‘Խորվաթիա-Սերբիա հանդիպումը ուղեկցվել է սկանդալներով’

928

2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի Խորվաթիա-Սերբիա հանդիպումը (2:0) սկանդալային ընթացք է ունեցել

Հանդիպման ժամանակ խորվաթ երկրպագուները մրցակցի հասցեին սադրիչ եւ վիրավորական վանկարկումներ են արել:

Չնայած խաղից առաջ Խորվաթիայի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստները երկրպագուներին կոչ էին արել հանդուրժողականություն դրսեւորել սերբ ֆուտբոլիստների հանդեպ, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը. երկրպագուները սուլել են Սերբիայի օրհներգի ժամանակ, իսկ Մարիո Մանջուկիչի առաջին գոլից հետո տրիբունաները վանկարկել են. «Սպանեք սերբերին»: Բացի այդ, խորվաթ երկրպագուները դրոշ են պարզել, որտեղ պատկերված է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների հետ համագործակցած, տասնյակ հազարավոր սերբերի ոչնչացրած՝ ուստաշների ազգայնական բանակի ղեկավար Անտե Պավելիչի պատկերը:

Ընդ որում, Զագրեբի ոստիկանությունը խաղից առաջ խոստացել էր կանգնեցնել հանդիպումը, եթե տեղ գտնեն սադրիչ վանկարկումներ կամ պաստառներ, սակայն դրա փոխարեն սահմանափակվել են նրանով, որ տրիբունաներին բարձրախոսով կոչ են արել հանդարտվել: Նշենք նաեւ, որ Սերբիայի հավաքականի երկրպագուներին թույլ չեն տվել ներկա լինել հանդիպմանը:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այս հաղթանակից հետո խորվաթները Բելգիայի հետ միասին 13 միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ սերբերն ունեն ընդամենը 4 միավոր: 

Նախորդ հոդվածը‘Եկեղեցին այսօր հիշատակում է սուրբ Ղազարոսի հարության օրը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը «ձեռքի հետ» երկու հրապարակներն էլ «բրոնյա» է արել’