‘Ծխախոտների գները բարձրացել են 5-7 տոկոսով. Մամուլ’

6548

Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում փոխվել են ծխախոտների գնապիտակները. 5-7 տոկոսով թանկացել է «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացել են «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Թերթը նկատում է, որ սիգարետների թանկացումը բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Աղբյուրի տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ևս չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ առավելևս ներկրումը՝ էներգատար չէ և գազի ու էլէներգիայի թանկացումը այդչափ ազդեցություն չեն կարող թողնել։

Նախորդ հոդվածը‘Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» է ներկրում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նախանձելի հանդուրժողականությունն է թագավորում «վճռական հեղափոխականների» ճամբարում’