‘Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաների քառամյա ծրագրերը’

863

Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաները ներկայացրել են 2016թ. օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների քառամյա ծրագրերը, հայտնում է սպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացրած ծրագրի, նախապատրաստական աշխատանքները բաժանվում են մի քանի փուլերի: Նախ՝ ձևավորվելու է հավաքական թիմի կազմը՝ հիմնվելով հանրապետական և միջազգային առաջնություններում հայ ծանրորդների ցույց տված արդյունքների վրա, երկրորդ՝ կատարվելու է հավաքականի անդամների առողջական վիճակի և ֆունկցիոնալ հնարավորությունների համալիր ուսումնասիրություն և երրորդ՝ հավաքական թիմի կազմը համալրելու նպատակով ի հայտ են բերվելու հեռանկարային և շնորհալի երիտասարդ մարզիկներ:

2012-14թթ կկազմավորվի ծանրամարտի հավաքական թիմը, իսկ 2015 թվականին, հաշվի առնելով մարզիկների մարզական ցուցանիշները, դրանց կայունությունը և իհարկե մարզիկների տեխնիկատակտիկական պատրաստվածությունը, կհաստատվի հավաքականի վերջնական կազմը: Քառամյա  ծրագրի ընթացքում, ըստ տարիների կանցկացվեն մարզումներ և տարեկան մրցումային հանդիպումներ՝ 2013 թվականին ընդհանուր 1450 օր, 2014թ.՝ 1700 օր, 2015թ.՝ 1860 օր և մինչև 2016թ. օգոստոս ամիսը՝ 1200 օր տևողություններով:

Նախապատրաստական աշխատանքների մեջ, հավաքական թիմի բժշկի և մարզչի հսկողության տակ, իրականացվելու են վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն և հատուկ մերսումներ:

Հրաձգության ֆեդերացիայում նույնպես որպես Ռիո-16-ի նախապատրաստական աշխատանքներ առանձնացվել են մարզիկների մասնակցությունը հանրապետական և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանն ուղղված, վերականգնողական և կարգավորող ուսումնամարզական հավաքների անցկացումը:

Կարևորվել է մարզաձևի մասսայականացման բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել հրաձգության աշխարհագրության ընդլայնումով՝  համալրելով գործող հրաձգարանները և մարզադպրոցները նորագույն զենքերով, հատուկ հրաձգային հանդերձանքներով և փամփուշտներով:

Գնդակային և ստենդային հրաձգության միջոցառումների ծրագրով նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում են՝ մարզումներ ընդհանուր 180 օր տևողությամբ, ուսումնամարզական հավաքներ՝ 60 օր տևողությամբ և մրցումներ՝ դարձյալ 60 օր տևողությամբ: 2013-16թթ. ընթացքում համալիր աշխատանքի և հետևողական մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնել առնվազն 2 հրաձիգ մարզիկներով: 

Նախորդ հոդվածը‘Իժևսկցի սանտեխնիկները պատահաբար ջրագիծը միացրել են գազախողովակին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն այս տարի դեսպանատուն կբացի Ինդոնեզիայում ‘