‘Կալանավորվել է Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը ‘

1271

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4500 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  Արտյոմ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:  Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արտյոմ Ս.-ն  Արտյոմ Սեդրակյանն է, որն այսօր մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ այս պաշտոնում է հայտնվել տխրահռչակ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Ես երազում էի դաշտի կենտրոնում տեսնել Մակելելե-Ջերարդ-Լեմպարդ եռյակը»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը հետաձգվել է (Տեսանյութ) ‘