‘Ծառուկյանի ելույթը սարսափեցրել է իշխանություններին` նաև մարտի 1-ին սպասվող ակցիաների խորապատկերին’

2907

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը Facebook սոցիալական ցանցում անդրադառնում է ԲՀԿ 7-րդ համագումարին եւ նշում, որ այն անցավ առանց աղմուկի, առանց սովոր հանդիսանքայնության:

«Շատերը զարմացան, իսկ ահա իշխանական ճամբարից էլ չարախնդացին: Բայց պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե հանդիսավորություն ու ծափեր էր ուզում, այլ՝ գործնական խոսակցություն……: Ըստ էության, ԲՀԿ համագումարի «մեխը» Գագիկ Ծառուկյանի ելույթն էր, որն …..իշխանություններին պարզված մարտահրավեր էր….»,- գրում է թատերագետը: Նա հավելում է, որ Ծառուկյանի քանի գնահատականներն էլ բավական էին, որպեսզի իշխանության ճամբարում արդեն խուճապի ուրվականը սկսի դեգերել: «Ավելի ճիշտ, կարենավագյանական և արմենաշոտյանական կոմերիտական խանդավառությամբ պոռթկա՝ վերածվելով ջղաձգումների… Այո, ջղաձգումների, որովհետև Ծառուկյանի ելույթից հետո ՀՀԿ ջահելների կողմից հնչեցրած «քննադատությունը» հենց այդ ջղաձգումների արգասիքն է: Մինչև այժմ իրեն անհաղթ կարծող, իսկ Ծառուկյանին ու նրա կուսակցությանը լուրջ չընդունող իշխանական կուսակցությունը հանկարծ հասկացավ, որ Ծառուկյանն իսկապես վճռական է տրամադրված և այլևս չի պատրաստվում տեսնել երկրի իրական դարձող փլուզումը: Ծառուկյանը նաև խոսեց վարչապետի «գունավոր ծրագրերի» մասին, որոնցով անգամ փոքրիկներին է անհնար համոզել ու խաբել»,- գրում է թատերագետը: Նա նաեւ հավելում է, որ Ծառուկյանի ելույթին զուգահեռ Սերժ Սարգսյանը մեկ այլ դահլիճում սրտաճմլիկ տոնայնությամբ ու գավառական հաթաթաներով փորձեց հերթական անգամ մոլորեցնել հանրությանը՝ ապացուցելով, որ ինքը ոչ թե Հայաստանի, այլ այդ դահլիճում հավաքված մոտ հարյուր մարդու նախագահն է: «Ջղաձգվում են նրանք, ովքեր հասկանում են, որ հողն իրենց ոտքի տակից գնում է, ովքեր տեսնում են, որ երկիրն այլևս սպառել է համբերության ներուժն ու գնում է դեպի ցայտուն արտահայտվող հեղափոխականության: Որոշ իշխանամերձ շրջանակներ ու նրանց սպասարկող քաղաքագետներ շարունակում են այն տեսակետները շրջանառել, թե Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա, իսկ ոմանք էլ վախեցնում են ղարաբաղյան հակամարտության սրմամբ: Բայց հեղափոխական իրավիճակն իսկապես առկա է: Երբ իրեն այլընտրանք համարող քաղաքական ուժն է վճռականորեն գնում դեպի իշխանափոխության գաղափարի իրականացումը, երբ խորհրդարանական չորս կուսակցություն անընդհատ խոսում են իշխանությունների հրաժարականի պահանջի մասին, երբ տարբեր շարժումներ ամեն օր նոր բացահայտումներ են իշխանությունների գործունեության մեջ, մի՞թե այս ամենը հեղափոխական իրավիճակ չէ:…. Գագիկ Ծառուկյանի ելույթը սարսափեցրել է իշխանություններին նաև մարտի 1-ին սպասվող ակցիաների խորապատկերին: Որքան էլ իշխանությունները փորձեն արդեն իսկ խոչընդոտներ դնել մարտիմեկյան նախաձեռնությունների առջև, այնուհանդերձ, նրանք լավ են հասկանում, որ այդ օրը կարող է նաև ճակատագրական լինել… Ուստի հանրապետականների համար իսկապես «մեծ վախի» շրջան է սկսվել»,- գրում է Մութաֆյանը:

Նախորդ հոդվածը‘Մենք շախմատ ենք խաղում, դուք «չապաև». Բագրատյանը հակադարձում է Ս.Սարգսյանի թվերին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’