‘Ծառուկյանը աննկատ հեռացավ ԱԺ-ից, իսկ Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից»’

1270

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցության կազմից: 5-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի մեկնարկին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այսուհետ Խաչատուր Քոքոբելյանը անկախ պատգամավոր է:

Նիստին ներկայացել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա որոշ ժամանակ անց աննկատ հեռացավ: Լրագրողները բոլոր մուտքերի մոտ «հերթապահելով» այդպես էլ  չկարողացան զրուցել ԲՀԿ առաջնորդի հետ ու ստանալ մի շարք հարցերի պատասխան: Ընդամենը վայրկյանների ընթացքում պարզվեց, որ նա ԱԺ շենքից դուրս է եկել:

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խմբակցության ցուցակում առաջին եռյակում գտնվող պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավոր, իսկ եռյակից դուրս՝ մյուս պատգամավորները, դուրս գալով խմբակցությունից՝ պետք է վայր դնեն մանդատը:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գտնվում է առաջին եռյակում ու խմբակցությունից դուրս գալուց հետո կարող է մնալ պատգամավոր: Իսկ, ահա, Ալիկ Արզումանյանը, այս պարագայում պետք է վայր դնի մանդատը:

2012 թվականի մայիսին «Ազատ Դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները միասին մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին և խորհրդարան մտան մեկ ցուցակով, սակայն քիչ ժամանակ անց երկու կուսակցությունների ղեկավարների միջև ի հայտ եկան տարաձայնություններ:

Նախորդ հոդվածը‘Քոքոբելյանը լքեց «Ժառանգություն» խմբակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Ատամնաբույժները ԱԺ-ի մոտ են. Զարուհի Փոստանջյանը հարցը բարձրացրեց խորհրդարանի ամբիոնից’