‘Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ».’

1448

Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 3 մահ է գրանցվել, գրում է «Հրապարակը»՝ նշելով, որ 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Թերթի տեղեկությունը հերքել է ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:

Թերթի աղբյուրը, սակայն, լրացրել է մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան և Համլետ Հովհաննիսյան:

«Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկային մահը՝ առավել ևս: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԵԽԽՎ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը բացասական զեկույց հրապարակեց Հայաստանի վերաբերյալ: ԵԽԽՎ պատվիրակները 2013-2014 թվականներին այցելել էին ՀՀ կալանավայրեր և ցնցող տվյալներ էին բերում: Օրինակ, որ կան 10 տարուց ավելի անազատության մեջ գտնվող անձինք, որոնց զբոսանքի չեն հանել: Նրանք նաև անբավարար բուժզննության փաստեր էին արձանագրել և եզրակացրել, որ Հայաստանի կալանավայրերում անմարդկային պայմաններ են: Նկատենք, որ ՔԿՎ պետերի փոփոխությունը ոչ մի տեսանելի արդյունք չի տալիս»,- գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովից արյան և մազի փորձանմուշներ են վերցվել. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ–ից` ավելացել. «ՉԻ»’