‘Կադիրովն արևելյան Ուկրաինայի «ղեկավարությանն» է փոխանցում 7,5 մլն դոլար’

951

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ահմադ-Հաջի Կադիրովի անվան տարածքային հասարակական հիմնադրամին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Գումարը կազմում է 7,5 մլն դոլար: «Հիմնադրամն իմ խնդրանքով որոշում է կայացրել օգնություն հատկացնել Ուկրաինայի արևելյան շրջաններին»,- իր Instagram-ու գրառել է Կադիրովը: Ըստ նրա՝ 7,5 միլիոն դոլարը «նախատեսված է բժշկական գործիքներ, դեղորայք, հիվանդանոցների համար շարժական գեներատորներ» ձեռք բերելու համար:

Ի դեպ, Կադիրովը հանձնարարել է կապվել Ուկրաինայի արևելյան շրջանների ղեկավարների հետ և քննարկել գումարը փոխանցելու ամենարդյունավետ միջոցները: Կադիրովը, սակայն, չի մանրամասնել, թե ում է համարում արևելյան շրջանների «ղեկավարություն»: Նա պարզաբանում է, որ «չեչեն ժողովուրդը բոլորից լավ գիտի, թե ռազմական գործողությունների գոտում որքան անհրաժեշտ է բժշկական օգնությունը», քանի որ նա «կրել է այն ծանր ողբերգությունը, որը կապված է Արևմուտքի կողմից պատրաստված ահաբեկչական խմբավորումների ագրեսիայի հետ»:

Մինչ այդ, սակայն, բազմիցս նշվել է, որ անջատականների մեջ կան չեչեններ: Մայիսի 28-ին Կադիրովը հերքեց ուկրաինական լրատվամիջոցների տարածած լուրը, թե Դոնեցկի մարզում ռազմական գործողություններին մասնակցում են չեչենական ստորաբաժանումներ, մինչդեռ հունիսի 1-ին «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին հայտարարեց, թե գումարտակի կազմի մեջ մտնող չեչենները մեկնել են՝ իրենց հետ տանելով վիրավորներին:

Ի դեպ, մի քանի օր առաջ Կադիրովը հայտնվեց Եվրամիության պատժացուցակում: ԵՄ-ն նրան պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններում: Այսուհետև Չեչնիայի նախագահի մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, իսկ նրա եվրոպական ակտիվներն էլ սառեցվել են:

Հավելենք, որ Կադիրովը արևելյան շրջանների բնակչությանն օգնելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինային մոտավորապես 7 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի՝ ռազմական գործողությունների հետևանքով ավերված երկրի արևելյան շրջանների վերականգնման համար: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինադադարից և «մահվան ծարավի է»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը ծեծկռտուքի առիթով հայտագիր է ներկայացրել Թբիլիսիին’