‘Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կին է’

859

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Խորվաթիան կղեկավարի կին՝ ընդդիմության թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որը նվազագույն առավելությամբ հաղթել է հունվարի 11-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Պետական ընտրական հանձնաժողովի հաղորդման համաձայն՝ ընտրատեղամասերի 99,70 %-ի արդյունքների ամփոփումից հետո Գրաբար-Կիտարովիչը հավաքել է քվեների 50,43 %-ը: Հանձնաժողովի նախագահ Բրանկո Խրվատինի խոսքով՝ այդ տվյալները վերջնական չեն, քանի որ ժամային գոտիների տարբերության պատճառով դեռ չեն ստացվել արտասահմանում տեղակայված ընտրատեղամասերի արդյունքները: Սակայն, ըստ Խրվատինի՝ դրանք չեն կարող ազդեցություն ունենալ քվեարկության վերջնական արդյունքների վրա, որոնք կհայտարարվեն, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի՝ օրվա ընթացքում:

Խորվաթիայի գործող նախագահ Իվո Իոսիպովիչը, որ ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 49,58 %-ը՝ մրցակցից ետ մնալով 1 %-ից պակաս ձայներով, արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին հաղթանակի կապակցությամբ ու նրան մաղթել  «լինել Խորվաթիայի Հանրապետության լավ և հաջողակ նախագահ»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխային բարեհաջող վիրահատել են’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե.«Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է իշխում «Բարսելոնայում», կարող եմ ասել, որ դա ակումբի գերբն է, թիմը, «Կամպ Նոուն» և երկրպագուները»’