հաղթանակ ապահովել չէին կարողանում։ Հայաստանցին կատարում էր ի՛ր ընտրությունը։ Այնուհետեւ իր քվեին տեր կանգնելու համար, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ, երբ փոփոխությունների հույսը շատ ավելի իրական էր դառնում, հրապարակ էր դուրս գալիս։

Իշխանությունները փակում էին մայրաքաղաք տանող ճանապարհները, խափանում էին տրանսպորտի աշխատանքը, որ քաղաքացիները հանրահավաքի վայր չհասնեն, մահակներով ծեծում էին, ջրցան մեքենաներով ջրում էին, կրակում էին․ պարտված ու հոգնած ընտրողը ստիպված հեռանում էր հրապարակից, ու իշխանություններին կրկին մերժելու հաստատակամությամբ հաջորդ նախագահական ընտրություններին էր սպասում։

Տարիներ շարունակ սա է եղել մեր տխուր, բայց նաեւ հպարտ իրականությունը։ Հենց այդ իրականությունը հնարավոր դարձրեց 2018-ի ապրիլ-մայիսը, որ ապականեցին այդ հզոր ալիքի վրա իշխանական պալատներ թափանցած աճպարարներն ու խոստումնազանցները։

Այնպես որ այս խորհրդարանը չի ձեւավորվել իր կատարած ընտրության կարեւորությունը գիտակցող, հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու մասնակցությամբ։ Այս ընտրություններում մեր ընտրողը կաշկանդված էր վախերով: Մոլորված էր։ Այն ընտրողը, որ գիտեր իր ձայնի արժեքը, որ տարիներ շարունակ հրապարակ է դուրս եկել ու իր քվեի համար կռիվ տվել, աղաղակել է, որ կեղծել են իր ձայնը, հավատացել է, որ կպարտադրի ու տեր կլինի իր իրավունքին, այս ընտրություններին չկար։

Եթե լիներ, խորհրդարանը կարտահայտեր երկրում առկա քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ Եթե ոչ ամբողջությամբ, գոնե մեծ մասամբ համալրված կլիներ ճանաչելի ու ծանրակշիռ քաղաքական դեմքերով։ Եվ, անկասկած է, չէր լինի այսքան ցածրորակ։

Վարդան Հարությունյան

aliqmedia.am

Նախորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը՝ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածը«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)