‘Կադիրով. Ժողովրդի թշնամիները հոգեբույժի կարիք ունեն’

1314

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ խոսելով «ժողովրդի թշնամիների» մասին՝ նկատի չի ունեցել օրինական ընդդիմությանը, որը սոցիալական, տնտեսական և այլ հարցեր է բարձրացնում:

«Նրանք սպառնում են Ռուսաստանին, գնում են ԱՄՆ, եվրոպական երկրների մայրաքաղաքներ, հուշում են, թե ինչ պատժամիջոցներ կարելի է կիրառել՝ Ռուսաստանի տնտեսությունը, անվտանգությունն ու կայունությունը քայքայելու համար: Նաև սպառնում են 30 վայրկյանում վերադարձնել Ղրիմը: Հայտնի չէ՝ ուր վերադարձնել: Հենց նրանց և նրանց  մանկլավիկներին եմ նկատի ունեցել, երբ խոսել եմ ոչ համակարգային ընդդիմությանը պատասխանատվության ենթարկելու մասին»,- իր «Ինստագրամում» գրել է Չեչնիայի առաջնորդը:

Ավելի վաղ Կադիրովի խոսքերն այն մասին, թե ոչ համակարգային ընդդիմությանը պետք է համարել ժողովրդի թշնամի և «դատել ամենայն խստությամբ՝ քայքայիչ գործունեության համար», խիստ քննադատության են արժանացել շատ քաղաքական գործիչների և իրավապաշտպանների կողմից: Երկուշաբթի Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը պահանջել է ստուգել, թե արդյո՞ք հանրապետության ղեկավարի խոսքը էքստրեմիզմի արտահայտություն չէ:

Չեչնիայի ղեկավարը նաև ենթադրություն է արել, թե «Արևմուտքից ողորմություն ստացող մարդիկ» հոգեկան հիվանդներ են, և պատրաստակամություն է հայտնել «Ռուսաստանին վնաս հասցնողներին հարմարավետ հիվանդասենյակներ և փորձառու բժիշկներ» տրամադրել: «Իսկ մասնագետները պնդում են, որ նույնիսկ այդ մարդկանց լուսանկարներից երևում է, որ նրանք իսկապես շտապ բուժման կարիք են զգում»,- գրել է Կադիրովը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էջմիածին-Արմավիր ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ շրջվել են, կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կառավարությունն առաջարկում է արգելել օրենքով’