‘Խուզարկություն Բերձորի արվեստի դպրոցում’

1555

«Այս պահին Բերձորի արվեստի դպրոցում և դպրոցի աշխատակիցների տներում խուզարկություն է»,-այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ահազանգում է դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանն, ով գտնվում է Երևանում:

«Բանն այն է,-պատմում է Գոռը,- որ այս տարվա ապրիլի 21-ին ոստիկանությունից եկել են Բերձորի արվեստի դպրոց, ինձ մոլորության մեջ գցելով, առանց ընթերակաների, առգրավել են դպրոցի փաստաթղթերը: Մի արկղ թուղթ տարան իրենց հետ այդ օրը»: Արվեստի դպրոցի տնօրենի խոսքով՝ հիմա էլ ոստիկանությունը եկել է ու դարձյալ նույն թղթերն է պահանջում: Դպրոցի աշխատակիցների տներն ու դպրոցն են խուզարկում դատարանի սանկցիայով:

Հուլիսի 18-ին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ պետական միջոցների յուրացման ու պաշտոնական լիազորությունները վերազանցելու հատկանիշներով: Փաստացի մեղադրանք չկա այս պահին դեռ, սակայն Գոռ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրեն մեղադրում են 1 մլն 71 հազար դրամ ապօրինաբար հավաքագրելու և Կառավարության կողմից հաստատված արտաբյուջետային հաշվեհամարի վրա մուտքագրելու մեջ: Դրանք էլ ամսական 600-ական դրամներն են, որ հանդիսանում են խմբակների վարձ յուրաքանչյուր աշակերտի համար:

«Եթե այդ գումարները ապօրինի են, ապա ինչո՞ւ է Կառավարության կողմից հաստատվել արտաբյուջետային հինմադրամի հաշվեհամար»,- տարակուսած է Գոռ Մանուկյանը: Նրա կարծիքով՝ այս ամենը պարզապես հետապնդում է իր անձի նկատմամբ: Իսկ հետապնդողը Սուրեն Խաչատրյանն է՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը, ով անգամ մի քանի տարի առաջ բանավոր ասել է Գոռին, թե չի ցանկանում իր հետ աշխատել:

Կապվեցինք նույն Սուրեն Խաչատրյանի հետ, ով նշեց, որ բնակիչներից է եղել ահազանգը, որ ոստիկանությունն աշխատել է բնակչի ասածի հետքերով, սակայն պարոն Խաչատրյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ով է եղել բողոքի հեղինակը:

«Նման բան չի եղել, որ ես ասեմ, թե Գոռի հետ չեմ ուզում աշխատել: Նրա աշխատանքը նորմալ եմ գնահատում»,- շեշտեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘«Նարեկ Սարգսյանի» կոմիտեն ստեղծվել է, բայց դեռ գործառույթները հստակ չեն ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Էլ հաց չկա, միայն տեսարաններ’