‘Ծովինար Նազարյանը՝ ԵՊՀ դասագրքի մասին. Սա ուսանողի, ընդհանրապես՝ մարդու զոմբիացման ամենաուղիղ ճանապարհն է’

1502

Սա ուսանողի, ընդհանրապես՝ մարդու զոմբիացման ամենաուղիղ ճանապարհն է: iLur.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության դասագրքի մասին նման կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

«Ուսանողները պետք է կառուցեն երկրի պատմությունը՝ հենվելով այն գիտելիքների վրա, որը իրենց տվել է պետական բուհը: Նրանք պետք է համակարգից իրենց դուրս դնեն, որ կարողանան այլընտրանքային տեղեկություն, իրականությունը իմանալ, ոչ թե դասագրքով մատուցած տեղեկության վրա կառուցեն իրականություն»,- ասաց Նազարյանը:

Նրա խոսքով՝ մենք ավելի բախտավոր ենք, քանի որ կան բազմազան աղբյուրներ, և այդ տեղեկությունները ճշտել դժվար չի լինի, ու գոնե հետագա սերունդներին նաև այլ տեղեկություններ են մնում, և հնարավոր է իրականությունը պարզել, բայց սա, ըստ Ծովինար Նազարյանի, այնուամենայնիվ, այլասերում է ներկա սերունդը:

«Այս դասագրքով իրենք իրենց ընթերցողին էլ են ներքաշում կեղծիքի մեջ, բավական չէ, որ իրենք կեղծիք են տարածում, բավական չէ, որ իրենք այդ կեղծիքի վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, իրենք դեռ ներքաշում են մարդուն այդ կեղծիքի մեջ: Սա ամենավտանգավոր և զզվելի բանն է, որ կարող է տեղի ունենալ հասարակության մեջ»,- նշեց նա:

Հաջորդ վտանգը, Ծովինար Նազարյանի խոսքով, այն է, որ գիտելիք, գիտություն հասկացությունները հայտվում են հարվածի տակ:

«Համալսարանը փոխանակ հավատարիմ մնա գիտականությանը և ներկայացնի պատմությունը՝ որպես կատարված փաստերի համադրում, ներկայացնում է ամբողջությամբ կեղծիք, բավական չի՝ փաստերի աղավաղում է կատարում, մեկնաբանություններն էլ են ամբողջությամբ կեղծիք և շատ ավելի «կաթոլիկ», քան իշխանությունների քարոզչությունը կարող է լինել: Այս դասագրքի փաստը մեզ ցույց է տալիս, որ մեր բուհերում մշակվում է ոչ թե գիտական միտք, այլ կռտվում է գիտական միտքը: Սա ոչ թե կրթում է, այլ կռտում է ուսանողներին: Մեր բուհերում ուսանողներին զրկում են մտածելու իրավունքից: Գուցե տալիս են որոշակի գիտելիքներ, բայց մտածել չեն սովորեցնում: Իսկ այս դասագրքի փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ գիտելիք չեն տալիս, կեղծիք են մատուցում»,- եզրափակեց Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Խեղաթյուրված դատավճիռներին հետևում է խեղաթյուրված պատմություն’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսը հաստատել է, որ Լեմպարդն ու Քոուլը կարող են հեռանալ «Չելսիից»’