‘Ծառուկյանն արարատցիներին հորդորեց չվախենալ (Տեսանյութ, լրացված) ‘

1577

Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը քաղաքում տեղի ունեցան երկու զուգահեռ հանրահավաքներ: Հանրահավաքային իր ելույթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքացիներին վախեցնելու և կաշառելու փորձերն իզուր են և հորդորեց արարատցիներին չվախենալ ոչ մի ճնշումից և ազատ կերպով իրենց ընտրությունը կատարել: Ծառուկյանը նաև նշեց, որ ավելի քան 10 տարի ղեկավարելով Արարատի ցեմենտի գործարանը՝ իր շփումներից ծանոթացել է արարատցիների խնդիրներին հատ առ հատ և պատրաստ է լուծել այդ խնդիրները: Գագիկ Ծառուկյանը արարատցիներին նաև վստահեցրեց, որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Սամվել Բարսեղյանը կուսակցության հետ միասին բոլոր խոստումները ունակ է կատարելու և այս պայքարը պաշտոնի համար չէ, և որ իրականում պաշտոնը խնդիրները լուծելու միջոց է:

Արարատի քաղաքապետի ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանը նույնպես վստահեցրեց քաղաքացիներին, որ ընտրություններում ներկայացնում է ոչ միայն իր անձը, այլև՝ ողջ կուսակցությունը և հավելեց, որ քարոզարշավի շրջանում Արարատի բնակիչները իրեն հայտնել են, որ տեսնելով Աբովյան քաղաքի զարգացումը՝ «ուզում են ապրել աբովյանցիների նման»:

Հանրահավաքում ելույթ ունեցող արարատցիները անդրադառնալով քաղաքի խնդիրներին՝ հայտարարեցին, որ վերջին տարիներին դրանք շատ են կուտակվել, եւ որ այդ խնդիրները պահանջում են լուծումներ: Նրանք մասնավորապես նշեցին բնակարանաշինության և աշխատատեղերի հարցը: Նրանք նաև նշեցին, որ քաղաքում մեծ է գործազրկության և աղքատության մակարդակը և այդ հարցերը նույնպես լուծման կարիք ունեն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի թղթակիցի հետ զրույցում անդրադառնալով ընտրություններում իրենց մասնակցության հարցին՝ հայտարարեց, որ ի տարբերություն իշխող քաղաքական ուժի, որն իր բոլոր ծրագրերը տապալել է և երկիրը հասցրել է աղետալի վիճակի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք չի տվել այնպիսի խոստումներ, որոնք իվիճակի չէ կատարել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, թե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու:

 

Նախորդ հոդվածը‘Մարգվելաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո մեզ մեկ տարվա տքնաջան աշխատանք է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Գծատերերի ցույցը նույնն է, որ նախարարները պահանջեն ատկատը դարձնել 30 տոկոս. Մամուլ’