‘Ծառուկյանը պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ գործարարների միջև. Տեսանյութ’

864

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է  հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ: 
Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լին: Երկարատև հանդիպման ընթացքում ծավալվել է ջերմ ու բարեկամական զրույց:  Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է: 

Նա ընդգծել է, որ պատրաստ է Հայաստանում հյուրընկալել չին գործարարներին և դառնալ վստահության երաշխավոր՝ աջակցելով Հայաստանում ներդրումներ կատարելու չին գործարարների յուրաքանչյուր քայլին ու նախաձեռնությանը: 
Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել տնտեսական մեծ համաժողով, որի ընթացքում չին գործարարները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ հայաստանյան բիզնես միջավայրին: Ծառուկյանը նաեւ ընդգծել է, որ անձնական որևէ շահ չի հետապնդում և պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ-գործարարների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար:
Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարևորելով երկու կուսակցությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝ Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշել է, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չին ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, որը մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ տալ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական այցը շարունակվում է: Այսօր օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները:

Լուրը՝ 7or.am-ից 

Նախորդ հոդվածը‘Փոխչեմպիոնները հաղթել են չեմպիոններին. Արգենտինա-Գերմանիա(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ցույց`Կառավարության դիմաց. Նախարարը խոստանում է 1 ամսվա աշխատավարձ տալ նաիրիտցիներին’